Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտնի համատեղ հայտարարությունում որեւէ անդրադարձ չկա, թե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանները ինչպես են հստակեցվելու։ Կան միայն առանձին պաշտոնյաների հայտարարություններ, թե երկու երկրների սահմանազատումն իրականացվելու է՝ հիմք ընդունելով նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։ Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների համաձայն՝ օրինակ, Կապանի օդանավակայանը Ադրբեջանից բաժանում էր միայն Ողջի գետը. գետից այն կողմ Ադրբեջանն էր, այս կողմ՝ օդանավակայանը։ Նշված խնդիրներին երեկ անդրադարձել էր նաեւ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ գրելով. «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է եւ կմնա Կապան համայնքի տարածքում»։ Նկատենք՝ Սյունիքի մարզի շատ գյուղեր դարձան սահմանամերձ, իսկ հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտը գտնվում են Տեղ խոշորացված համայնքի գյուղերը: Սակայն վերջինիս ղեկավար Ներսես Շադունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե համայնքից ոչ ոք չի հեռացել, ոչ ոք չի էլ պատրաստվում հեռանալ, եւ անգամ մի թիզ հող չեն զիջի: «Աշխատում ենք էլի մեր վարչական տարածքներով, մեր պոստերով: Չկա դեպք, որ մեր խոշորացված համայնքից որեւէ մեկը դուրս եկացած լինի, սա հիմք ընդունի եւ ասի, որ արտագաղթելու է, նման բան չկա եւ չի էլ լինելու», – նշեց նա: Համայնքի ղեկավարը նաեւ մի միջադեպի մասին պատմեց. «Դա է մեզ բաժին հասել, ու պետք է դիմակայենք: Շատ մոտ ենք իրար, մի քանի մետր այն կողմ իրենք են, այս կողմը՝ մենք: Այսօր նենց միջադեպ է եղել, որ մենք իրենց հետ կանգնել ենք, սկսել ենք խոսել: Եկել են, էլի ուզում են առաջ գան, առաջ գան: Իրենք ուզում են ամեն մետրին գան կանգնեն», – նշեց նա: Այսինքն՝ թշնամին ուղիղ շարունակում է հարաբերվել մեր հայրենակիցների հետ, սակայն հայկական բանակը չկա։ Գոնե այս դեպքում էլ արձանագրվեց, որ տեղում չէ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռեւս ապաքինվում է, աչքի հետ կապված խնդիրները չեն վերացել, այնուամենայնիվ, նա վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները կատարելու համար: Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, զրուցել ու տարբեր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին իմքայլականների եւ Արարատ Միրզոյանի միջեւ կայացած հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները նախ փորձել են Միրզոյանից հետաքրքրվել նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի մասին, թե ինչու իրենց տեղյակ չեն պահել, ինչու են անակնկալ նման փաստաթուղթ ստորագրել: Միրզոյանը պատգամավորներին ասել է, որ ուղղակի ժամանակ չեն ունեցել հանդիպման հրավիրել ու իրականության մասին խոսել, որոշումը կայացվել է հապշտապ, ինչի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի տարածքների վերաբերյալ նման համաձայնագիր է ստորագրել: Արարատ Միրզոյանից պատգամավորները հետաքրքրվել են՝ ինչ է կարծում, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի արդյոք։ Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձեւով Փաշինյանի կողքին է լինելու, քանի որ իրեն վարչապետի զինվորն է համարում, որը պարտավոր է ցանկացած պարագայում հրամանատարի կողքին կանգնել:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել դատավորների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը նախորդած իրադարձություններից: Պարզվում է՝ Փաշինյանը դատական համակարգի ներկայացուցիչներին հանդիպել էր նոյեմբերի 30-ին իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ համատեղ: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ երբ կազմվում էր հանդիպման մասնակիցների ցուցակը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ենթականերին հանձնարարել է զանգահարել եւ հանդիպմանը հրավիրել նաեւ Սահմանադրական դատարանի անդամ, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանին: Սակայն վերջիններս զարմացել են, թե ինչու է նման ցանկություն հայտնել վարչապետը։ Վարչապետը հետաքրքրվել է՝ թե չի համատեղում երկու պաշտոնները արդյոք, եւ բացասական պատասխան ստացել, որ այժմ Ռուզաննա Հակոբյանն է երկու պաշտոն համատեղում։ Փաշինյանը պահանջել է հանդիպման հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանին, եւ այդպես էլ վարվել են: Ուշագրավ է, որ հանդիպման օրակարգի վերաբերյալ դատարանների նախագահները պատկերացում չեն ունեցել, իսկ, ահա, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն իմացել են, թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ժամանակ: Դատավորներն էլ իրենց հերթին զարմացել են եւ չէին պատկերացում, որ վարչապետի հետ կարող էր նման քննարկում լինել:
Պատերազմից հետո, երբ պահանջ էր ներկայացվում հայրենի կառավարության եւ ՀՀ վարչապետի հրաժարականի, Նիկոլ Փաշինյանը գնաց կտրուկ փոփոխությունների: Վարչապետը նախարարների պաշտոնների նշանակեց այնպիսի մարդկանց, որոնք քիչ, թե շատ ընկալելի կլինեն հանրության համար: Այդ պաշտոնանկությունների շքերթի ցուցակում տեղ ուներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը, ինչպես հայտնի է, տապալել է առողջապահական համակարգի զարգացումը ընդհանրապես, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը ՝ մասնավորապես։ ՀՀ-ն իր 3 միլիոնանոց բնակիչների պայմաններում վարակակիրների թվով գերազանցել է մոտ 1մլրդ 500 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանին, բայց, չնայած այս իրողություններին, ՀՀ առողջապահության նախարար Թորոսյանին որոշվել է ամեն գնով պահել իր պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Թորոսյանին ներսում հովանավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը վարչապետին համոզել է, թե պետք չէ Թորոսյանին պաշտոնանկ անել, որովհետեւ թիմային առումով սխալ կլինի. վերջինս պայքարել է նախկին կոռուպացվածներրի դեմ, ու նրան այս պահին թիմից հեռացնելը սխալ է լինելու: Սակայն նույն ժամանակահատվածում ՀՀ վարչապետն իր թիմակիցներին խնդրել է առողջապահության նախարարի թեկնածուներ գտնել, բայց կա՛մ այդ առաջարկություններն են մերժեվել, կա՛մ թեկնածուներն են հրաժարվել նախարար դառնալ։ Ահա այս պայմաններում Թորոսյանը շարունակում է պաշտոնավարել՝ Էդուարդ Աղաջանյանի բարձր հովանու ներքո։ Իսկ այդ ընթացքում մեր երկրում օրական 30-ից ավելի մարդ է մահանում։ Մինչ օրս կորոնավարակի դեմ ձախողված պայքարի հետեւանքով ունենք 2228 մահ։