Հայաստանի կառավարությունը մտադիր է ստեղծել հակակոռուպցիոն եւ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կքննեն կոռուպցիոն գործարքները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման հայցերը։
Արդարադատության նախարարության հեղինակած օրենսդրական փաթեթի նախագիծն ուղարկվել է խորհրդարան, դեռեւս օրակարգում ընդգրկվածների շարքում չէ։ Ազգային Ժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ փոփոխությունները նախատեսված են Դատական եւ Քրեական օրենսգրքերում, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում։ Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ Հակակոռուպցիոն դատարանը կքննի պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված գործերը։
Հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից առնվազն 20-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության, իսկ 5-ը՝ պետական շահերի պաշտպանության գործերով մասնագիտացմամբ դատավորներ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն էլ կունենա առնվազն 10 դատավոր։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ամենաբարձր մակարդակով հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի, ապօրինի ճանապարհով հարստացածներից գույքը բռնագանձելու մասին։
Փաստաբան Գեւորգ Գյոզալյան խոսքով՝ գաղափարն ինքնին լավն է, հարց է դրա իրագործումը եւ ընտրված ներքաղաքական ժամանակշրջանը։ «Որքան մենք շատ ունենանք մասնագիտացված դատարաններ, այնքան գործերն ավելի արագ կքննվեն, այնքան ավելի գործերը պրոֆեսիոնալ մակարդակում քննվեն։ Որովհետեւ տարանջատումն ինչքան մենք նեղ մասնագիտական տանենք, դրա արդյունքը, ես կարծում եմ, որ կտեսնենք։ Որքանո՞վ է դա ճիշտ այս ժամանակում անել, երբ որ քաղաքական կայունությունը մեր երկրում, կարծես, վերացված է, երբ որ բոլորը գոռում են, երբ որ բոլորն ինչ-որ բան են ուզում. անկեղծ, չեմ էլ ուզում պատասխանել այս հարցին։ Չգիտեմ, դա թող քաղաքական ուժը որոշի իր համար։ Բայց եթե նրանք կարողանան այս գաղափարն իրականացնել օրենսդրական մակարդակում, ապա դա ինքնին լավ է, բայց օրենսդրական մակարդակը մեկ բան է, պրակտիկ մակարդակը մեկ այլ բան է։ Լավ, եթե օրենքն ընդունեցին, իսկ այդ անձինք ովքե՞ր են լինելու», – ասել է Գյոզալյանը։
Նախատեսվում է, որ դատավորների ընտրությունը կկազմակերպի Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։ Հակակոռուպցիոն եւ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների դատավոր չի կարող նշանակվել այն անձը, որը լինելով դատավոր կամ նախկին դատավոր՝ վերջին հինգ տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն, ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եւ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրման ժամանակ ցուցակում նրա ընդգրկվելու վերաբերյալ արգելք կա` մեկ տարի ժամկետով։ «Եթե այդ անձինք լինելու են նորից ԲԴԽ ուղարկված կամ առնվազն Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած, կամ առնվազն այն գործիքակազմը, որ նրանք ունեն, որի անունը դրել են բարեվարքություն, որը ստուգվում է համապատասխան հանձնաժողովի կողմից, այսինքն՝ եթե այդ գործիքակազմը չաշխատեց ԲԴԽ-ի դեպքում, ինչ-որ մի տեղ Սահմանադրական դատարանի դեպքում մի պայմանում, երբ որ մասնագիտական հանրույթից շատերը բարձրաձայնում էին ինչ-ինչ խնդիրների մասին, ինչ-ինչ դատավորների հետ կապված, ապա եթե այդպես է լուծվելու, ապա ես չեմ կարծում, որ այդ դատարանը կգործի արդյունավետորեն»։ Հակակոռուպցիոն դատարանների երկու տարվա՝ 2021-2023 թվականների գործունեության համար պետական բյուջեից նախատեսվում է ծախսել 3 միլիարդ 22 միլիոն դրամ կամ մոտ 6 միլիոն դոլար։
ԲԻԶՆԵՍԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորները որոշել են ստեղծել աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով կարձագանքի բիզնեսի, գործարարների խնդիրներին: Այս մասին հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Մենք՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, նաեւ մյուս հանձնաժողովների՝ «Իմ քայլը»-ի պատգամավորներով, որոնք զբաղված են տնտեսության հարցերով, քննարկել եւ որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ: Այսինքն՝ կլինի աշխատանքային խումբ, որը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող բոլոր խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են՝ կլինի շինթուլտվությունների, տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ կապված»,-ասաց պատգամավորը:
Նա վստահեցրեց՝ փորձելու են այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան: Պատրաստ են ցանկության դեպքում ներգրավել նաեւ ընդդիմադիր գործընկերներին: Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը եւ աշխատակարգը կհաստատվի հանձնաժողովի արտահերթ նիստում: Թունյանը նաեւ կոչ արեց պետական մարմինների աշխատակիցներին հնարավորինս օպերատիվ գտնվել եւ որեւէ լրացուցիչ խնդիր չստեղծել բիզնեսի համար, ժամանակ չձգձգել, տարաբնույթ մեկնաբանության հնարավորություն ունեցող տարբեր կանոնակարգումները չօգտագործել բիզնեսի դեմ: «Այս փուլում եւ ընդհանրապես սրանից հետո, խնդրում եմ, որ պատասխանատվության զգացումը բոլորիս մոտ մի փոքր ավելի բարձր մակարդակի վրա լինի»,-ասաց Թունյանը:
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը: Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայքներում։ Անչափասները եւս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է: Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000 դրամ։ Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի օոliոe.ssa.am կայքէջում՝ նշելով իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, անչափահասի դեպքում՝ ծնողի տվյալներն ու երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։ Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։ Նամակը ստանալուց հետո միայն անձը հաստատող փաստաթղթով քաղաքացին կարող է ներկայանալ Հայփոստ կամ Արցախփոստ եւ ստանալ գումարը։ Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։
ՏԱՐԱԿԱՐԳ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 11-ը ներառյալ: Գործընթացը կվերսկսվի 2021 թվականի հունվարի 14-ից:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի՝ 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 03-Ն հրամանով՝ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1031-Ն հրամանի հավելվածով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում: Նախ՝ փաստաթղթերի պարտադիր ցանկից դուրս է եկել դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկված լինելու մասին կետը, փոխարենն ավելացվել է վերջին 3 տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ միջազգային օլիմպիադաներում մեդալով պարգեւատրված սովորող ունենալու մասին կետը: Եթե նախկինում ուսուցիչները պետք է ներկայացնեին ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորած վերապատրաստման դասընթացի վարման մասին տեղեկանք, ապա այժմ ընդունվում է նաեւ նախարարության հետ հուշագրեր ունեցող կազմակերպություններում իրականացված վերապատրաստման դասընթացի մասին տեղեկանքը: Ավելացել է երկու նոր բնութագրիչ՝ վերջին երկու տարվա ընթացքում Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը եւ վերապատրաստում իրականացնելը կամ Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։ Որպես բնութագրիչ ներկայումս ընդունվում են նաեւ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերը կամ շնորհակալագրերը։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ փաստաթղթերն են՝
դիմում` ուղղված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին; անձնագրի պատճենը, հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայական եւ զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու մասին ատեստավորման թերթիկի պատճենը; կրթության վերաբերյալ փաստաթղթի (դիպլոմ) պատճենը; աշխատանքային գրքույկի պատճենը կամ տնօրենի կողմից տրամադրված տեղեկանքը; բնութագրիչները հավաստող փաստաթղթերը` համապատասխան տարակարգ ստանալու համար: