Աշխատանքից ազատման սպառնալիքով պարտադրում են մասնակցել հավաքների. ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին:

Այդ կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ գործատուների նման անօրինական պահանջներին և տեղեկացնում, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։
Միաժամանակ, հայտնվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված հավաք կազմակերպելու և հավաքին մասնակցելու իրավունքի ապահովումը բացառապես անձի ազատ կամարտահայտության պայմաններում, իսկ այդ հավաքներին մասնակցելուն պարտադրելու բոլոր դեպքերը հայտնաբերվելու են, իսկ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ նախաձեռնվելու են պատասխանատվության խիստ միջոցներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ներկայումս առկա են Հայաստանի Հանրապետությունում զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի ևս մեկ անգամ հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:

Հայտնվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին:




Լրահոս