«Այս օրենքը մեկ շաբաթում չի գրվել». ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին: Հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռեկտորների խորհուրդը՝ քննարկելու նախօրեին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մի շարք դրույթներ:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ եթե ակադեմիական շրջանակում առկա են որոշակի մտահոգություններ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ապա նախարարությունը պատրաստակամ է լսել բոլոր դիտարկումները. «Այս գործընթացում ես հանդիսանում եմ ձեզանից մեկը և շահագրգիռ եմ ունենալ հնարավորինս կատարյալ և ամբողջական օրենք: Այս օրենքը մեկ շաբաթում չի գրվել. այն անընդհատ փոփոխվել է, լրամշակվել և ունի բավականին երկար պատմություն»:

Խորհրդի անդամները, իրենց նախաձեռնությանն օպերատիվ արձագանքելու համար շնորհակալություն հայտնելով նախարարին, ներկայացրել են, ըստ իրենց, նախագծում տեղ գտած խնդրահարույց որոշ կետեր: Ըստ այդմ՝ նշվել է, որ օրենքի նախագծի անցումային դրույթներում սահմանվել է բուհերի լիցենզիաների գործողության դադարեցման ժամկետ, այն է՝ բուհին տրված լիցենզիաները գործում են մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ: Խորհրդի անդամների կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչ հիմքով է դադարեցվելու լիցենզիաների գործողությունը: Հաջորդ խնդրահարույց հարցը, որ բարձրաձայնել են խորհրդի անդամները, վերաբերել է անցումային դրույթներում սահմանված այն կետին, ըստ որի՝ կառավարման խորհուրդները ձևավորվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Նախագծով մինչ նոր կառավարման խորհուրդների ձևավորումը գործող խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը, ինչպես նաև մինչև կառավարման նոր խորհուրդների ձևավորումը ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Ռեկտորների խորհրդի անդամների դիտարկմամբ՝ այս պարագայում չեն գործում նշանակված ռեկտորի նկատմամբ օրենքով սահմանված մի շարք կետեր, այն է՝ ընտրության կարգ, որակավորման նվազագույն չափանիշներ, խորհրդի կողմից ռեկտորին անվստահություն հայտնելու մեխանիզմի բացակայություն: Անդամները մտահոգիչ են համարել նաև օրենքի նախագծում բուհերի՝ ամրագրված պարտադիր ծրագրային հավատարմագրումը՝ ընդգծելով, որ այն ֆինանսական մեծ բեռ կդառնա բուհերի համար: Ըստ խորհրդի անդամների՝ բուհերը պետք է անցնեն նաև ինստիտուցիոնալ հավատարմագրում, և վերոնշյալ գործընթացների համար ի հայտ կգա նաև կադրային ռեսուրսի խնդիր:

Խորհրդի անդամները բարձրացրել են նաև ռոտացիոն սկզբունքի, լրիվ և մասնակի ծանրաբեռնվածության, գիտական աստիճանների շնորհման և ճանաչման, վկայագրի տրամադրման, հանրային և մասնավոր բուհերի միջև խտրականության բացառման, բուհերի ռեյտինգավորման, խորհուրդների կազմերի ձևավորման և այլ հարցեր:

Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ օրենքի նախագիծն անցել է համապատասխան բոլոր օղակներով և արժանացել ՀՀ կառավարության հավանությանը. օրենքը վերջնական կընդունվի Ազգային ժողովի կողմից: Նախարարը նշել է, որ իդեալական օրենք գոյություն չունի, և ինքը նույնպես որոշ վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ, որոնք, ինչպես նաև ակադեմիական շրջանակի կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ կքննարկվեն Ազգային ժողովում:

«Պետական բուհերի հիմնադիրը պետությունն է, և բացառելով կոլեկտիվ անպատասխանատվության հնարավոր դրսևորումները՝ պետությունը պետք է ամբողջական պատասխանատվություն կրի յուրաքանչյուր պետական բուհի արդյունավետ գործունեության համար: ԿԳՄՍ նախարարի պաշտոնում իմ գլխավոր առաքելությունը ես համարում եմ անվստահության մթնոլորտի ջախջախումը և հաշտության հաստատումը: Մենք՝ բոլորս, մեկ միասնություն ենք, և յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք հնարավորը՝ վերացնելու բուհերում անառողջ մթնոլորտը և հասնելու համերաշխության»,-շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը:

Հանդիպմանը ներկա նախարարության պատասխանատուները հանգամանալի անդրադարձել են ռեկտորների խորհրդի անդամների բարձրաձայնած բոլոր մտահոգություններին ու դիտարկումներին՝ առաջարկելով դրանք դեկտեմբերի 7-ին գրավոր ներկայացնել լիազոր մարմին:




Լրահոս