Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ս.թ. սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առեւտրային ցանցերին պատկանող առեւտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաեւ հավի ձվի իրացման գների բարձրացում: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ Այս ապրանքների գների բարձրացման պատճառների բացահայտման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է հետեւյալը.
ալյուր- խոշոր առեւտրային ցանցերը պահպանել են մինչեւ ռազմական դրության հայտարարումն այդ ապրանքատեսակի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը, եւ ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Ալյուրի արտադրությամբ զբաղվող 2 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ էականորեն բարձրացել են այդ ընկերությունների կողմից ցորենի ձեռքբերման գները (արտադրվող ալյուրի ինքնարժեքում ցորենի տեսակարար կշիռը կազմում է շուրջ 80%):
2020 թվականի օգոստոս ամսվա սկզբին տնտեսվարողները Ռուսաստանից ցորեն են ձեռք բերել՝ 1 կգ-ի դիմաց վճարելով 84 դրամ, իսկ նոյեմբեր ամսին՝ շուրջ 104 դրամ (շուրջ 24 %-ով ավել)։
Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տեղեկատվության վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ բացի Ռուսաստանի Դաշնությունից տնտեսվարողները ռուսական ծագման ցորեն ներմուծել են նաեւ երրորդ երկրից՝ Վրաստանից։ Վրաստանից ձեռքբերված ցորենի դիմաց վճարումներն իրականացվում են ԱՄՆ դոլարով, հետեւաբար դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի արժեզրկումը նույնպես ազդել է ներմուծման գների բարձրացման վրա։ Հանձնաժողովն արձանագրել է նաեւ, որ Ռուսաստանից ներմուծվող ցորենը նույնպես շատ դեպքերում ձեռք է բերվել ԱՄՆ դոլարով։
Հավի ձու- խոշոր առեւտրային ցանցերում հավի ձվի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ։ Հավի ձվի արտադրությամբ զբաղվող 4 խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ վերջիններս բարձրացրել են իրացման գները, քանի որ բարձրացել է արտադրվող ձվի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել կերի ձեռքբերման գների բարձրացմամբ։ Ներկայումս մշակման, վերլուծության եւ գնահատման փուլում է գտնվում ձվի ինքնարժեքի ձեւավորման մեջ էական տեսակարար կշիռ ունեցող որոշակի կերային բաղադրիչների ներմուծումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը:
Բացի այդ, հարկ է նշել, որ հանձնաժողովը 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ 38-Ա որոշմամբ՝ հարուցել է վարչական վարույթ, որի շրջանակում ուսումնասիրվել է հավի ձու արտադրող թվով 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից հավի ձվի գնի նվազեցման տնտեսական հիմնավորվածությունը։ Վերոնշյալ վարչական վարույթի ընթացքը ներկայումս կասեցված է, եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ավարտից եւ համապատասխան որոշում ընդունելուց հետո հանձնաժողովը կհրապարակի վարույթի արդյունքները։
ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ
Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը: Այս մասին հայտնեցին Հայաստանի բանկերի միությունից: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից սահմանվել են երաշխավորված ավանդների հետեւյալ չափերը՝
միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն: Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7 միլիոն դրամ՝ նախկին 5 միլիոն դրամի փոխարեն: Եթե ունեք միաժամանակ եւ՛ դրամային, եւ՛ արտարժութային ավանդներ, եւ դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչեւ 16 միլիոն ՀՀ դրամի չափով: Եթե ունեք միաժամանակ դրամային եւ արտարժութային բանկային ավանդներ, եւ Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ եւ արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի եւ հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: Սույն սահմանաչափերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից եւ տարածվում նաեւ ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա: Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը եւ ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:
ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԶԱՆԳԵԼԱՆՈՒՄ
