ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՁԱԽՈՂԵՑ ՏԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի աշխատանքային տարին, կարելի է ասել, ձախողեց: Այս տարվա ընթացքում տարբեր առիթներով քաղաքապետը կամ նրա աշխատակիցները տեղեկացրեցին, որ Մարությանը արձակուրդում է, կոնտակտ է ունեցել կորոնավարակակրի հետ, ինքնամեկուսացած է, հետո՝ էլի արձակուրդ է եւ այդպես շարունակ: Բայց որպեսզի հաշիվը չկորցնենք, թե Մարությանը քանի անգամ է մեկուսացե՝ եւ քանի անգամ արձակուրդի մեկնել, գնանք իրադարձությունների հետքերով:

 

Եւ այսպես, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում արձակուրդ էր վերցրել մարտ, հուլիս եւ օգոստոս ամիսներին: Այսպես, մարտ ամսին հայտարարվեց, որ Մարությանը կարճատեւ արձակուրդ է վերցրել եւ մարտի 10-ին մեկնել երկրից, մարտի 14-ին վերադարձել: Լրատվամիջոցները գրել էին, որ հունիսի սկզբին քաղաքապետը մեկուսացել է, որովհետեւ իր քարտուղարուհին կորոնավիրուսով վարակված է եղել. կասկածել է՝ գուցե վարակակիր լինի, ինքնամեկուսացել է: Քանի որ ինքնամեկուսացման շրջանը 2 շաբաթ է, ենթադրաբար քաղաքապետ Մարությանը հունիսին 2 շաբաթ աշխատանքի չի ներկայացել: Եւ ստացվում է՝ ինքնամեկուսացումից վերադառնալուց հետո Մարությանը հուլիսին շտապել է արձակուրդ վերցնել եւ հուլիսի 27-31-ը ներառյալ կարճատեւ արձակուրդում է եղել: Դրանից 10 օր հետո՝ արդեն օգոստոսի 11-ին, Երեւանի քաղաքապետը կրկին երկու շաբաթով մեկնել է արձակուրդ մինչեւ օգոստոսի 25-ը: Արձակուրդից վերադառնալուց հետո, երբ պետք է լիներ աշխատանքային հրապարակային նիստ, սեպտեմբերի 8-ին ավագանու նիստը Մարությանը էլի չվարեց: Նրան փոխարինեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հայտարարելով, որ քաղաքապետը վատառողջ է: Թե դրանից հետո քանի օր է առողջացել եւ աշխատանքի գնացել, ինչ է արել, չգիտենք, բայց փաստ է, որ երբ պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, երկիրը գլխիվայր շուռ եկավ, հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ բոլոր համայնքների ղեկավարները պետք է ջոկատներ կազմեն եւ առաջնագիծ գնան: Վարչապետի օգնության կանչից ավելի քան 2 շաբաթ հետո Հայկ Մարությանը Երեւանի ջոկատ ձեւավորեց, գնաց սահմանագծին մոտ: Համենայնդեպս, նոյեմբերի 9-ին քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ Մարությանի կազմած ջոկատն օրեր առաջ մեկնել է առաջնագիծ. թե կոնկրետ երբ, հստակ նշված չէ: Բայց նրա քաջագործությունների մասին չհասցրեցինք տեղեկանալ, քանի որ պատերազմը նոյեմբերի 9-ի գիշերը դադարեց: Մարությանը, որ վստահաբար էկրան բարձրանալուն կարոտել է, գնաց, Արցախի նախագահի հետ լուսանկարվեց, իբրեւ թե կարեւոր գործ է անում, եւ վերադարձավ Երեւան: Չգտենք՝ քանի օր գործի գնաց, բայց նոյեմբերի 21-ին քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ Մարությանը կորոնավիրուսով է վարակվել եւ որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետը դարձյալ արձակուրդում է: Տարեկան աշխատանքային օրերի միջին թիվը 220 է, չնայած որ տարին դեռ չի ավարտվել, բայց Մարությանը տարվա գրեթե կեսը չի աշխատել, իսկ եթե աշխատել է, ապա կիսատ-պռատ: Իսկ որքա՞ն աշխատավարձ է ստացել Պրահայում 5 բնակարան, 2 հողամաս եւ 1 առանձնատուն ունեցող քաղաքապետը: Նրա ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 420 հազար դրամ: Ինքը՝ քաղաքապետը, մարտ ամսվա աշխատավարձը փոխանցել էր շտապօգնության հաշվեհամարին: Նկատենք, որ խնդիրը բարձրաձայնել է նաեւ Երեւան ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հայտարարելով. «Հիմա ինքը կորոնավիրուսով վարակված է, բայց մինչ այդ քաղաքապետն այնքան մեկուսացավ, արձակուրդ վերցրեց, արդեն այդ թիվը անհնար կլինի հաշվել, թե որն էր արձակուրդով, որն էր մեկուսացված, որն էր վճարովի: Ինքը փաստացի այս փետրվար, մարտ ամիսներից, երբ համաճարակը սկսվեց, շատ հազվադեպ է Երեւանի քաղաքապետարան գնացել»: Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատողները համակերպվել արդեն ղեկավարի մշտապես բացակայելուն: «Դա քաղաքապետարանի շենքի ներսում հայտնի իրողություն է, հիմա ես կարող է տեսած չլինեի, բայց իր հետ աշխատողները, ովքեր իր մոտ թուղթ ունեն մտցնելու, մակագրություն ստանալու, այսպես կոչված, զեկուցելու, բոլորն էլ ասում են, որ այդ ժամանակահատվածում տեղում չի եղել, հազվադեպ եկել գնացել է, կապը հիմնականում հեռախոսով է եղել: Նույնիսկ քաղաքապետարանում հումոր է շրջանառվում, որ քաղաքապետարանի ամեն աշխատողի վարակվելուն զուգահեռ Մարությանն ինքնամեկուսացել է: Բայց իրականում մենք հասկանում ենք, որ ինքն այս տարվա ամբողջ ընթացքում, որպես այդպիսին, կառավարում, իր պարտականությունների պատշաճ կատարում չի իրականացրել: Դա ակնհայտ է, տեսանելի է, ոչ մի նոր բան, ոչ մի բան, որ եղած պլանից դուրս է, չի իրականացվել»,- նկատեց ավվագանու անդամը: Սրան զուգահեռ, իրականության մեջ երեւանցին շարունակում է մահաբեր «գազելներով» երթեւեկել, ապրել այն շենքերում, որի նկուղներն առնետներով ու կոյուղաջրերով են լցված: Հավելենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետը այս ընթացքում Երեւանում ոտքով չի շրջել ու չի նկատում, թե ինչ վիճակում է մայրաքաղաքը, մինչդեռ ընտրվելիս լրիվ այլ խոստումներ էր տալիս:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից: «Ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման իր գործառույթի իրականացումը։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից, այլ քաղաքացիների իրավունքի դեմ ոտնձգելու, համայնքների բնականոն կենսագործունեությանը խոչընդոտելու գործողություններից։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, բայց մյուս քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի, լռության ռեժիմի պահպանման եւ այլ իրավունքներ։ Մասնավորապես, իրավական պատասխանատվություն են առաջացնում քաղաքացիների տեղաշարժին եւ տրանսպորտային երթեւեկությանը խոչընդոտելու դեպքերը։ Ճանապարհային երթեւեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները, ինչպես եւ կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներն ու չստեղծել վթարային իրադրություն: Հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Ոստիկանությունը կրկին հաստատում է, որ իր բոլոր գործողություններն ուղղված են հասարակական կարգի պահպանմանը եւ բոլո՛ր քաղաքացիների իրավունքների ու անվտանգության պաշտպանությանը»։

 

 

ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի համայնքապետարանում 2010թ. հունվար ամսին պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Արմավիր համայնքի նախկին ղեկավարը, նրա տեղակալը, օգնականը, համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետը եւ նույն բաժնի առաջին կարգի մասնագետը, ընդգրկված լինելով Արմավիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքային սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության եւ (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի կազմում, առանց մրցույթ կազմակերպելու, 25.01.2010թ. թվագրմամբ կազմել, ստորագրել եւ շրջանառության մեջ են դրել մրցույթի արդյունքների վերաբերյալ կեղծ արձանագրություն, որով Արմավիր համայնքի քաղաքային զբոսայգու հարակից, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված օտարումն արգելված 360.0քմ մակերեսով հողամասը 75 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել է Արմավիր համայնքի այդ ժամանակ գործող ղեկավարին՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, այնինչ վերջինս նշված մրցույթին չի մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում բացակայել է ՀՀ-ից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր համայնքի ղեկավարի նախկին տեղակալին եւ համայնքապետարանի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, եւ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Քրգործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

 

5-ՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՄԻՊ-ԻՑ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միջազգային մարմիններին կներկայացնի էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ 5-րդ զեկույցը:  Արման Թաթոյանը հայտարարել է. «Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաեւ Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է: Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների եւս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների եւ ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին: Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում՝ հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաեւ Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարեւոր գործառույթներ»։

 

 

ԽՄԱԾՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆՈՎ

Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 36-ամյա Պերճ Մելքոնյանի վարած BMW մակնիշի եւ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմենակ Հովհաննիսյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:  Վթարի հետեւանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը, ուղեւորներ, Հարթագյուղ գյուղի բնակիչներ 54-ամյա Սամվել Հովհաննիսյանը, 51-ամյա Լալա Հովհաննիսյանը, Սպիտակ քաղաքի բնակիչներ 29-ամյա Հայաստան Հովհաննիսյանը, 59-ամյա Հայաստան Սամվելյանն ու 2-ամյա Միշա Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վթարից հետո BMW-ի վարորդ Պ. Մելքոնյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն ժամերի ընթացքում ոստիկանութունը հայտնաբերել է նրան։ Նա ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճանի:

 




Լրահոս