ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել ռուսական «Ռիա-Նովոստի» գործակալությանը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաեւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «C-300 կԾձ-2 ՂՈՉՏՐՌՑ» զենիթահրթիռային համակարգերի  վաճառքի փաստին:  Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դա չի փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, Տոնոյանն ասել է. «Դրանում ոչ մի խնդիր չենք տեսնում: Դա նորմալ գործարք է: Ռուսաստանը սպառազինությունների առաքումն իրականացնում է միջազգային իրավական նորմերին համապատասխան: Բացի այդ, «C-300»-ները ոչ թե հարձակողական, այլ բացառապես պաշտպանական համակարգեր են»: Անկեղծ ասած, ՀՀ պաշտպանության փոխնախարարի նման պատասխանն առնվազն զարմանալի է. եթե դա իրոք այդպես էր, ապա ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ հարցի շուրջ հանդես չեկավ նման հստակ ու միանշանակ հայտարարությամբ այն ժամանակ, երբ գործարքը դեռ չէր կայացել, եւ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական եւ ռազմական փորձագետներն իրենց մտահոգությունն էին բարձրաձայնում: Կարող էր, չէ՞, ՀՀ ՊՆ-ն հանգստացնել բոլորին` ասելով, որ մտահոգվելու կարիք չկա: Բայց նման հայտարարություն չարվեց: Հետեւաբար, կա՛մ այն ժամանակ ՀՀ ՊՆ-ում չգիտեին, որ «դա նորմալ գործարք է», կա՛մ էլ շատ լավ գիտեին, որ նորմալ չէ եւ Հայաստանի համար լուրջ խնդիր է: Անկախ այն բանից, թե նշված տարբերակներից որն էր պաշտոնական Երեւանի այդ շրջանի լռության պատճառը, առավել մտահոգիչ է փոխնախարարի միջոցով բարձրաձայնված ՀՀ ներկայիս դիրքորոշումը: Փաստորեն, փոխանակ դիվանագիտորեն, գոնե «կեսբերան» ակնարկելու մեր թշնամի երկրին նման զինատեսակի վաճառքի առնվազն ոչ ցանկալի լինելու մասին, փոխնախարարը շտապում է անմիջապես հանգստացնել ռուսներին, թե`  «խնդիր չենք տեսնում»: Ավելին, շարունակելով ռուսական լրատվամիջոցի հետ իր ֆորպոստազրույցը` Տոնոյանը նշում է. «Հայաստանը չունի խոցման այնպիսի միջոցներ, որոնց դեմ ուղղված է այդ հզոր զինատեսակը: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մենք չենք պատրաստվում հրթիռակոծել բնակավայրերը…»: Ավելի ուշ, անդրադառնալով Թուրքիայում տեղակայվելիք ՀՊԿ-ին, փոխնախարարը կրկին շեշտում է. «Մենք չունենք հրթիռային հարձակման  տարրեր»: Լավ, հասկացանք` չունենք, բայց ի՞նչ կարիք կա այդ մասին անընդհատ կրկնել: Այն դեպքում, երբ ադրբեջանական քարոզչամեքենան օրնիբուն զբաղված է իրենց բանակի մարտունակության եւ սպառազինության  մասին ստեր հորինելով, որքանո՞վ է տեղին մեր չունեցածի մասին թմբկահարելը: Ի վերջո, ՊՆ ղեկավարությունը պետք է հասկանա, որ լրատվամիջոցներին, այն էլ օտարերկրյա, ասված ցանկացած տեղեկատվություն օգտագործվելու է ադրբեջանական քարոզչության կողմից: Թեպետ, եթե ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը կարող է ԵԽ-ում հայտարարել, թե պատերազմի դեպքում ադրբեջանցիներն առավելություն կունենան, փոխնախարարը մեր  սպառազինության բացերի մասին կխոսի ու կխոսի:




Լրահոս