Սպիտակի երկարամյա (12 տարի է, ինչ պաշտոնավարում է-Ս.Հ.) քաղաքապետ Գագիկ Սահակյանը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Անգամ կոչ է արել համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին եւ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը։ Ի դեպ, վարչապետի հրաժարականի պահանջի վերաբերյալ հայտարարությունը ստորագրել են նաեւ համայնքի ավագանու անդամներ Կարեն Մխիթարյանը, Մկրտիչ Շուշանյանը, Սարգիս Թամամյանը, Գրիգոր Նազարյանը, Տիգրան Հակոբյանը, Համլետ Պողոսյանը։
ArmLur.am-ը զրուցեց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչու է հիմա որոշել պահանջել վարչապետի հրաժարականը: «Ամենակարեւոր կետերից երկուսը նշեմ. տեւական ժամանակ է մեր զոհվածների ու գերիների հարցը չի կարգավորվում, ես դա կապում եմ մեր իշխանությունների աշխատանքի հետ: Ես կորցրել եմ, այսինքն մարդիկ, մեր բնակիչները ապագայի նկատմամբ հույսը կորցրել են, եթե այսպես շարունակվի, ապա մենք ամբողջությամբ կկործանվենք»,-ներկայացրեց քաղաքապետը:
Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ վարչապետի հրաժարականի վերաբերյալ պահանջի հայտարարությունից հետո բնակիչները զանգահարում են քաղաքապետին, գնում են քաղաքապետարան եւ հետաքրքրվում, թե ինչու է պահանջում վարչապետի հրաժարականը:
«Հարցնում են, գալիս են քաղաքապետարան, հայտարարությունից առաջ էլ էին քաղաքացիները հետաքրքրվում, ասում էին՝ ինչու մի բան չեք ձեռնարկում: Մեր ուղերձը հղել ենք, կարծում եմ, մեզ կմիանան այլ համայնքներ էլ: Եթե արձագանք չլինի, կդիմենք այլ քայլերի. օրենքով սահմանված ոչ օրենքի խախտումով գործողությունների: Փողոցները փակելը կարծես օրենքով անթույլատրելի է, չէ, մենք ավելի հետաքրքիր բաներ կմտածենք»,- նկատեց սպիտակցի քաղաքապետը:
Ս.Հ.