Հայաստանում աղքատության մակարդակը 2019-ին կազմել է 26.4% այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նկատմամբ գրանցել է զգալի աճ՝ 7.6%, որը գերազանցում է 2018-ին գրանցված 5.2% աճին: Սպառողական գների ինդեքսը 2018-ի նկատմամբ աճել է 1.4 %-ով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2019-ի աղքատության մակարդակի ցուցանիշը համադրելի չէ 2018-ին արձանագրված 23.5% աղքատության ցուցանիշին՝ պայմանավորված աղքատության գծի, ինչպես նաեւ սպառման եւ աղքատության չափման մեթոդաբանության փոփոխությամբ: 2019-ի համար գնահատված աղքատության մակարդակները 2009թ. սպառման զամբյուղի եւ մեթոդաբանության վրա հիմնված աղքատության գնահատման ցուցանիշներից տարբերվում են երեք առումով՝
ա) սպառման ագրեգացված ցուցանիշը հաշվարկվել է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (ՏՏԿԱՀ-ում) վերանայված հարցաշարի տվյալների հիման վրա,
բ) ՏՏԿԱՀ-ում կիրառվել է տվյալների հավաքման նոր մեթոդ` գրասալիկի (պլանշետ) միջոցով,
գ) փոփոխվել է աղքատության գծերի հաշվարկման մեթոդաբանությունը:
Բնակչության բարեկեցության, կենսամակարդակի գնահատման կարեւոր քանակական ցուցանիշ է համարվում տվյալ երկրում աղքատության մակարդակը: Աղքատությունն արտահայտվում է տարբեր ձեւերով եւ շոշափում կյանքի տարբեր կողմերը` սպառում, պարենային անվտանգություն, առողջություն, կրթություն, իրավունքներ, ներառյալ ձայնի, անվտանգության, արժանապատվության եւ արժանապատիվ աշխատանքի իրավունքը: Բնակչության կենսամակարդակի փոփոխության դինամիկան նկարագրվել է նյութական եւ ոչ նյութական աղքատության տեսանկյունից: Ոչ նյութական աղքատության բնորոշիչներն են` վատ առողջությունը, կրթական ցածր մակարդակը կամ անգրագիտությունը, սոցիալական անտեսվածությունը կամ մերժվածությունը, անպաշտպանվածությունը, իրավունքների եւ խոսքի ազատության անկիրառելիությունը, այն է՝ գործնականում սեփական խնդիրների մասին հայտնելու անկարողությունը: Ոչ նյութական աղքատության հաղթահարման հիմնական ուղղությունը կրթական, առողջապահական եւ սոցիալական ծառայությունների մատչելիության բարելավումն է, այն է՝ անվճար ծառայությունների հասցեականության առավել հստակությունը եւ վճարովի ծառայություններից օգտվելու կարողությունների աճը:
Հայաստանում բարեկեցության մակարդակը գնահատելու համար օգտագործվում է սպառման ագրեգացված ցուցանիշը: Միջազգային փորձից ելնելով, ընդունված է, որ սպառումը, եկամտի համեմատ, ավելի ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացնում բարեկեցության մակարդակի վերաբերյալ, քանզի տնային տնտեսության սպառման ագրեգատը սովորաբար ավելի ճշգրիտ տեղեկատվություն է պարունակում եւ այդքան էլ զգայուն չէ կարճատեւ տատանումների նկատմամբ, քան եկամտի ցուցանիշը հատկապես ցածր եւ միջին եկամուտներ ունեցող երկրներում:
Սպառման ագրեգացված ցուցանիշը ներառում է հետեւյալ բաղկացուցիչները.
(ա) սպառված պարենային եւ ոչ պարենային ապրանքների արժեքը՝ ներառյալ սեփական արտադրության ապրանքները, մարդասիրական կազմակերպություններից եւ այլ աղբյուրներից ստացված օգնությունը
(բ) երկարատեւ օգտագործման ապրանքների հաշվարկային արժեքը:
Հայաստանում նյութական աղքատությունը գնահատելու համար օգտագործվում է բացարձակ աղքատության հայեցակարգը: Հայաստանի բնակչությունն, ըստ աղքատության կարգավիճակի, բաժանվում է աղքատ եւ ոչ աղքատ տնային տնտեսությունների: Աղքատներն իրենց հերթին ներառում են` չափավոր (շատ) աղքատներ եւ ծայրահեղ աղքատներ:
Աղքատությունը Հայաստանում գնահատվում է՝ 1996-ից սկսած: 2019-ից Հայաստանում օգտագործվում է Համաշխարհային բանկի վերանայված թվով չորրորդ մեթոդաբանությունը
Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, չափավոր (կամ շատ) աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից, իսկ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության միջին գծից, ինչն աղքատության ստորին եւ վերին գծերի միջինն է: Աղքատության սրությունը արտացոլում է աղքատների միջեւ եղած սպառման անհավասարությունը: Այն արտացոլում է այն փաստը, որ որոշ աղքատների սպառումը շատ է հեռու աղքատության գծից, իսկ որոշ աղքատներինը` շատ մոտ: 2019-ին աղքատության սրությունը եղել է 3.4%:
2019-ին աղքատության վերին, ստորին եւ ծայրահեղ աղքատության գծերը, ինչպես նաեւ աղքատության միջին գիծ՝ը, արտահայտված մեկ չափահաս անձի հաշվով, մեկ ամսվա համար գնահատվել են համապատասխանաբար 53 043 դրամ (կամ 110.3 ԱՄՆ դոլար), 35 054 դրամ (կամ 72.9 ԱՄՆ դոլար), 23 763 դրամ (կամ 49.4 ԱՄՆ դոլար) եւ 44 048 դրամ (կամ 91.7 ԱՄՆ դոլար):
ՏԱՎՈՒՇՈՒՄ ՋՐԱՄԲԱՐ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԵԼ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ռազմավարական ուղղությունը ոռոգման ենթակառուցվածքների զարգացումն է, այդ հարցը շատ են քննարկել հատկապես հուլիսյան մարտերից հետո եւ հավելել. «Իմ խնդրանքով եւ հիմնավորումներով Հովնանյան հիմնադրամը, «Կլոր սեղան» հիմնադրամը, «Պահապան» հիմնադրամը, Լիլիա Շաքարյանը եւ Անյա Թերքոթը աջակցեցին Տավուշի ոռոգման համակարգերի կառուցման աշխատանքներին, որի շնորհիվ մինչեւ տարեվերջ կկառուցենք 16 կմ երկարությամբ ջրագծեր, որը կոռոգի եւ կբարելավի ավելի քան 400 հա գյուղատնտեսական տարածք։ Ծրագրերը պետք է շարունակվեն մեծ թափով։ Ընդամենը նախատեսում ենք 76 ծրագրեր, որից 15-ը՝ ջրամբարաշինություն։ Ոռոգման ազդեցությունը բազմապատիկ է գյուղատնտեսական հասույթի, տնտեսությունների եկամտաբերության, վերամշակման հնարավորությունների եւ տնտեսական ակտիվության վրա։ Այն նաեւ խոշոր բնապահպանական եւ ռազմավարական նշանակություն ունի»։
Սահմանամերձ Տավուշի մարզի տարածքով հոսում են գետեր, որոնցից խոշորներն են Դեբեդը, Աղստեւը, Հախումը: Գետերի միջին տարեկան հոսքը մոտ 17խմ/վրկ է, որը կազմում է շուրջ 530մլն խմ ջրային պաշար: Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին։ Մարզում կան 5 ջրամբարներ` Ջողազի (45 մլն խմ տարողությամբ), Հախումի (12 մլն խմ), Տավուշի (5 մլն խմ), Այգեձորի (4 մլն խմ), Խաշթառակի (0.12 մլն խմ), որոնք հիմնականում օգտագործվում են ոռոգման նպատակով:
Ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 66.12 մլն խմ: Ջողազի ջրամբարը չի օգտագործվում սահմանային լինելու պատճառով, մնացած ջրամբարները եւս սահմանամերձ են, դրանք մասամբ են օգտագործվում: 2017թ. Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտարարեց, որ գոյություն ունի Տավուշում փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր, ինքը վարչապետ Կարեն Կարապետյանին Տավուշի մարզում 14 փոքր եւ միջին ջրամբարների կառուցման ծրագիր է ներկայացրել, որը հնարավորություն կտա մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, դրա շնորհիվ ոռոգելի կդառնա 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը կկազմեր 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Հովիկ Աբովյանը հայտարարել է, որ , որ կառուցվելիք Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, որ փոքր եւ միջին ջրամբարներ կառուցելու համար անհրաժեշտ ֆինանսների խնդիրը լուծելու նպատակով մտադիր են ներգրավել նաեւ մասնավոր ներդրողներ: Կողբի եւ Հախումի ջրամբարները չկառուցվեցին։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Տավուշի մարզում ոչ մի ջրամբար չի կառուցվել, Տավուշի գետերի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, ոռոգել ոչ բարի հարեւանի դաշտերն ու այգիները: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այժմ գրում է 15 ջրամբարների կառուցման մասին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ
Հայաստանում ավելի շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից, հիվանդությունների սեւ ցուցակը գլխավորում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից եւ չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը կազմում եմ ընդհանուր մահերի շուրջ երեք քառորդը: Հայաստանում գրանցված մահացության դեպքերի մոտ կեսի պատճառը եղել են հենց արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից այս տարվա 9 ամիսներին մահացել է 11 հազար 171 մարդ: Մեկ տարվա ընթացքում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն ավելացել են 825-ով: Բազմաթիվ մարդիկ երիտասարդ հասակում մահանում են հենց այդ հիվանդությունների պատճառով, քանի որ գումար չունեն սիրտ ստենտավորելու համար: Ըստ մասնագետների` Հայաստանում արյան շրջանառության համակարգի ամենատարածված հիվանդություններն են գերճնշումային համակարգի հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունը, ստենոկարդիան, սրտամկանի սուր ինֆարկտը: Մեր երկրում յուրաքանչյուր 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 200 սուր ինֆարկտի դեպք: Հիվանդությունների սեւ ցուցակի երկրորդ հորիզոնականում նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից մահացել է 4056 մարդ: Մասնագետները պնդում են, որ ե՛ւ սթրեսը, ե՛ւ շրջակա միջավայրը, ե՛ւ սննդակարգը համատեղ ազդեցություն են թողնում նշված երկու հիվանդությունների աճի վրա: Իսկ դրանց կանխարգելումը որոշակիորեն կապված է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հետ: Նորագոյացություններին հաջորդում են շնչառական օրգանների հիվանդությունները, որից մահացել է 1933 քաղաքացի: Իսկ ահա Covid-19 վիրուսից այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում մահացել է 1043 քաղաքացի: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2019 թվականին կյանքի սպասվող միջին տեւողությունը տղամարդկանց համար կազմել է 73.1 տարի, իսկ կանանց համար` 79.5 տարի:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ
ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որը վերաբերում է Արցախյան պատերազմի ընթացքում ավերածությունների դեպքում փոխհատուցում տրամադրելուն: Խոսքը վերաբերում է անշարժ գույքին: Ինչ վերաբերում է շարժական գույքին, ապա դրա մասին լրացուցիչ կառավարության միջոցառում կներկայացվի: Ըստ նախարարի՝ բացառություն կլինի միայն մեկ դեպքում, երբ գույքը վերացվել է ամբողջությամբ։ Մնացած դեպքերում ավերածությունները փոքր չափի են: Ինչ վերաբերում է ընտանիքին, որի տունն ամբողջությամբ ավերվել է, լրացուցիչ քննարկում է իրականացվում առանձին կացարանով ապահովելու համար: Ընդհանուր առմամբ վնասվել է 75 անշարժ գույք: Խոսքը հիմնականում վերաբերում է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերին: