Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը:
Այցերի ընթացքում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող ակցիաների մշտադիտարկում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքացիները փակում են փողոցները ու վանկարկում «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»:
Անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների մի մասը ոստիկանության կողմից բերման ենթարկվեց: