ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը կարող է տեղակայվել Բարդայում. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հարցով ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը ամենայն հավանականությամբ աշխատանքները կսկսի հաջորդ շաբաթ, երբ Բաքու կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Ադրբեջանի նախագահական վարչակազմի իր աղբյուրներին։ Ավելի վաղ նշվել էր, որ Էրդողանը Բաքու է մեկնելու դեկտեմբերի 10-ին, որպեսզի մասնակցի ղարաբաղյան վերջին պատերազմի հաղթական ավարտին նվիրված զորահանդեսին։

Սակայն պաշտոնական աղբյուրները՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Թուրքիայում, համատեղ կենտրոնի մասին որևէ մանրամասն առայժմ չեն հաղորդում, թեև համապատասխան համաձայնագիրը ստորագրել էին դեռ անցած շաբաթ։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն, որ կենտրոնում աշխատելու են ռուս և թուրք զինվորականներ, որոնք պետք է միասնաբար վերահսկեն Ղարաբաղում հաստատված հրադադարը: Թե քանի զինվորական է այս առաքելությամբ զբաղվելու, հստակ չէ։ Պաշտոնապես առայժմ չի հաղորդվել նաև՝ որտեղ է կենտրոնը տեղակայվելու։ BBC-ի տեղեկություններով, քննարկվում է հնարավոր երկու տարբերակ՝ Բարդա և Գյանջա։

Ադրբեջանը, ըստ BBC-ի աղբյուրների, առավել նպատակահարմար է համարել, որ կենտրոնը տեղակայվի Մատաղիսում, որը վերջին պատերազմից հետո հայտնվել է Բաքվի վերահսկողության ներքո, սակայն Ռուսաստանը սկզբունքորեն դեմ է համատեղ կենտրոնի տեղակայմանը Լեռնային Ղարաբաղի տարածքում», – փոխանցում է BBC-ն, հավելելով՝ այս պայմաններում ամենահավանական տարբերակը մնում է Բարդան։ Պաշտոնյաները, այնուհանդերձ, այս վարկածը չեն հերքում, բայց և չեն հաստատում։

Ավելի վաղ, խոսելով կենտրոնի մասին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել էր՝ Մոսկվային հաջողվել է համոզել թուրքերին ու ադրբեջանցիներին՝ չառաջադրել պայմաններ կամ չստեղծել նախադրյալներ, որոնք կարող են հարվածի տակ դնել եռակողմ համաձայնությունն ու կողմերից որևէ մեկին դրդել ծայրահեղ քայլերի։ Ռուսաստանի նախագահը, միաժամանակ, խնդրահարույց չէր համարել, որ հակամարտության գոտում խաղաղության պահպանման պատասխանատվություն է ստանձնում մի երկիր, որը վերջին պատերազմում, դեմ գնալով միջազգային համայնքի հորդորներին, բացահայտ պաշտպանում էր խնդրի ռազմական լուծումն ու այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնում Ադրբեջանին։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս