Արմեն Սարգսյանի ուղերձը 1988թ․ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ.
«Սիրելի՛ գյումրեցիներ, սպիտակցիներ, վանաձորցիներ, ստեփանավանցիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր 1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։
32 տարի առաջ ավերիչ երկրաշարժին զոհ գնացած մեր բազմահազար հայրենակիցների հիշատակն այս տարի ոգեկոչում ենք ևս մեկ ցավ ունենալով մեր հոգում։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ունենք մեծաթիվ մարդկային կորուստներ, կորցրել ենք նաև Արցախի տարածքի մի մասը։ Ի հետևանք՝ երկրում առկա է բազմաշերտ ճգնաժամ՝ բարոյահոգեբանականից, առողջապահականից մինչև սոցիալ-տնտեսական։
Եւս մեկ անգամ իմ ցավակցությունն ու աջակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում:
Նույնիսկ այս վիճակում մենք իրավունք չունենք հուսահատվել։ Պետք է ամեն ինչ անենք, որ ապաքինվեն երկրաշարժի վերքերը, ավելի շատ ջանք ու եռանդ ուղղենք մեր քաղաքների ու գյուղերի վերականգնմանն ու զարգացմանը:
Երկրաշարժի ու այսօրվա պատերազմի հետևանքներին ու պատճառված ցավին այս օրերին ավելացել է ներքաղաքական անհանգիստ վիճակը մեր երկրում։ Այստեղ էլ մենք հուսահատվելու և հույզերին տրվելու իրավունք չունենք։
Մեր փրկությունն ազգային համաձայնությունն ու միասնականությունն են։ Վստահաբար, դրա շնորհիվ էր, որ կարողացանք հառնել 1988-ի երկրաշարժի ավերակներից և այսօր էլ պարտավոր ենք համախմբված դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Հանուն մեր հերոսների, որ նահատակվել են վերջին պատերազմում, հանուն մեր այն հայրենակիցների, որ զոհ գնացին 1988-ի երկրաշարժին։
Խոնարհվում եմ նրանց բոլորի հիշատակի առջև, առողջություն, տոկունություն ու հաստատակամություն եմ մաղթում նրանց ընտանիքներին ու բոլորիդ, և խաղաղություն ու բարգավաճում մեր երկրին»։