Կառավարության երեկվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունվել եւ հրատապ կերպով խորհրդարան է ուղարկվել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը: Ո՞րն է այս նախագծի հրատապությունը, ինչո՞ւ է ռազմական դրության մեջ գտնվող մեր երկրում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունումը այսքան հրատապ դիտարկվել:
Բայց մինչ իրավական դետալների մեջ խորանալը, տեղեկացնենք, որ Հայաստանում գործում է 24 պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնցից 5 բուհեր մնացել են առանց ռեկտորների: Այդ բուհերից բոլորը չունեն ռեկտորներ, իսկ մի քանիսը չունեն անգամ ձեւավորված հոգաբարձուների խորհուրդ: Այդ առումով ամենամտահոգիչ իրավիճակում Երեւանի պետական համալսարանն է, որը երկար ժամանակ է՝ չի կարողանում խնդիրը կարգավորել եւ շարունակում է ղեկավարվել ռեկտորի պաշտոնակատարի կողմից՝ չունենալով նաեւ գիտական խորհուրդ:
Ռեկտորի պաշտոնակատարներով են շարունակում իրենց գործունեությունը նաեւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը (պաշտոնակատար Դավիթ Խիթարյան), Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյան): Նույն իրավիճակն է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, որտեղ արդեն մեկ տարի է՝ ռեկտորի պաշտոնակատար է Եղիազար Վարդանյանը: Ռեկտոր չունեցող մյուս բուհն է Պոլիտեխնիկական համալսարանը, իսկ Տնտեսագիտական համալսարանի պարագայում էլ մի կերպ կարողացան կարողացան Դիանա Գալոյանին ռեկտոր ընտրել:
Հիմա փորձենք հասկանալ՝ առանց ղեկավար մնացած բուհերի գործունեության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ Կառավարության կողմից հրատապ ճանաչված օրենքի նախագիծը:
Նախագծի անցումային դրույթներում կարդում ենք. «Սույն օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում եւ հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձեւավորումը այդ բուհերում եւ գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»:
Հիմա փորձենք վերլուծել այս նախագծի վտանգները, անօրինականությունն ու հրատապի անվան տակ այլ՝ քաղաքական խնդիր լուծելու միտումը:
Առաջին հերթին պետք է արձանագրենք, որ եթե այս օրենքով նպատակ է դրված առանց ռեկտոր տարիներով մնացած բուհերում ռեկտորի առկայություն ապահովելը, ապա ինչո՞ւ է դա արվում ոչ թե 1 տարով՝ անցումային ռեկտոր ունենալու խնդիրը լուծելու համար, այլ 5 տարով: Այդպես, ըստ էության, ռեկտորի պաշտոնավարման մի ողջ ժամկետ է տրվում նախարարի կողմից նշանակված անձին:
Երկրորդ՝ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Հետեւաբար, եթե որեւէ նախարար նշանակի որեւէ բուհում ռեկտորի, չի կարող դա անել առանց թիմի անդամների հետ խորհրդակցելու, ասել է թե՝ քաղաքական շահագրգռվածության: Հետեւաբար՝ նախարարը չի կարող ապաքաղաքական որոշումներ կայացնել եւ ռեկտոր նշանակել ոչ թե թիմի շահերից ելնելով, այլ իսկապես բուհը կառավարման հանձնել անկախ, գիտակ մարդկանց: Աներկբա է, որ այս օրենքով փաստացի ապաքաղաքական բուհերին զրկում են ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից՝ այն վերապահելով քաղաքական պաշտոնյա նախարարին:
Երրորդ՝ ինչո՞ւ է այս նախագիծը կառավարությունը հրատապ է ճանաչել եւ ուղարկել խորհրդարան: Որքանո՞վ է ռազմական դրության պայմաններում այսպիսի նախագծի ընդունումն ու քննարկումը հրատապ, կարեւոր այն պարագայում, երբ այս նախագծի քննարկումները երկար ժամանակ շարունակվում էին, եւ ամենեւին այս պահին նախագծի ընդունումը հրատապ չէր:
Եւ վերջապես՝ չորրորդ՝ այս փոփոխությունը հակասահմանադրական է. Սահմանադրության 38 -րդ հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը հստակ սահմանում է. «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը»: Ակնհայտ է, որ օրենքի ընդունումից հետո ինքնակառավարման եւ ակադեմիական ազատության մասին պետք է իսպառ մոռանալ:
Ինչպես նշեցինք, այս նախագծի քննարկումները շարունակվում են գրեթե երկու տարի: Եվ ուշագրավ է, որ օրենքում վերը նշված դրույթը վերջին պահին է ավելացվել, եւ անգամ ոլորտի ներկայացուցիչները «Արմլուր» րատվականի հետ զրույցում վստահեցրեցին, որ հանրային քննարկմանը մասնակցած անձինք կամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները տեղյակ չեն եղել այդ դրույթի ավելացման, առավել եւս կառավարության կողմից նախագիծը հրատապ ճանաչելու որոշման մասին: Ընդ որում, նույնիսկ ԱԺ մասնագիտական հանձնաժողովի անդամ պատգամավորները «Արմլուր»-ի հետ մասնավոր զրույցներում նկատում էին, որ վաղուց այս հարցով որեւէ քննարկում չի եղել, եւ զարմանք էին արտահայտում՝ ինչու է հիմա հրատապ դարձել խնդիրը:
Ի վերջո, ինչպե՞ս են այս ամենին արձագանքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: Armlur.am-ին հաջողվեց կապ հաստատել փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, թե ինքը չի զբաղվում այս ոլորտով: Տեղեկացրեց, որ ոլորտը վերահսկող փոխնախարարի հաստիքն էլ դեռ թափուր է, քանի որ նախկինում այդ հարցերի կարգավորմամբ զբաղվում էր Գրիշա Թամրազյանը, որը աշխատանքից ազատվելու դիմում գրեց, հեռացավ: Իսկ նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքսեթյանն էլ հորդորեց հարցը գրավոր ուղարկել՝ խոստանալով կարճ ժամանակում պատասխանել հարցերին: Իհարկե, ուղարկել ենք: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք: Բայց առաջին տպավորությամբ՝ անգամ ԿԳՄՍ նախարարությունում, կարծես թե, այս հարցը հրատապ չեն համարվում:
Իսկ ի՞նչ տեսակետ ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը. «Արմլուր» լրատվականը տեղեկացավ, որ այս պահին ՄԻՊ գրասենյակում քննարկումներ են ընթանում, եւ քիչ անց համապատասխան հայտարարությունը կլինի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է հայտարարություն, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԹԲԱՇՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը:
Դմիտրի Աթբաշյանը եղել է նաեւ Լեռային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ: 2015-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Աթբաշյանին պարգեւատրել էր «Երախտագիտություն» մեդալով: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է Դմիտրի Աթբաշյանի ընտանիքին եւ հարազատներին։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործմանն առնչվող հարցեր», – ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած մամլո հաղորդագրությունում:
ԱԶԱՏՎԵՑ
Հունան Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը հրաժարականի մասին հյայտարարել էր նոյեմբերի 30-ին։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման Վիեննայում հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Այդ մասին Էդի Ռաման ասել է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նիստի բացման խոսքում: Առաջին անգամ կազմակերպության պատմության ընթացքում նիստը տեղի է ունենում տեսակապի միջոցով, ինչը պայմանավորված է նոր կորոնավիրուսի համավարակով: «Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են, հիմա եկել է ստանձնած համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակը: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն: Բովանդակային բանակցությունները պետք է շարունակվեն», – ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:
ԱՎԱԳԱՆԻՆ՝ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանի լիազորությունները դադարեցվել են Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի որոշմամբ։ Որոշման տեքստում նշվում է, որ նրա լիազորությունները դադարեցվել են 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 4-րդ մասի հիմքով, այն է՝ անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմումը։ ԿԸՀ-ն հայտնել է, որ հաշվի առնելով պատգամավորի թեկնածուներ Զարուհի Մաթեւոսյանի եւ Մեսրոպ Պապիկյանի ինքնաբացարկի դիմումները՝ սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։
ՀԻՆԳ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Կառավարությունը հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծով նախատեսվում է զոհերի ընտանիքներին աջակցություն տրամադրել 5 միլիոն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց, ըստ խմբերի, համապատասխանաբար երեք, երկու ու մեկ միլիոն դրամ, երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ երեք միլիոն դրամ: Նախարարն ասաց, որ նշված իրավակարգավորումները համահունչ են սահմանամերձ համայքներին տրվող աջակցության մասին օրենքի կարգավորումներին: