
Ռուսաստանի խաղաղապահներն ու մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում իրենց գործողությունները համակարգում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հավաստիացրեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այնտեղ [Լեռնային Ղարաբաղում] չկա գլխավոր, կա երկու կողմ, երկու հակամարտող կողմ` Հայաստանը եւ Ադրբեջան»,- ուրբաթ լրագրողներին ասաց Կրեմլի խոսնակը` պատասխանելով հարցին, թե ում հետ են ռուսաստանցի զինվորականները համակարգում իրենց գործողությունները:
Պեսկովը շեշտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը «ռուսական կողմի հետ համատեղ հայտարարություն են [կարգավորման վերաբերյալ] ստորագրել»: «Եվ սույն հայտարարության դրույթների իրականացման համար ռուս զինվորականները, ինչպես նաեւ ռուսական մարդասիրական առաքելությունը, որը ոչ միայն զինվորականներից է բաղկացած, համակարգում են իրենց գործողություններն ադրբեջանցիների եւ հայերի հետ»,- ասաց ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը: