Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով մանրամասներ գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների և մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած այլ անձանց սոցիալական երաշխիքների շրջանակը սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով:
2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած գտնվելու վայրն անհայտ զինծառայողների զբաղեցրած պաշտոններում այլ զինծառայողների նշանակելու հնարավորության նպատակով կադրային գործընթացը հստակեցնելու նկատառումներից ելնելով՝ ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրաման, որի համաձայն, գտնվելու վայրն անհայտ այն զինծառայողները, որոնց վերաբերյալ առկա չեն տվյալներ դասալքություն կատարելու կամ ակնհայտ զոհված լինելու մասին, համարվում են գերության մեջ գտնվող, այդ հիմքով ազատվում զինվորական պաշտոնից և թողնվում կադրերի տրամադրության տակ: Կատարված կարգավորումների համաձայն՝ գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, և դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ, կամ՝ եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթ:
Մանրամասները՝ տեսանյութում։