ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց օրակարգում ՀՀ վարչապետի հրաժարականի հարց չկա, իսկ ընդդիմության թեկնածուն` Վազգեն Մանուկյանը, կարող է առաջադրվել, դա ոչինչ չի փոխում:
Ըստ Աղազարյանի՝ Նիկոլ Փաշինյանը միակն է, որ կարող է Հայաստանը ստեղծված ծանր վիճակից դուրս բերել: Իշխանական պատգամավորի կարծիքով՝ ընդդիմության իրավունքն է բողոքի ակցիաներ իրականացնելը, պահանջներ ներկայացնելը, բայց այն է հարցը, որ ՀՀ վարչապետն արդեն ներկայացրել է 6 ամսվա ճանապարհային քարտեզ:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Վազգեն Մանուկյանի՝ վարչապետի թեկնածու լինելը։
-Ես որեւէ գնահատական չեմ կարող տալ։ Որպես անձնավորություն ես իրեն վատ չեմ վերաբերվում։
-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Վազգեն Մանուկյանը այս ծանր վիճակից Հայաստանը կկարողանա՞ դուրս բերել։
-Չէ, այս ծանր վիճակից Հայաստանը կարող է դուրս բերել միայն Նիկոլ Փաշինյանը։
-Իսկ ընդդիմության թեկնածուն Ձեզ համար ընդունելի չէ՞։ Ճանաչո՞ւմ եք պարոն Մանուկյանին։
-Ճանաչում եմ Պարոն Մանուկյանին։ Մենք ունենք մեր պատասխանատվության զգացողությունը եւ մեր թիմը։ Թող իրենք իրենց ճանաարհներով փորձեն հասնել իրենց նպատակին։ Եթե կհասնեն, կհասնեն, խնդիր չկա, եթե չէ, իմ վերաբերմունքը այդտեղ էական չէ։
-Իսկ, ըստ Ձեզ, այս պահին իրենք հնարավորություն ունե՞ն հասելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Արյդոք իշխանությունն առաջիկայում մտադի՞ր է հրաժարական ներկայացնել եւ համաձայնության կառավարություն ստեղծել։
-Չէ՛, չէ՛, այդպիսի հարց մեր օրակարգում չկա։ Ես չեմ կարծում, որ իրենք հաջողության կհասնեն։ Իրենք կարող են հարցը մտցնել խորհրդարան՝ քննարկման, բայց դրանից այն կողմ առաջ չեն գնա։
-Կարծում եք, սա ուղղակի ընդամենը քննարկվող հարց է, որն այս պահի դրությամբ որեւէ լուծում չունի՞, որեւէ ձեւով հաջողության չի՞ հասնելու։
-Այո, մենք մեր թիմով դեմ ենք այս պահին ժամանակավոր կառավարության ստեղծմանը։ Մենք ունենք կառավարություն, աշխատում ենք, եւ հետեւաբար ընդդիմադիր մեր գործընկերները պետք է փորձեն իրենց նպատակներին հասնել օրենքով նախատեսված կարգով։ Հասնում են, թող հասնեն, չէ՝ չէ. պետք է սպասեն ընտրություններին։
-Պարո՛ն Աղազարյան, չե՞ք կարծում, որ այս պահին պետք է իշխանությունը կիսել, ինչպես դա անում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
-Դե հիմա կառավարությունը ձեւավորել է Ազգային Ժողովը, փաստորեն, որովհետեւ ներկայացված են երեք խմբակցություններ, որտեղ ամենամեծ խմբակցությունը մերն է։ Աս իմաստով ամեն ինչ օրենքի շրջանակներում է, եւ հիմա արհեստականորեն նման հարցեր լուծել այն դեպքում, երբ մենք եւ վարչապետը պատրաստ ենք այս կամ այն պատասխանատու պոստին ընտրել մարդու առանց իր կուսակցական պատկանելիության։ Դրանից այն կողմ էլ ի՞նչ կարելի է անել։
-Պարո՛ն Աղազարյան, փողոցում մարդիկ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դա չափանիշ չէ՞, որպեսզի Փաշինյանը հրաժարական տա։
-Չէ, չեմ կարծում, որ դա չափանիշ է, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, հասարակության լայն շրջանակներում տրամադրությունն այլ է։
-Ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, որոնք փողոցում ցույցեր են անում, ճանապարհներ են փակում։
-Դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Իրենք իրավունք ունեն պայքարելու, իրենց բողոքը ներկայացնելու։ Ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ես ամեն ինչ նայում եմ օրենքի շրջանակներում։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
Ազգային ժողովի առաջիկա քառօրյային կքննարկվի «Կուսակցությունների մասին» օրենքում «Իմ քայլը» խմբակցության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որը հրապարկվել է դեռ սեպտեմբերին, սակայն քննարկումները պատերազմի պատճառով հետաձգվել են։ Նախագծով առաջարկվում են մի քանի առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխություն։
