Երևանը գլխավոր ճարտարապետ այլևս չի ունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում են փոփոխություններ: Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում հրապարակվել  է նախագիծ, որից տեղեկանում ենք, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

Նշվում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և ներկայացված մյուս օրենքներում Երևան քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման և Երևանի քաղաքապետին քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն:

Նախագծում նշվում է, որ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երևան քաղաքում մշակում և իրագործում է քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաև ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

Հիշեցնենք, որ մինչ այս ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Մեսչյանը:




Լրահոս