Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արսեն Թորոսյանի հետ կապված որոշում է կայացրել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատրաստվում է որոշում հրապարակել ՀՀ առողջության նախարար Արսեն Թորոսյանի հետ կապված:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ էր հարուցել:

Հանձնաժողովը հաղորդագրություն էր տարածել «իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին», որտեղ նշել էր, որ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր։

Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։

2016 թվականի հունվարի 20-ից 2017թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։ Դիմումատուն խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը:

Armlur.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ասաց, որ որոշումն արդեն կա, և իրենք այն կհրապարակեն:

Սոնա Գրիգորյան




Լրահոս