Այո, թերություններ ունենք և ձգտում ենք ինքնամաքրվել. Արա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.
Այսօր լրանում է Փաստաբանության ստեղծման 102-րդ տարին։ Հասկանալի պատճառներով Փաստաբանի օրը հանդիսավոր պայմաններում չենք նշում:

Փաստաբանությունը, որպես իրավաբանական օգնություն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ, Հայաստանում առաջին անգամ ներդրվել է 1918թ․ Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակաշրջանում։

ՈՒղիղ 102 տարի առաջ, 1918թ․ դեկտեմբերի 6-ին, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդի (պառլամենտի) կողմից ընդունված Դատական հաստատությունների կանոնադրության 9-րդ բաժնի 2-րդ գլուխն ամբողջությամբ նվիրվել էր փաստաբաններին, որոնք այն ժամանակ կոչվում էին երդվյալ հավատարմատարներ։ Այս նորմատիվ իրավական ակտով կանոնակարգվել է փաստաբանների կազմակերպության կառուցվածքը, կառավարման մարմինները, փաստաբանների վարքագծի կանոնները և մի շարք այլ հարաբերություններ։

Օգտվելով առիթից, շնորհավորում եմ մեր բոլոր փաստաբաններին:

Փաստաբանությանը իշխանությունները հաճախ համարել են ընդդիմախոս, իսկ երբեմն նաև խանգարող ինստիտուտ, սակայն ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԸ ՃՆՇՈՂ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Է:

Դրանով իսկ փաստաբանությունն իրականացնում է պետության ներսում հանրության իմունային համակարգի գործառույթը, հակազդելով պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց այն «հիվանդություններին», որոնք վնասում են պետությանը: Այս գործառույթն իրականացնում է յուրաքանչյուր փաստաբան ինքնուրույն պայքարելով քաղաքացիների իրավունքների և ազատությունների համար:

Ունե՞նք թերություններ: Այո, ունենք և ձգտում ենք ինքնամաքրվել: Ունենք ինքնամաքրվելու և՛ կամքը և՛ ինստիտուցիոնալ մեխանիզմները: Տարեց տարի մեր շարքերը համալրում են բանիմաց փաստաբանները: Տարեց տարի մենք դառնում ենք ավելի համախմբված:

Կրկին շնորհավորում եմ մեր փաստաբաններին: Եղեք առողջ, հաջողակ և հավատարիմ ձեր առաքելությանը:




Լրահոս