Պաշտոնական Բաքուն արտգործնախարարություն է հրավիրել Ֆրանսիայի դեսպանին՝ բողոքի նոտա հղելու երեկ այդ երկրի խորհրդարանում ընդունված բանաձևի առնչությամբ, որը կոչ է անում կառավարությանը հրատապ կարգով ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
Պնդելով, որ այդ փաստաթուղթը, ինչպես նաև խորհրդարանի վերին պալատում ավելի վաղ ընդունված նույնաբովանդակ բանաձևը «անհիմն են և կողմնակալ ու սադրիչ», Ադրբեջանի արտգործնախարարությունն ընդգծել է՝ այդ քայլը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի միջնորդական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբում։
Բանաձևի ընդունումից հետո պաշտոնական Փարիզը վերստին հայտարարել է, թե Ղարաբաղի անկախությունը չի ճանաչելու և հավատարիմ է խնդրի վերջնական կարգավորումը բանակցությունների միջոցով գտնելու հանձնառությանը։
«Անհրաժեշտ է հստակեցնել՝ Ֆրանսիայի կառավարությունը ճանաչում է իր խորհրդարանի՝ անկախ որոշումներ ընդունելու իրավունքը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի անկախությունը», – Թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։