«ՍԱՐԳԻՍՆ ԱՅՆ ՏՂԱՆ ՉԷ, ՈՐ ՀԵՐՈՍԻ ՆԿԱՐՈՎ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԻ». ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Սարգիս Ավետիսյանը երեք տարի առաջ թողարկված «Ես կգամ» երգի տեսահոլովակի գլխավոր շապիկի վրայի լուսանկարը փոխարինել է Արցախյան երկրորդ պատերազմի խորհրդանիշ հանդիսացող հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարով:

 

Նկատենք, որ Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հայտարարել էր, որ հետեւողական է լինելու եւ խստորեն պատժելու իր որդու լուսանկարը  բիզնես նպատակով օգտագերծելու համար:

Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սարգիս Ավետիսյանի պրոդյուսեր Արսեն Աղամիրյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ նպատակ են հետապնդել՝ Ալբերտի լուսանկարը օգտագործելով, արդյոք լայքեր եւ գումար աշխատելու նպատակ են ունեցել, թե ոչ:

«Դա արվել է ոչ թե գովազդի, այլ հարգանքից ելնելով: Այդ նկարը բոլորն էլ օգտագործել են, անգամ թույլտվության մասին չենք էլ մտածել ու նպատակ չենք ունեցել ամենեւին էլ լայքեր հավաքել: Սրտից բխված բան էր, դա այն գումար եւ լայք բերող երգը չէ: Այդ ամբողջ տեսահոլովակի մեջ Ապրիլյան պատերազմի բոլոր վիրավոր զինվորներն են, նորից եմ ասում՝ նկարը նպատակ չի ծառայել գումար աշխատելու համար, անգամ կարող ենք յութուբը բացել եւ տեսնել, որ դա ոչ մի գումար չի բերել եւ բիզնես նպատակով չի ծառայել: Դա արվել  է՝ ի նշան հարգանքի մեր բոլոր զոհված տղաների, եւ այդ ձեւով ցանկացել ենք մի բան էլ մենք անենք մեր հերոսների համար»,-պարզաբանում է երգչի պրոդյուսերը:

Մեր զրուցակցի խոսքով՝ հարկ եղած դեպքում կարող են հերոսի հայտնի լուսանկարը հեռացնել եւ փոխարինել մեկ այլ  հերոսի լուսանկարով, ոչ մի խնդիր չկա:

«Դա ապրանք չէ, ոչ էլ պեչենի, որ դնենք արտադրենք, որ գումար աշխատենք, բացարձակ նման նպատակ չենք ունեցել, եւ մենք պահն օգտագործող մարդիկ չենք, օրինակ, նկարով, որ գումար աշխատենք: Եթե այդպես շատ խորանա, կարող եմ յութուբը «սքրինշոթ» անել, որպեսզի տեսնեն, որ ամեն ինչ արվել է՝ զուտ հարգանքից ելնելով: Անկեղծ ասած, մենք անգամ տեղյակ էլ չենք եղել, որ Ալբերտի հայրը նման կոչով է հանդես եկել, բայց պետք է նշեմ, որ Ալբերտի այդ նկարն այսօր օգտագործվում է ամբողջ աշխարհում: Այդ տեսահոլովակը նկարհանվել է երեք տարի առաջ՝ գումար ծախսելով եւ չակնկալելով ոչ մի կոմերցիոն նպատակ: Մենք երգեր ենք ստեղծում գումար աշխատելու նպատակով, բայց սա այդ դեպքը չէ: Ո՛չ Սարգիսը, ո՛չ էլ ես այն մարդիկ չենք, որ հերոսների լուսանկարների վրա գումար աշխատենք, հակառակը, մենք ամեն ինչ անում ենք՝ ի նշան նրանց նկատմամբ մեր հարգանքի»,- հավելում  է Սարգիս Ավետիսյանի պրոդյուսերը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԶԱԿՈ» ՖԻԼՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ «ԱՆԵՍՍԻ»-Ի ԿԻՆՈՇՈՒԿԱՅՈՒՄ

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն անգամ պատերազմական օրերին շարունակել է պահել մշակութային խրամատը: Փառատոնի շնորհիվ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» (խակ պտուղ)  ֆիլմը Հայաստանից կմասնակցի «Անեսսի» (ANNECY)  խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի՝ համատեղ արտադրության համար կազմակերպվող կինոշուկային։ 2021թ. հունիսին հայկական ֆիլմը կփորձի ֆինանսավորման, ինչպես նաեւ միջազգային գործընկերների ձեռքբերման հնարավորություններ գտնել։

 

Նշենք, որ «ՌեԱնիմանիա»-ի շնորհիվ ֆիլմն այս օրերին, ի թիվս այլ նախագծերի, մասնակցել էր «Անեսսի» միջազգային անիմացիոն կինոփառատոնի, Saqanima Georgian Animators Association-ի եւ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի կազմակերպած անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման եւ փիչինգի աշխատարանին։

6-րդ  անգամ իրականացվող աշխատարանը բացառիկ հնարավորություն էր ընձեռնում Հայաստանի անիմացիոն ֆիլմարտադրողներին ներկայացնել իրենց նախագիծը՝ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման եւ փիչինգի աշխատարանի շրջանակում։ Աշխատարանը իրականացվել էր առցանց ձեւաչափով եւ ճանաչվելով լավագույնը՝ հնարավորություն էր ստացել մասնակցելու հաջորդ տարվա կինոշուկային։

«Անեսսի» փառատոնի կողմից լավագույն նախագծի հեղինակը ստացել է անվճար հավատարմագրման հնարավորություն, իսկ «ՌեԱնիմանիա»-ն կփորձի գտնել աջակիցներ, որպեսզի հաղթող մասնակիցը կարողանա մեկնել «Անեսսի»: Պատերազմական իրավիճակում հայ մշակույթը ներկայացնող արվեստագետն իր ֆիլմով հաղթանակ գրանցեց։

«Զակո»-ն (խակ պտուղ) ONoff.studio-ի անիմացիոն ֆիլմն է, որը պատմում է նկարիչ Սարգիս Մանգասարյանի (Zako) իրական կյանքի պատմության մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել համակենտրոնացման ճամբար։ Նկարիչ «Զակո»-ն կենդանի է մնում ճամբարներում՝ շնորհիվ իր բացառիկ տաղանդի։ Սա մի հուզիչ պատմություն է նկարչի մասին, ով ստիպված էր նկարել իրեն կտտանքների ենթարկողների դիմանկարները։ Ֆիլմը հիմնված է համանուն գրաֆիկ նովելի վրա, որի հեղինակն է Տիգրան Մանգասարյանը։ Վերջինս նաեւ «Զակո»-ի բեմադրող նկարիչն է։ Ֆիլմի պրոդյուսերն է Սուսաննա Խաչատրյանը, սցենարիստը՝ Էդգար Բաղդասարյանը։

 

 

 

ՄՐՑԱՇԱՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԻ

Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի Եվրոպայի ընտրական՝  վարկանիշային մրցաշարը կվերսկսվի 2021թ.  ապրիլին կրկին Լոնդոնում: Հայաստանի ներկայացուցիչներից 52կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հաղթեց Իսրայելը ներկայացրած Դավիթ Ալավերդյանի եւ նվաճեց ՕԽ ուղեգիր: Հայ բռնցքամարտիկներից շատերը չշարունակեցին պայքարը, քանի որ Միջազգային օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցրեց մրցաշարը: Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ-¬ի նախագահ Թոմաս Բախը եւ Ճապոնիայի արդեն նախկին վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, եւ վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` «Տոկիո-2020»: Դրանք կմեկնարկեն 2021թ. հուլիսի 23-ին եւ կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 

 

ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄՐՑԱՆԱԿԻՆ

Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճած Լյուիս Հեմիլթոնը հավակնում է BBC Sports Personality of the Year Award մրցանակին, որը շնորհվում է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն մարզիկին: «Մերսեդեսի» 35-ամյա ավտոարշավորդից բացի, մրցանակին հավակնում են նաեւ ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնն ու կրիկետի աստղ Ստյուարդ Բրոդը: Եվս 3 հավակնորդների անուններ կհրապարակվեն առաջիկայում, իսկ հաղթողը հայտնի կդառնա դեկտեմբերի 20-ին: Նախորդ տարի այս մրցանակին արժանացել է կրիկետի խաղացող Բեն Սթոուկսը: Թենիսիստ Էնդի Մարեյը միակ մարզիկն է, որը 3 անգամ ստացել է մրցանակը:

 

 

ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՌԻՆԳ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լյուիսը հայտարարել է, որ կարող է հետեւել Մայք Թայսոնի օրինակին եւ վերադառնալ ռինգ: «Իհարկե, կարող եմ: Ինչպես երեւում է, դա շատ զվարճալի է: Նայե՛ք Մայք Թայսոնին: Նա տարբեր բաներով է զբաղվել կյանքում եւ գիտի՝ ինչպես ուրախացնել մարդկանց: Ես հետաքրքրվել եմ, թե ինչու են բռնցքամարտիկները վերադառնում ռինգ: Շատերն այդպես են վարվում, քանի որ այլ բան չկա անելու: Մարդիկ մոտենում են նրանց եւ հարցնում, թե երբ է նրա հաջորդ մենամարտը, եւ ով է մրցակիցը: Արդյունքում դա լավ ավարտ չի ունենում: Այդ պատճառով ես միշտ խուսափել եմ դրանից: Սակայն եթե լինի համապատասխան առաջարկ, ես կարող եմ վերադառնալ: Կային խոսակցություններ, որ ինձ հետ ցանկանում է մենամարտել Ռիդիկ Բոուին: Այնպես որ, մենք դեռ անավարտ գործ ունենք»,- ասել է 55-ամյա ամերիկացին։

 

 

 




Լրահոս