Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 8-ի առավոտյան ընդունել է բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի և Ղրիմի իրավիճակին:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, հայտնում է, որ Գլխավոր ասամբլեան 63 կողմ , 17 դեմ և 62 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի, ինչպես նաև Սև ծովի և Ազովի ծովի մի մասի ռազմականացման խնդիրը» բանաձևը:
«Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես օկուպացնող ուժ, անհապաղ, ամբողջովին և անվերապահորեն պետք է հեռացնի իր զինված ուժերը Ղրիմից և առանց հապաղելու դադարեցնի Ուկրաինայի տարածքի ժամանակավոր օկուպացան»,- նշված է բանաձևում։
Ուկրաինայի ներկայացուցիչը, որը ներկայացրել է բանաձևը, ասել է, որ Ռուսաստանը, օկուպացնելով Ղրիմը և այն դարձնելով հզոր ռազմական ֆորպոստ, խախտում է միջազգային իրավունքը և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը: Իր հերթին Ռուսաստանի ներկայացուցիչը մինչև բանաձևի ընդունումը նշել է դրա քաղաքականացված բնույթը: Ըստ նրա՝ երրորդ տարին է՝ Ուկրաինան իր բանաձևերով շեղում է ՄԱԿ-ին, չնայած՝ Ղրիմի ժողովուրդը ապագայի մասին իր որոշումը արդեն կայացրել է հանրաքվեի միջոցով: