«ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ՏԱՆԵԼԸ ՉԷ». ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Նրա հետ խոսել ենք վաղը կայանալիք 16 կուսակցությունների հանրահավաքի եւ հետագա ծրագրերի մասին: Մենք հետաքրքրվել ենք՝ ինչու է որոշվել արտահերթ ընտրություններ անցկացնել միայն մեկ տարի անց:

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը  պահանջող կոչերին։

-Ես դեռեւս 2019 թվականի ձմռանը հրապարակային պահանջել եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ տեսնելով նրա ձախողված եւ սխալ, ոչ ազգանպաստ քաղաքականությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին ոլորտում։ Սակայն 44-օրյա պատերազմի ընթացքում ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է եւ ի վիճակի չէ իրականացնել գործադիր թիվ մեկ իշխանության պարտականությոնները, այն է՝ ապահովել հայ ժողովրդի  անվտանգությունը եւ լինել Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը։ Նրա սխալ եւ ազգադավ քաղաքականության արդյունքում մենք պարտվեցինք, ու Նիկոլ Փաշինյանն այդ պարտության խորհրդանիշն է։ Նա ստորագրեց հարյուր  տարվա ընթացքում ամենաստորացուցիչ արձանագրությունը այն դեպքում, երբ 44 օր շարունակ թե՛ ինքը, թե՛ իր ֆեյքաֆերման եւ թե՛ իր պաշտոնական քարոզչությունը սուտ էին տարածում, թե հաղթում ենք, հաղթում ենք եւ այդպես շարունակ։ Ն. Փաշինյանն, իր խոստմանը հակառակ, ծածուկ, ժողովրդից թաքուն ստորագրեց այդ ամոթալի արձանագրությունը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ իրականացնել գործադիր իշխանության ղեկավարի իր ֆունկցիան։ Նա չի շարունակում  իր պարտականությունները։ Նա անմեղսունակ քաղաքական գործիչ է այլեւս։  Ո՛չ արտաքին աշխարհում, ո՛չ Հայաստանում նրան ոչ մեկ չի ընդունում։ Նա թաքնվել  է ԱԱԾ-ի եւ ոստիկանական շարասյունների թիկունքում։ Շուտով նա թաքնվելու է փշալարերի թիկունքում, բունկերներում,  նա թաքնվելու այլեւս չունի։ Ուստի միակ փրկությունը Հայաստանի Հանրապետության համար նրա օր առաջ, ժամ առաջ հրաժարականն է, որովհետեւ նա ձախողված ղեկավար է, նա պարտության է բերել ամբողջ ազգին, եւ նա այլեւս անելիք չունի։

-Այսինքն՝ համարում եք, որ այս պահի դրությամբ որեւէ մեկը չկա, որն աջակցի Նիկոլ Փաշինյանին, ու սա  ընդամենը ձգում է իշխանությունների առօրյա՞ն։

-Հողատու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ չեն սատարում իր խմբակցության որոշ պատգամավորներ։ Մենք տեսնում ենք, որ իր խմբակցությունից կամաց դուրս են գալիս արժանապատիվ մարդիկ, որոնք չեն ցանկանում մաս կազմել այն ամոթալի գործարքին։ Մենք տեսնում ենք, որ շատ մտավորականներ, հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, որոնք 2018 խաբվելով եղել են այդ չարաբաստիկ  հեղաշրջման աջակիցը, այսօր հրապարակավ հայտարարում են նրա հրաժարականի մասին։ Մենք տեսնում ենք, որ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն է պահանջում նրա հրաժարականը, մայր բուհն է պահանջում նրա հրաժարականը, Սփյուռքում մի քանի տասնյակ կազմակերպություններ հայտարարել են նրա հրաժարականի անհրաժեշտության մասին, եւ, այո, փաստացի Նիկոլ Փաշինյանը մնացել է միայնակ իր փոքրաթիվ խմբի հետ միասին։ Նա անելիք չունի։ Նրա միակ անելիքը իր կամավոր հրաժարականի մասին ստորագրելն է։ Դա ոչ թե իմ ցանկությունն է կամ իրերի իմ սուբյեկտիվ գնահատականը, այլ սա իրողություն է։ Եթե նա այլ կարծիք ունի, ապա պետք է ասեմ, որ ինքը իրադրությանը ոչ թե մասնակիորեն, այլ ամողջությամբ չի տիրապետում եւ ճիշտ չի գնահատում:

-Պարո՛ն Շարմազանով, նաեւ նշել եք 16 կուսակցություններով, որ Վազգեն Մանուկյանը պետք է մեկ տարի ղեկավարի, որից հետո հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչո՞ւ եք ընտրել մեկ տարի ժամկետը։ Նախնական պլանավորված էր, որ Վ. Մանուկյանը պետք է ղեկավարեր 3-4 ամիս, ապա հայտարարվեր արտահերթի մասին։ Ինչո՞ւ փոխվեցին պլանները։ 

-Նախ խոսքը գնում է մինչեւ մեկ տարիի մասին։ Դա կարող է լինել երեք ամիս, վեց ամիս։ Բայց մեկ տարին ամենաընդունելի ժամանակաշրջանն է, որովհետեւ նախ ժամանակ  է պետք, որպեսզի կայունացնենք իրավիճակը։ Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նոր կառավությունը կարողանա մինիմալիզացնել, չեզոքացնել այն ծայրահեղ վատ հետեւանքները, որոնք այսօր կան թե՛ տնտեսության մեջ, թե՛ կորոնավիրուսի հետ կապված, թե՛ անվտանգության միջավայրում։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԵՐԵՎԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԺ ԲԱՆԱՁԵՎԸ

Պաշտոնական Երեւանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված, Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձեւին։

 

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի մեկնաբանությունում մասնավորապես ասված է. «Ֆրանսիայի խորհրդարանի թե՛ ստորին եւ թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի եւ ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնը՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի եւ էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարեւոր է համարում, որ բանաձեւում արձանագրվում են նաեւ Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների եւ վարձկանների տեղակայման փաստերը։ Մենք կարեւորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը եւ Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը նոյեմբերի 3-ին 188 կողմ եւ 3 դեմ ձայնով ընդունեց Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւը։ Նոյեմբերի 25-ին էլ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն էր 305 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւ, որը, սակայն, խորհրդատվական բնույթ ունի։

 

 

 

ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՎԱԾ Է

Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը որոշված է ՄԱԿ-ի՝ բավականին վաղ ընդունված բանաձեւերով. երեկ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պատասխանելով լրագրողների հստակեցնող հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում՝ Վլադիմիր Պուտինի խոսնակն ասել է. «Այդ ամենը նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում։ Ռուսաստանը իր դիրքորոշումը չի փոխել, որեւէ երկիր չի փոխել, եւ ինչպես նախագահ Պուտինն է ասել, Ղարաբաղը չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից»։ Լրագրողները նաեւ հետաքրքրվել են՝ ում հետ են ռուս խաղաղապահները համաձայնեցնում իրենց քայլերը Ղարաբաղում։ «Տեղում որեւէ մեկը գլխավոր չէ, կան հակամարտող երկու կողմեր՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են հայտնի հայտարարությունը։ Դրա իրագործման համար ռուս զինվորականները, ինչպես նաեւ ռուսական մարդասիրական առաքելությունը համակարգում են իրենց գործողությունները թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ», – ասել է Դմիտրի Պեսկովը։

 

 

ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ՝ ԴԵՍՊԱՆԻՆ

Պաշտոնական Բաքուն արտգործնախարարություն է հրավիրել Ֆրանսիայի դեսպանին՝ բողոքի նոտա հղելու երեկ այդ երկրի խորհրդարանում ընդունված բանաձեւի առնչությամբ, որը կոչ է անում կառավարությանը հրատապ կարգով ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Պնդելով, որ այդ փաստաթուղթը, ինչպես նաեւ խորհրդարանի վերին պալատում ավելի վաղ ընդունված նույնաբովանդակ բանաձեւը «անհիմն են եւ կողմնակալ ու սադրիչ», Ադրբեջանի արտգործնախարարությունն ընդգծել է՝ այդ քայլը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի միջնորդական ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Բանաձեւի ընդունումից հետո պաշտոնական Փարիզը վերստին հայտարարել է, թե Ղարաբաղի անկախությունը չի ճանաչելու եւ հավատարիմ է խնդրի վերջնական կարգավորումը բանակցությունների միջոցով գտնելու հանձնառությանը։ «Անհրաժեշտ է հստակեցնել՝ Ֆրանսիայի կառավարությունը ճանաչում է իր խորհրդարանի՝ անկախ որոշումներ ընդունելու իրավունքը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի անկախությունը», – «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։

 




Լրահոս