Էջմիածնի զորամասի դիմաց անհետ կորած զինծառայողների ծնողներն եւ հարազատները բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով իշխանությունից որոնողական աշխատանքներ իրականացնել Զանգելանի հատվածում: Ծնողներն անհասկանալի են համարում, թե ինչու մինչ այժմ այդ հատվածում որոնողական աշխատանքներ չեն իրականացվել, եւ ինչու է այսքան ձգձգվում գործընթացը: Էջմիածնի զորամասի շտաբի պետ Կամո Մալխասյանը մոտեցել ու վստահեցրել է բողոքի ակցիա իրականացողներին, որ այսօր կամ վաղը աշխատանքները իրականացվելու են: «Այս պահին, ինչ-որ մեզանից հասնում է, ամեն ինչ արել ենք: Բոլոր տեղեկությունները ներկայացրել ենք հանձնաժողովի նախագահին: Այս պահին նախարարից տեղեկություն կա, որ այսօր կամ վաղը աշխատանքներ իրականացվելու է Զանգելանի հատվածում: Աշխատելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Պաշտպանության նախարարության հետ»,- ասել է նա։
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Թուրքիան եւ Ռուսաստանը ԼՂ-ում հրադադարի պահպանման մոնիթորինգի համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել. հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը: «Ավարտին են հասցվել տեխնիկական մանրամասների մասին բանակցությունները, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի սկզբունքներին եւ դրույթներին, եւ համաձայնագիր է ստորագրվել: Տարվում են անհրաժեշտ աշխատանքները կենտրոնի շուտափույթ գործառության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ընդ որում, թուրքական կողմը ստորագրված համաձայնության այլ մանրամասներ չի հայտնում:
ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՌԱՔՎՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ
Իջեւան քաղաքի նախկին հանրախանութի շենքի երկրորդ հարկում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, գործում է «Իջգրանդ տեքստիլ ՕՊՏ» ընկերության կարի ֆաբրիկան, որտեղ աշխատում է 180 աշխատող։ Կարի ֆաբրիկայի տնօրեն Մհեր Միրզոյանի խոսքով՝ աշխատողների աշխատավարձը գործարքային է՝ ըստ նրանց կատարած աշխատանքի արդյունքի։ Ձեռնարկության տերը ռուս է՝ ՌԴ քաղաքացի։ Ֆաբրիկայում արտադրում են որսորդական հագուստ եւ հատուկ հագուստներ՝ «սպեցովկա», արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Ձեռնարկության տնօրենը հայտնեց, որ ձեռնարկությունն ընդլայնվում է. Վանաձորի Բազում թաղամասի Միքայելյանի նախկին կարի ֆաբրիկայի շենքում արդեն գործում է իրենց ձեռնարկության արտադրամաս, որտեղ աշխատում է 70 հոգի։ Առաջիկայում ծրագրվում է Վանաձորի այդ արտադրամասի աշխատողների թիվը հասցնել 400-ի։ Մ. Միրզոյանը հայտնեց, որ սեպտեմբերին Արցախում սկսված պատերազմի օրերին իրենք 400 հատ զինվորական կոստյում են նվիրաբերել առաջնագիծ մեկնողների համար, նաեւ 18 տոննա շորի կտոր՝ սինդիպոն են նվիրել պաշտպանության կարիքներին։ Սինդիպոնը կարի ֆաբրիկայում օգտագործվում է արտադրվող բաճկոնների մեջ՝ որպես փափուկ մաս։
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԻ ՆՎԵՐՆ Է
Նոյեմբերի 10-ին Իջեւան քաղաքի հարավային մուտքի մոտ՝ «Իջեւանատուն» ռեստորանի մոտ, անհայտ անձը կամ անձինք միջպետական ավտոոճանապարհի եզրին տեղադրված քայլող մարդու արձանի գլուխը պոկել են։ Այդ արձանը խորհրդանշում է թավշյա հեղափոխությունը, արտաքինից նման է ուսապարկով քայլող Նիկոլ Փաշինյանին։ Ոստիկանությունից նոյեմբերի 19-ին հայտնել են, որ ոստիկանության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արձանը վնասողների ինքնությունը, նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Իջեւանի բաժին, ուր տվել են համապատասխան բացատություններ։ Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, որից հետո կպարզվի՝ քրեական գործ հարուցել, թե ոչ։ Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ արձանը եւ դրա պոկված գլուխը գտնվում են քաղաքապետարանի պահպանության տակ, արձանը կնորոգվի, սակայն այն վերստին տեղադրելու մասին խոսք չկա։ Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին նաեւ, որ արձանը իջեւանցի քանդակագործ Արմեն Դավթյանի միջոցներով է կերտվել եւ տեղադրվել միջպետական ճանապարհի եզրին՝ պետական տարածքում։ Դա արվել է Իջեւանի նախկին քաղաքապետ Վարդան Ղալումյանի պաշտոնավարման ժամանակ։ 2019թ. սեպտեմբերի 12-ից որպես քաղաքապետի պաշտոնակատար աշխատող Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