Արցախի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է տարածված այն տեղեկատվության մասին, թե Արցախի խորհրդարանը մտադիր է ռուսերեն լեզուն պետական լեզու դարձնել ԼՂՀ-ում: Խանումյանի կարծիքով՝ դրանք ապատեղեկատվություններ են, քանի որ դա խորհրդարանը չի կարող անել, դա սահմանադրորեն ամրագրված նորմ է: Նախկին պատգամավորի հետ խոսել ենք նաեւ Ստեփանակերտում բնակիչների վերադարձի, բնականոն կյանքի վերադառնալու, ինչպես նաեւ Արայիկ Հարությունյանի այն որոշման մասին, որ Վիտալի Բալասանյանը պետք է ղեկավարի Արցախի անվտանգության խորհուրդը:
-Պարո՛ն Խանումյան, պե՞տք է Սահմանադրությունը փոփոխության ենթարկվի, որպեսզի ռուսերենը եւս համարվի պետական լեզու։
-Այո։ Ես Ձեր ասած տեղեկության մասին լսած չկամ, առաջին անգամ ձեզանից եմ լսում։ Ստեփանակերտում ինտերնետը խիստ սահմանափակ է, եւ չենք կարողանում նման բաների հետեւել։
-Ռուսական լրատվամիջոց «Վարգոնզոն» էր նման տեղեկատվություն հաղորդել։ Դուք ի՞նչ կասեք։
-Անկեղծ ասած, «Վարգոնզոյին» էլ չեմ հետեւում։ Վերջին օրերին բազմաթիվ պաշտոնյաների եմ հանդիպել, նման բան չեմ լսել։
-Իսկ Դուք, առհասարակ, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի առնչությամբ։
-Մեր դիրքորոշումը հստակ է։ Սահմանադրությամբ պետական լեզուն հայերենն է եւ պետք է մնա հայրերենը։ Ինչի՞ մասին է խոսքը։
-Պարո՛ն Խանումյան, նո՞ր եք վերադարձել դիրքերից։
-Այո, նոյեմբերի 30-ին ենք հերթափոխ հանձնել, եւ շատ ինֆորմացիաների չեմ տիրապետում։ Քաղաքական ինֆորմացիայի շատ չեմ տիրապետում։ Չեմ կարծում, թե դա ճիշտ լուր է։
-Պարո՛ն Խանումյան, իսկ ի՞նչ իրավիճակ է հենց Ստեփանակերտում։ Արդյոք քաղաքացիները վերադառնո՞ւմ են իրեն բնակավայրեր։ Տուն վերադառնալու ոգեւորություն կա՞ բնակիչների շրջանում։
-Ստեփանակերտում առօրյա կյանք է. երեխաները խաղում են, կանայք, տղամադիկ աշխատանքի են գնում։ Բնականոն կյանք է։
-Բայց կա՞ն ինտերնետի, լույսի, ջրի, գազի խնդիրներ։
-Վարդենսիով եկող գիծը չկա դեռ։ Գիծը վնասվել է։ Գորիսով նոր գիծ են քաշում։ Հավանաբար երկու օրից դա էլ ամբողջությամբ կվերականգնվի։ Մնացած ենթակառուցվածքների առումով՝ գազ, լույս, ջուր կա։
-Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ստեփանակերտն անցնում է բնականոն կյանքի։
-Կարող ենք արձանագրել, որ արդեն վերադարձել է։ Ստեփանակերտը թողել եմ հոկտեմբերի 14-ին, ամիսուկես հետո վերադարձել, տեսել եմ ուրիշ Ստեփանակերտ։
-Իսկ գյուղերում ի՞նչ իրավիճակ է։
-Անկեղծ ասած, որեւէ շրջան չեմ գնացել, տեղեկություն չունեմ։
-Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ որոշում է կայացրել անվտանգության խորհրդի քարտուղար նշանակել Վիտալի Բալասանյանին։ Այսինքն՝ ազգային համաձայնության կառավարությո՞ւն է ստեղծում։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի առնչությամբ։
-Հանդիպել եմ, որ նման մամլո հաղորդագրություն կա, որ կուսակցության գործադիր մարմիններով հանդիպել են նախագահի եւ քաղաքական մյուս ուժերի հետ։ Մեր դիրքորոշման վերաբերյալ հավելյալ կհայտնենք։ Բայց կարծում եմ, որ Արցախում պետք է ձեւավորվի նոր իշխանություն՝ քաղաքական ուժերի լայն մասնակցությամբ։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը պետք է իշխանությունը կիսի այլ ուժերի հետ, եթե ցանկանում է ինչ-որ քայլեր կատարել Արցախը հայաշատ դարձնելու համար։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ԹՈՂ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԵՆ». ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը երեկ հանդես էր եկել կոչով՝ ասելով, թե այսօր ավելի քան կարեւոր է ուժեղ ու միասնական լինել։ «Մենք դեռ խրամատում ենք, մեկ րոպե անգամ չենք թողել մեր սահմանը եւ շարունակում ենք ամուր կանգնած մնալ։ Բոլորիս միանալու համար անհրաժեշտ է կամավորագրվել՝ դիմելով Գորիսի համայնքապետարան»,- նշել էր նա։
Այս ընթացքում հակասական լուրեր են տարածում Հայաստանի հարավային դարպասներից, եւ դեռեւս պարզ չէ, թե ինչ է կատարվում եւ կատարվելու Սյունիքի մարզի սահմաններին, իսկ Գորիս համայնքի ղեկավարն էլ, փաստորեն, ինքնապաշտպանության կոչ է անում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ:
-Պարո՛ն Առուշանյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր՝ կամավորագրվելու վերաբերյալ կոչը:
-Ուղղակի պետք է մեր բանակի կողքը լինել, ինչպես մինչեւ հիմա եղել ենք, եւ դա պետք է շարունակենք: Աշխարհազոր գորիսեցիները վաղուց են ձեւավորել եւ եղել են պատերազմի ամենաթեժ կետերում՝ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ, սակայն հիմա կա նաեւ մարդկանց փոխարինելու խնդիր, եւ նաեւ դրանով էր պայմանավորված կոչս: Հիմա էլ գորիսեցիները կան, սահմանում են:
-Հիմա Գորիսում ի՞նչ տրամադրվածություն է, քանի որ հակասական լուրեր են տարածվում:
-Նորմալ է իրավիճակը, ոչ մի խնդիր չկա: Ես սովորաբար ամեն օր դիրքերում եմ, եւ մեր գորիսեցիների հետ շփվում ենք. որեւէ խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է: Սա է իրավիճակը, ունենք այն, ինչ ունենք:
-Որո՞նք են լինելու հետագա քայլերը: Ի՞նչ պետք է անել՝ բնականոն կյանքի անցնելու համար:
-Ունենք այն, ինչ ունենք: Ի՞նչ պետք է անենք, մեր հողը թողնենք, գնա՞նք: Բնականաբար, պետք է պահենք, ու ինչպես մեր գյուղերը շենանում են, հիմա ավելի ուժեղ սկսենք շենացնել, վե՛րջ: Ոչ մի խնդիր չի կարող լինել, մենք մտահոգվելու բան չունենք, թող թշնամիները մտահոգվեն: Բացի այդ, պետք է ուժեղանալ եւ հետ վերցնել այն, ինչը մերն է: Սա պետք է լինի յուրաքանչյուր հայի առաքելությունը:
-Հաշվի առնելով, որ Գորիսի մի քանի գյուղեր դարձան սահմանամերձ, ինչպիսի՞ն է տրամադրվածությունը: Կա՞ն բնակիչներ, որոնք որոշել են հեռանալ Գորիսից:
-Ոչ, մարդն իր տանից ո՞ւր թողի, գնա, ո՞նց թողենք գնանք: Դա ընդհանրապես քննարկման ենթակա չէ: Մենք մեր տները թողնենք գնա՞նք: Իհարկե, կան գյուղեր, որտեղ հեռավորությունը սահմանից շատ մոտ է: Գրեթե բոլոր գյուղերն էլ սահմանամերձ են` Խնձորեսկ, Հարթաշեն, Որոտան, Շուղնուխ: Գորիսի բոլոր գյուղերն էլ սահմանամերձ են: Մեր գյուղերում մենք նոր նախագծեր ենք իրականացնում բնակիչների համար՝ բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով, այնպես որ, նորմալ իրավիճակ է: Իհարկե, ոչ մի արժանապատիվ հայի համար այս իրավիճակը լավ չէ, չի կարող լավ լինել, բայց ունենք այն, ինչ ունենք:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ: Մարտին Շյուպը նշել է, որ ԿԽՄԿ-ի ու Հայաստանի միջեւ արդյունավետ երկխոսություն է հաստատվել: Նա նաեւ կարեւորել է գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցությունը: Քննարկվել են գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ պետք է ամեն ինչ անել այս գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը: Առաջարկվում է նաեւ ստեղծել մեխանիզմ, ըստ որի՝ նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների ետ վերադարձնել նրանց: Կողմերը անդրադարձել են նաեւ Արցախում հումանիտար իրավիճակին եւ ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցերին:
ԿՐԵՄԼՈՒՄ ՈՒՐԱԽ ԵՆ
Կրեմլում ողջունում են Լեռնային Ղարաբաղում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու ծրագրերը: ԽՍՀՄ նախկին երկրներից շատերում ռուսերենը դե ֆակտո օգտագործվում է շատ լայնորեն. հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, թե Կրեմլում ուրախ են այդ ծրագրերի համար: «Ռուսերենն ամեն դեպքում ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանում կիրառվում է, այդ լեզվով են խոսում նաեւ Ադրբեջանում եւ շատ այլ երկրներում: Իհարկե, մենք այն ողջունում ենք եւ պատրաստ ենք հետագայում էլ նպաստել դրա տարածմանը»,- ասել է նա: Նա նաեւ ասել է, թե Մոսկվան Բաքվի եւ Երեւանի հետ այդ նույն հարցով բանակցություններ չի կատարում:
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԼԻՆԻ
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրվում է համապետական հանրահավաք: Այս մասին տեղեկացրելէ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: