Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի կայուն ու անվտանգ զարգացման համար շատ կարևոր է ներքին և արտաքին անվտանգային խնդիրների լուծումը, և այս ուղղությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով մեծ ծավալի փոխգործակցված աշխատանք է կատարվում: Այդ համատեքստում նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել Յուրի Ստավիցկու այցն Արցախ՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա գործնական մակարդակում նոր խնդիրներ լուծելու:
Յուրի Ստավիցկին շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ են աշխատանքային օրակարգում կոնկրետ հարցեր քննարկելու:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: