ԱՆՁՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է մի նախագիծ, որով  «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին կերկարաձգվի` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:

 

Բանն այն է, որ դեռեւս  2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված՝ հայտարարվել է նոր մրցույթ` Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար:

Մինչ մրցույթի ավարտը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ անձը հաստատող փաստաթուղթ ունենալու եւ նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 2019 թվականի ապրիլի 23-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվել մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը:

Ներկայումս մրցութային գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է եւ, նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված, կարող է ձգձգվել` կապված համապատասխան կազմակերպությունների կողմից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու անհնարինության հետ: Բացի այդ, մրցույթը կայանալու, հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելու, կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի բլանկները թողարկելու, մատակարարելու եւ համակարգը վերջնական գործարկելու ու լիարժեք սպասարկում իրականացնելու համար եւս կպահանջվի տեւական ժամանակ, ուստի անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը, որպեսզի մինչեւ նոր համակարգի ամբողջությամբ ներդրումը եւ փաստաթղթերի բլանկների ձեռքբերումը հնարավոր լինի ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը:

 

 

ՈՐՈՇՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների նաեւ 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: «Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելով։ Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով։ Ուղեցույցով սահմանված սահմանափակումները,գրատախտակի մոտ կանչելու արգելքը եւս չեն գործի՝ բացառությամբ 20 եւ ավելի սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու եւ, ըստ այդմ, ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի»,-նշել է նա:

 

 

 

843 ՆՈՐ ԴԵՊՔ

Դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ը` առողջացած, 2193-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512617 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 2490 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք: Ունենք 1923 առողջացած եւ 29 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 17 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 559 է:

 

 

ՊԱՀՊԱՆԵԼ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը գրությամբ դիմել է Երեւանի քաղաքապետին եւ ՀՀ բոլոր մարզերի ղեկավարներին՝ խնդրելով վերջիններիս հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Նպատակը վարակիչ եւ ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաեւ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում եւ մարզերում հանրակրթական հաստատություններում սովորողների շրջանում ձմռանը, մրսածության գործոնով պայմանավորված, հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխարգելումն է։ ԱԱՏՄ ղեկավարի գրությամբ կարեւորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումն ու իրականացումը՝ ապահովելու ՀՀ առողջապահության նախարարի 2017 թ? մարտի 28-ին N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնների եւ նորմերի պահանջներով սահմանված ջերմային ռեժիմը, այն է՝

դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան C,

ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում եւ ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան C, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան C:

Նշված սանիտարական կանոնների եւ նորմերի 46-րդ կետի համաձայն՝ հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իր կանոնադրական գործառույթների շրջանակում վերահսկում է ջեռուցման նորմերի պահպանումը ուսումնական հաստատություններում։

Վերջիններս ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ստուգայցերի դիտակետում են՝ նկատի առնելով, որ դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա կրթությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների նաեւ 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:

Տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում դիտարկում է նաեւ Covid-անվտանգության նորմերի պահպանումը։ Վերջիններիս եւ ջեռուցման նորմերի խախտումների վերաբերյալ բողոքներով ու հարցերով կարելի է դիմել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծին 8107 հեռախոսահամարով։

 




Լրահոս