Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի անունը հայտնվել է աղմկահարույց պատմությունների մեջ: Նեա Մոնյան անունով մի քաղաքացի հայտարարել էր, որ Գերմանիայից ուղարկած իրենց 2.5 տոննա օգնությունը «Անդրեյ Ղուկասյանի ու իր բարեկամների նկուղներում է»: Ապա՝ հավելել էր, որ այդ օգնությունը արցախցիների ու զինվորների համար է ուղարկվել: ArmLur.am-ը կապ հաստատեց Անդրեյ Ղուկասյանի հետ՝ պարզելու իրականում ինչ է եղել եւ արդյոք Գերմանիայից ուղարկված օգնությունն իր նկուղում է: Մեր հարցին ի պատասխան մարզպետն ասաց. «Թեման գիտեմ, այսօր երկրաշարժի օրն է, հիմա միջոցառման եմ, բայց մենք մարզպետարանի էջով կանդրադառնանք: Բնականաբար հերքում եմ այդ տեղեկությունը»:
Մարզպետի խոսքով, ներկրողը՝ Արթուր Խառատյանը, բեռից հրաժարվել է հօգուտ պետության եւ բեռն ընդունվել է Լոռու մարզպետարանում որպես հումանիտար օգնություն. «Արթուր Խառատյանը բազմիցս բեռն իրեն վերադարձնելու փորձեր է արել, ինչը ես չեմ թույլատրել եւ պնդել եմ, որ բեռը պետք է բաժանվի միայն կարիքավորներին: Այնուհետեւ բեռի զննությունից պարզվել է, որ բեռի մեծ մասը հումանիտար համարվել չի կարող, քանի որ եղել են այնպիսի իրեր, որոնք հումանիտար բեռ համարվել չեն կարող. օրինակ՝ կերխեր, թանկարժեք սպասք, ժամացույց, կոսմետիկ պարագաներ, հոգեմետ դեղեր: Բեռն, այնուամենայնիվ, ամբողջությամբ կբաշխվի կարիքավորներին, իսկ մնացածի մասով կզբաղվի ոստիկանությունը, բեռի բնույթի եւ հոգեմետ դեղորայքի մասով տալով իրավական գնահատականներ: Ամենայն հավանականությամբ խուսափելու համար բեռի հասցեատերերին տված անօրինական խոստումները չկատարելու պատասխանատվությունից, բեռի մասին ցանկացել են աղմուկ բարձրացնել: Բայց դա անխուսափելի է, խաբեբաները եւ ստահակները չեն կարող օգնություն ուղարկող եւ հայրենասեր ձեւանալ»,- պարզաբանել է մարզպետը:
Ս. Հ.