«Որպեսզի կուսակցությունների ֆինանսավորումն ավելի թափանցիկ լինի եւ հավասարակշռված, որպեսզի քաղաքականության մեջ օրենքը գոնե հնարավորություն չտա անհայտ ծագումով փողերի շրջանառություն։ Դա շատ կարեւոր էս ոլորտի հետ կապված փոփոխություն է։ Մենք արգելում ենք բիզնեսին, ըստ էության, իրավաբանական անձանց որեւէ կերպ կուսակցություններին ֆինանսավորել, բնականաբար, արտասահմանից ֆինանսավորումը, որն արդեն իսկ կար, բայց դրա կառուցակարգերն են ավելի ամրապնդված», – ասաց օրինագծի հեղինակներից պատգամավոր Համազասպ Դանիելյանը։ Նախագծով առաջարկվում է արգելել բիզնեսին ֆինանսավորել կուսակցություններին, անհատական նվիրատվությունների թույլատրելի սահմանաչափը նվազեցվում է՝ 10 միլիոնի փոխարեն դառնում է 2.5 միլիոն, վերանայվում է նաեւ կուսակցությունների հանրային կամ պետական ֆինանսավորման կարգը։ Պատգամավորի խոսքով՝ շուրջ մեկ տարի շարունակ՝ նախագիծը մշակելիս, դիտարկել են բազմաթիվ երկրների փորձը, համագործակցել միջազգային կառույցների հետ, ստացել Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքը։ Դանիելյանը հիշեցնում է, որ 2018-ի ընտրություններից հետո իրենց խմբակցության գլխավոր խոստումներից է եղել Ընտրական օրեսգրքի եւ« Կուսակցությունների մասին» օրենքի վերանայումը։
«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը «Կուսակցությունների մասին» օրենքում սեղանին դրված փոփոխությունների առաջարկը դիտարկում է եղած խնդիրների ու նպատակների տեսանկյունից։ Ըստ նրա՝ խնդիր է ավտորիտար, ոչ մասնակցային կուսակցությունների փոխարեն ունենալ թափանցիկ գործող ու ժողովրդավարական կուսակցական համակարգ։ Իսկ այդ խնդիրները, Նահապետյանի խոսքով, առաջարկված նախագծով չեն լուծվում։
«Այդպիսի օրենքը, մենք կարծում էինք, որ կարող է իր մեջ ունենալ որոշակի կարգավորումներ, որոնք ոչ թե կլինեն առաջիկա 100-ամյակի համար, այլ առաջիկա 5-ամյակի, 10-ամյակի համար։ Մենք՝ կուսակցություններս, կամավոր կերպով կհամաձայնեինք 5 տարի ապրել շատ ավելի կոշտ կարգավորումներով՝ հանուն հետագայում ավելի բաց, ավելի մրցակցային, ժողովրդավարական քաղաքական համակարգ ունենալու», – ասաց Նահապետյանը՝ ընդգծելով՝ չի տեսնում, թե ինչպես է օրենքի նախագիծն առաջարկում լուծել Հայաստանում եղած քաղաքական արատները։ Ամփոփելով ՔՈ ներկայացուցիչը նշեց. ««Իմ քայլի» առաջարկած նախագիծը կաշխատեր կայացած ժողովրդվարություն ունեցող որեւէ երկրում, բայց ոչ Հայաստանում, որտեղ պետք են ավելի կոշտ կարգավորումներ։ Կարող է, շատ լավ օրենք լինի, բայց եթե էսօր խնդիր չի լուծում, էդ ապագան չի գալու»։
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ: Արզումանյանը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը, առաջնագծում իրականացվող աշխատանքները եւ նոր ենթակառուցվածքների ստեղծման ընթացքը: ՊԲ հրամանատարն ընդգծել է, որ հետագա խնդիրների լիարժեք կատարման եւ Արցախի անվտանգության ապահովման համար ընթանում են զորքերի վերակազմակերպման եւ ստորաբաժանումների խնդիրների ու կառուցվածքի վերանայման աշխատանքներ: Հայաստանի պաշտպանության նախարարը կարեւորել է Պաշտպանության բանակում իրականացվող լայնածավալ աշխատանքները, հավաստիացրել, որ ձեռնարկվելու են հնարավոր բոլոր գործողությունները Հայաստանի եւ Արցախի անվտանգային համակարգի վերափոխման եւ առավել ամրապնդման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հետ գործակցությանը վերաբերող հարցերին: Վաղարշակ Հարությունյանն այցելել է նաեւ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն, զրուցել զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ, նշել որոնողական խմբերի ավելացման անհրաժեշտության մասին:
ՄԵԾ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանը ԵԱՀԿ երկրներից ակնկալում է ավելի մեծ աջակցություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման հարցով պայմանավորվածություններին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներին ուղղված ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի տեսաուղերձում. հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը պահանջված է մնում: ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների լուծման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է մեծ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Դա ենք ակնկալում նաեւ Լեռնային Ղարաբաղում կարգավորման նկատմամբ: Գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռահամանախագահների միջեւ համագործակցությունը»,-ասել է Լավրովը: