ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՁԱԽՈՂԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի աշխատանքային տարին, կարելի է ասել, ձախողեց: Այս տարվա ընթացքում տարբեր առիթներով քաղաքապետը կամ նրա աշխատակիցները տեղեկացրին, որ Մարությանը արձակուրդում է, կոնտակտ է ունեցել կորոնավարակակրի հետ, ինքնամեկուսացած է, հետո՝ էլի արձակուրդ է եւ այդպես շարունակ: Բայց որպեսզի հաշիվը չկորցնենք, թե Մարությանը քանի անգամ է մեկուսացել եւ քանի անգամ արձակուրդի մեկնել, գնանք իրադարձությունների հետքերով: Եւ այսպես, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում արձակուրդ էր վերցրել մարտ, հուլիս եւ օգոստոս ամիսներին: Մարտ ամսին հայտարարվեց, որ Մարությանը կարճատեւ արձակուրդ է վերցրել եւ մարտի 10-ին մեկնել երկրից, մարտի 14-ին վերադարձել: Հունիսի սկզբին քաղաքապետը մեկուսացել էր, որովհետեւ իր քարտուղարուհին կորոնավիրուսով վարակված է եղել. կասկածել է՝ գուցե վարակակիր լինի, ինքնամեկուսացել է: Ինքնամեկուսացումից վերադառնալուց հետո Մարությանը հուլիսին շտապել է արձակուրդ վերցնել եւ հուլիսի 27-31-ը ներառյալ կարճատեւ արձակուրդում է եղել: Դրանից 10 օր հետո՝ արդեն օգոստոսի 11-ին, Երեւանի քաղաքապետը կրկին երկու շաբաթով մեկնել է արձակուրդ մինչեւ օգոստոսի 25-ը: Արձակուրդից վերադառնալուց հետո, երբ պետք է լիներ աշխատանքային հրապարակային նիստ, սեպտեմբերի 8-ին ավագանու նիստը Մարությանը էլի չվարեց: Նրան փոխարինեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հայտարարելով, որ քաղաքապետը վատառողջ է: Թե դրանից հետո քանի օր է առողջացել եւ աշխատանքի գնացել, ինչ է արել, չգիտենք, բայց փաստ է, որ երբ պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, երկիրը գլխիվայր շուռ եկավ, հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ բոլոր համայնքների ղեկավարները պետք է ջոկատներ կազմեն եւ առաջնագիծ գնան: Վարչապետի օգնության կանչից ավելի քան 2 շաբաթ հետո Հայկ Մարությանը Երեւանի ջոկատ ձեւավորեց, գնաց սահմանագծին մոտ, բայց նրա քաջագործությունների մասին չհասցրինք տեղեկանալ, քանի որ պատերազմը նոյեմբերի 9-ի գիշերը դադարեց: Նոյեմբերի 21-ին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ Մարությանը կորոնավիրուսով է վարակվել եւ որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, այսինքն՝ Երեւանի քաղաքապետը դարձյալ արձակուրդում է: Տարեկան աշխատանքային օրերի միջին թիվը 220 է, չնայած որ տարին դեռ չի ավարտվել, բայց Մարությանը տարվա գրեթե կեսը չի աշխատել, իսկ եթե աշխատել է, ապա կիսատ-պռատ: Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստացել Պրահայում 5 բնակարան, 2 հողամաս եւ 1 առանձնատուն ունեցող քաղաքապետը: Նրա ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 420 հազար դրամ: Ինքը՝ քաղաքապետը, մարտ ամսվա աշխատավարձը փոխանցել էր շտապօգնության հաշվեհամարին:  Այս առնչությամբ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց. «Նույնիսկ քաղաքապետարանում հումոր է շրջանառվում, որ քաղաքապետարանի ամեն աշխատողի վարակվելուն զուգահեռ Մարությանն ինքնամեկուսացել է: Բայց իրականում մենք հասկանում ենք, որ ինքն այս տարվա ամբողջ ընթացքում, որպես այդպիսին, կառավարում, իր պարտականությունների պատշաճ կատարում չի իրականացրել»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 16 կուսակցությունների կողմից դեկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը հրավիրված համապետական հանրահավաքին ընդդիմադիր ուժերը շատ լուրջ են պատրաստվում: Մեր տեղեկությունների համաձայն՝ արտախորհրդարանակն ընդդիմադիր ուժերը որոշել են ամեն ինչ անել, որպեսզի այդ օրը շատ բազմամարդ լինի ու կարողանան իշխանություններին ապացուցել, որ Ազատության հրապարակում արդեն բազմահազարանոց մարդկանց զանգվածը պահանջում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի: Եթե այս օրերին հիմանականում ՀՅԴ-ականերն ու ԲՀԿ-ականներն են ակցիաներ իրականացրել, փողոցներ փակել, ապա շաբաթ օրը 16 կուսակցություները միասին օգտագործեու են իրենց բոլոր ռեսուրսները արդյունքի հասնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պլանավորված է, որ ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանը եւս պետք է Ազատության հրապարակում ելույթ ունենա ու նշի, թե ինչպես պետք է հասնել վարչապետի հրաժարականին: 16 կուսակցությունների բոլոր առաջնորդները ներկա են լինելու հանրահավաքին, եթե, իհարկե, ինչ-որ խոչընդոտող բաներ տեղի չունենան: Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը եւս նախատեսում է հարթակից ելույթ ունենալ ու նշել, թե ազգային համաձայնության կառավարություն ստեղծելն ինչ է տալու այս պահին Հայաստանին:

 

 

 

Կառավարության երեկվա նիստում չզեկուցվող նախագծերի շարքում ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ աղմուկը չի դադարում: Նախագծի անցումային դրույթներում կարդում ենք. «Սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում եւ հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձեւավորումը այդ բուհերում ու գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»: Սա նշանակում է, որ բուհերի ռեկտորներին այսուհետ նշանակելու է նախարարը: Այն, որ սա հակասահմանադրական է, այլեւս քննարկման ենթակա չէ: Սահմանադրության 38 -րդ հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը հստակ սահմանում է «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը»: Սակայն  այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս. արդյոք այս փոփոխությունը վերաբերելու է միայն թափուր մնացած ռեկտորների պաշտոնների՞ն, թե՞ նաեւ  գործող ռեկտորների, որոնք նախարարի սրտով չեն լինի: Հենց այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմեցինք ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանին, նա առաջարկեց հարցը գրավոր ուղարկել՝ խոստանալով կարճ ժամանակում պատասխանել, ապա զանգահարեց եւ ասաց, թե հարցին պատասխանելու համար իրավաբանական հարցեր կան, որոնք պետք է ճշգրտվեն: Այսինքն՝ անգամ նախարարությունը չգիտի՝ ինչ նախագիծ է, ինչ է սահմանվելու նոր նախագծով, ում է վերաբերելու։ Ու այսքանից հետո հարց է՝ ինչու է նախագիծը հրատապ համարվել։

 

 

 

Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի եւ շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով: Օրինակ, բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 20.5 տոկոս: Միրգը է թանկացել 1.9 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում եւս թանկացում է արձանագրվել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվայլներով՝ այս շուկաներում գնաճը կազմել է 2 տոկոս: Օրինակ՝ ձուն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 7.6 տոկոսով, իսկ, ահա, շաքարավազի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված թանկացումը կազմել է 2 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեն գնաճ արձանագրել է ձկան եւ ծովամթերքի շուկաներում 0.5 տոկոսով: Նշենք, որ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը մեկ ամսվա ընթացքում թանկացել են 0.4 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գները նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել են 0.2 տոկոսով: Փոխարենը նվազել են սուրճի, թեյի կակաոյի գները՝ 0.1 տոկոսով: Իսկ մսամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:




Լրահոս