Մարդու իրավունքների պաշտպանն ավարտել է պատերազմի ընթացքում մեր գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձեւակերպումների հերթական փուլը: Ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը մեծ ծավալի են, առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով:
Կատարված են ծանրագույն պատերազմական հանցագործություններ, որոնց վերաբերյալ ապացույցների ամրագրումը, ադրբեջանական իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ամրապնդումը խիստ հրատապ են: Պետք է ցույց տալ, թե, օրինակ, այդքան ծավալի դեպքերից քանի ադրբեջանցի զինվորականի ինքնություն է պարզվել (մանավանդ նրանցից շատերը տեսանյութերում ու լուսանկարներում բաց դեմքով են), կամ ինչ է արվել նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի ադրբեջանցի զինվորականի նկատմամբ է հետախուզում հայտարարվել, ադրբեջանական իշխանության մարմիններից կոնկրետ ով ինչ հանցանք է կատարել, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկված:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս կարեւոր ուղերձները պետք է հղի ինչպես մեր հանրությանը, որի համար այս հարցերը կարեւոր առաջնահերթություն են, այնպես էլ միջազգային հանրությանն ու հենց Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար: Անհրաժեշտ է ցույց տալ, որ այդ նպատակի համար մեր երկրում ձեռնարկվում են բոլոր ջանքերը: Անպատժելիությունը առաջ է բերելու նոր վայրագություններ ու խոշտանգումներ:
Մենք չպետք է դա թույլ տանք. թանկ են ամեն օրն ու ժամը: Նշված հարցերում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իր մարմիններով ունի սկզբունքային դերակատարություն: Անհրաժեշտ է համակարգված ու նպատակային աշխատանք գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Այս հարցերը պետք է լինեն բոլորիս բացառիկ գերակայությունների թվում, յուրաքանչյուրի մասնագիտական ներուժը պետք է առաջնահերթ ծառայեցվի հենց այդ նպատակներին:
Փոխարենը ՀՀ կառավարությունում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված այլ թեմայով քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերին: Անընդունելի ենք համարում հատկապես մի շարք դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությունն այդ քննարկմանը: Նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը: Դատարանները կոչված են երաշխավորելու մարդու անձնական ազատության, արդար դատաքննության ու մյուս իրավունքների պաշտպանության անխափան ապահովումը: Այս խնդիրը նրանք կարող են արդյունավետ լուծել միայն արտաքին ու ներքին անկախության երաշխիքների լիարժեք գործողության ու այդ անկախության երեւալը (appearance) լիարժեք ապահովելու պայմաններում:
Հ.Գ. ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ամրագրման, մեր գերիների իրավունքների պաշտպանության հարցերում այս օրերին համատեղ սերտ աշխատում ենք իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի ու Արտակ Զեյնալյանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, ինչպես նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Այս հարցերով համագործակցում ենք նաեւ ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ու ՀՀ դատախազության հետ։
ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ կրկին ՀՀ պաշտպանության նախարարության մոտ էին։ Նրանք հանդիպել են ՊՆ ներկայացուցչի հետ, որը վստահեցրել է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել, որպեսզի անհետ կորածներին հայտնաբերեն։ Թե ում հետ են հանդիպել, անհետ կորած զինծառայողների հարազատները չգիտեին, միայն նշել են, որ ՊՆ ներկայացուցիչը գեներալ է եղել։ «Մենք սպասելու ենք իրենց պատասխանին։ Մեզ ասացին՝ դուք թողնեք՝ մենք աշխատենք, ավելի շուտ կհասնենք նպատակին»,- ասել է հանդիպումից դուրս եկած ծնողներից մեկը։ Դիտարկմանը, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են, որ իրենց անհանգստացնում եք, անհետ կորած զինվորի հարազատն ասաց, թե խոսքը ակցիաներ անելու մասին է։
Անհետ կորած զինծառայողների հարազատներին հստակ օր չի ասվել, թե երբ աշխատանքները ավարտին կմոտենան։ Միայն նշել են, որ առաջիկա օրերին կփորձեն հարցերին պատասխան տալ։ Հարազատները հանդիպումից դրական տրամադրվածությամբ էին դուրս եկել, սպասում են նորությունների՝ դադարեցնելով բողոքի ակցիաները։
ՀԵՐՔԵԼ Է
Տեղեկացված աղբյուրը հերքել է անօդաչուի օդային հարվածի մասին տեղեկությունները, որի ժամանակ, իբր, զոհվել է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարներից Մուսլիմ Շահդանը. հայտնում է Tasnim գործակալությունը։ Նախօրեին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Շահդանն իրեն պաշտպանող երեք զինծառայողների հետ զոհվել է անօդաչուի հարվածով։ «Տեղեկացված աղբյուրը հերքել է Սիրիայի եւ Իրաքի սահմանին դիրքերի, ավտոմեքենաների եւ իրանցի խորհրդականների վրա օդային հարվածի մասին լուրերը, սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտարարել էին, որ իրանցի հրամանատարը զոհվել է այդ օդային հարվածի ժամանակ»,- գործակալության հայտարարությունն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ նման հայտարարություններն արվել են իրանցի գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության ֆոնին, որ ազդեն հանրային կարծիքի վրա։ Ֆահրիզադեն զոհվել էր նոյեմբերի 27-ին մահափորձի հետեւանքով։ Նրա ավտոմեքենայի առջեւ տեղի էր ունեցել պայթյուն, այնուհետեւ փոխհրաձգություն էր սկսվել գիտնականի թիկնապահների եւ հարձակվողների միջեւ։
ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐ
Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքում երեկ առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով տեղում մահացել են պապը, տատը եւ թոռնուհին, իսկ մայրը որդու հետ կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից։ Այս մասին պատմել է Հացաշենի համայնքապետ Վաչագան Դավթյանը։ Ուղեւորները Մեծամոր քաղաքից էին գալիս, գնում էին Շիրակի մարզի գյուղերից մեկը. նախնական վարկածով՝ ավտովթարը տեղի է ունեցել ավտոճանապարհի մերկասառույցի պատճառով։ Թալինի բժշկական կենտրոնից հայտնել են, որ մայրն ու որդին արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ
ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ու մյուսները դադարեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հացադուլը Կառավարության շենքի մոտ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հորդորով։ «Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը Կառավարության շենքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր պայքար» -նշել է Գեղամ Մանուկյանը։
ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեկ կրակոցներ են հնչել Երեւանում. ժամը 00:05-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արսեն Ավոյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցները հնչել են Այգեձոր փողոցի 74 շենքի հարեւանությամբ գտնվող քարե փակ զրուցարանի մոտ: Զրուցարանի պատուհանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ, եւ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7.62 մմ տրամաչափի 4 կրակված պարկուճներ եւ 2 գնդակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաեւ՝ արդյոք վիճաբանության եւ կրակոցների արդյունքում տուժած կա: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում, ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզելու համար ստեղծվել են օպերատիվ քննչական խմբեր: