ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի իշխանությունները ստիպված էին շատ բարդ, սակայն ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել: Դրանք ցավոտ էին եւ վարչապետի կողմից քաջություն էին պահանջում»,- ՀԱՊԿ առաջնորդների գագաթնաժողովում հայտարարել է Ռուաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:   Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է, շփման գծում կան խաղաղապահներ. նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ներկայումս Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է: Ռուս խաղաղապահները տեղակայված են շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասել է նա ՀԱՊԿ գագաթնաժողովում:

 

Պուտինը նշել է, որ բոլորին լավ հայտնի է, որ Ռուսաստանի կողմից ակտիվ միջնորդական ջանքեր են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, ամբողջական հրադադարի հասնելու եւ կայունացման գործընթացը սկսելու համար: «Ընդ որում, մենք հետեւել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես` դրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջեւ ձեռք բերած հիմնական պայմանավորվածություններին»,- հավելել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրությունն անհանգիստ է եղել. դա վերաբերում է Բելառուսին, Ղրղզստանին եւ Լեռնային Ղարաբաղին: «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքում իրավիճակն առանց խնդիրների չի ընթացել եւ ընդհանուր առմամբ անհանգիստ է եղել: Նկատի ունեմ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում բռնկված զինված հակամարտությունը ՀԱՊԿ անդամ պետության մասնակցությամբ, ինչպես նաեւ հետընտրական իրադարձությունները Բելառուսում, որը բախվել է ներսից աննախադեպ ճնշման, նկատի ունեմ նաեւ ներքաղաքական իրավիճակը Ղրղզստանում»,-ասել է նա:  Նա կարեւորել է նաեւ  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը: Այժմ հետեւողականորեն կյանքի է կոչվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված եռակողմ հայտարարությունը:

«Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետեւել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հետեւողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով եւ Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- ասել է Վ? Պուտինը: «Կարեւոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային եւ կրոնական կոթողների պաշտպանության հետ: Ռուսական կողմը, Երեւանի եւ Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշեց ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:

 

 

ԹԱՆԴԻԼՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Միքայել  Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝  այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նույն օրը, նախագահի մեկ այլ հրամանագրով, Մանե Թանդիլյանը նշանակվել ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար։ Հանրապետության նախագահն այդ առթիվ ընդունել է Մանե Թանդիլյանին եւ նախանշել ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվելիք ծրագրերը:

 

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար:   Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է  Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման եւ հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը միաձայն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի ունեցավ հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում: «Սանդիկովի թեկնածությունն առաջարկել է քաղաքական մեծամասնությունը: Այլ առաջարկներ չկան: Դեմ, ձեռնպահ չկա: Պարոն Սանդիկովն այսուհետ հանձնաժողովի փոխնախագահն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: Հիշեցնենք, որ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը եւ նշանակվել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

 

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ռազմագործողությունների հետեւանքով Արցախի բնակավայրերում եւ հարակից անտառային գոտիներում Արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման եւ դրանց վնասազերծման աշխատանքները։ Ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով՝ սակրավորներն իրենց աշխատանքը կատարում են, նախ, բնակելի տների, թաղամասերի եւ հանրային նշանակության ենթակառուցվածքների հարակից տարածքներում: Արվում է հնարավորը, որպեսզի օր առաջ ապահով ու անվտանգ լինեն Արցախի բոլոր շրջանները: Նշենք, որ մինչ այսօր քաղաքացիական բնակչության շրջանում չպայթած ռումբերից կամ այլ զինատեսակներից, բարեբախտաբար, դեպքեր չեն արձանագրվել:

 

 

ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄ

Կառավարությունը երեկ հրապարակեց որոշում, որով Հայաստանում հայտարարված ռազմական դրության որոշման մեջ փոփոխություններ են իրականացվում։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ գլուխները, ինչպես նաեւ 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես»:

 

 

 

ՏՈՆԱԾԱՌ ՉԻ ԴՐՎԻ

Երեւանի Հանրապետության հրապարակում  ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու:  Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաեւ, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու։ Նոյեմբերի 24-ին ավագանին որոշել է ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետեւանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների եւ օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով։

 

 

1168 ԱՐՑԱԽՑԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել եւս 1168 արցախցի: Այս մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձած քաղաքացիների ընդհանուր թիվն արդեն ավելի քան 27 հազար է: «Ստեփանակերտի 8-րդ դպրոցում այսօր վերսկսվել է նաեւ ուսումնական գործընթացը: Ուսումնառությունը սկսել է ավելի քան 400 աշակերտ: Դպրոցը վերականգնվել է ռուս խաղաղապահների օգնությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ կայքում: Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված:

 

 




Լրահոս