ԵԱՏՄ-ՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի համար հիմնական խնդիրը մնում է ուղեւորափոխադրումների հարցը եւ Հայաստանի քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը. երեկ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստ անցկացվել է հեռահար կարգով։ Ըստ Հայաստանի կառավարության՝ վարչապետը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի համար կարեւոր եւ սկզբունքային է մնում միության անդամ երկրների տնտեսությունների բոլոր ճյուղերում մրցակցության հավասար եւ ոչ խտրական պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։

 

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համակարգված էներգետիկ քաղաքականություն՝ նավթի, նավթամթերքների եւ գազի ընդհանուր շուկաների, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման ուղղությամբ», – հայտարարել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս առումով մեծ կարեւորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը, որը ենթադրում է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման եւ սակագնի սահմանման ընդհանուր մոտեցումների իրականացում, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտի կողմից գազի փոխադրման եւ տարանցման ընթացքում մատուցվող ծառայությունների միասնական սակագների հարցում:

«Մենք կարեւորում ենք ընդհանուր գազի շուկայի ձեւավորման խնդրի միասնական լուծման որոնման եւ վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ այդպիսով կապահովվեն Միության պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի, տնտեսական ինտեգրման եւ մրցունակության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ», – ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ստեղծմանը՝ Փաշինյանը նշել է, որ այս ոլորտում գործողությունների ծրագրի հաստատումը կարեւոր քայլ է այդ ուղղությամբ:

«Նախատեսվող միջոցառումների համատեքստում կարեւոր է ԵԱՏՄ շրջանակում մշակել եւ կնքել միջազգային համաձայնագիր՝ շինարարության ոլորտում առաջատար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչման վերաբերյալ,- շեշտել է Հայաստանի վարչապետը՝ եզրափակելով.- Եվ վերջում կցանկանայի անդրադառնալ զարգացող եւ նվազ զարգացած երկրներից ապրանքների եւ ծառայությունների սակագնային արտոնություններ տրամադրելու խնդրին: Անհրաժեշտ եմ համարում անհապաղ վերանայել սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը: Այն պետք է կազմել մեր կողմից իսկ կազմված չափանիշներին համապատասխան»: Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը, եւ կոչ արել աջակցել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը ճշգրտելու Հայաստանի նախաձեռնությանը` համաձայն Միության իրավական նորմերի պահանջների: Նշենք, որ նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առեւտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման եւ այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաեւ նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:

Նիստին նաեւ մասնակցել են Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար Արտյոմ Նովիկովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետ Իոն Կիկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

 

 

 

ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի եւ շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով: Օրինակ, բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 20.5 տոկոս: Միրգն է թանկացել 1.9 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում եւս թանկացում է արձանագրվել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվայլներով՝ այս շուկաներում գնաճը կազմել է 2 տոկոս: Օրինակ՝ ձուն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 7.6 տոկոսով: Իսկ, ահա, շաքարավազի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված թանկացումը կազմել է 2 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեն գնաճ արձանագրել է ձկան եւ ծովամթերքի շուկաներում 0.5 տոկոսով: Նշենք, որ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը մեկ ամսվա ընթացքում թանկացել են 0.4 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գները նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել են 0.2 տոկոսով: Փոխարենը նվազել են սուրճի, թեյի կակաոյի գները՝ 0.1 տոկոսով: Իսկ մսամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ:

 

 

ԳԻՆԸ ԿՓՈԽՎԻ

Հաջորդ տարվա համար Աբովյան քաղաքի սեփականություն հանդիսացող, վարձակալության տրվող բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափ կսահմանվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աբովյան համայնքի ավագանին հաջորդ տարվա համար առաջարկում է սահմանել վարձավճարի չափ՝ բնակելի տարածքների 1 քմ-ի համար ամսական 6 դրամ, ավտոտնակների համար՝ տարեկան 400 դրամ: Ի դեպ, առաջարկվող վարձավճարի չափի ցածր լինելը պայմանավորված է նրանով, որ համայնքում բնակելի տարածքների համար վարձավճար վճարում են միայն հանրակացարանների սենյակների համար, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում, առանց կոմունալ պայմանների: Այս դեպքում հաշվի է առնվել նաեւ հանրակացարանների բնակիչների ցածր վճարունակությունը:

 

 

ԷՐԴՈՂԱՆԸ ԽՈՍԵԼ Է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Բանակցությունների ընթացքում Էրդողանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտել է նոր փուլ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու կայունությունը նոր հնարավորություններ են բացելու, որոնք օգուտ կբերեն տարածաշրջանի երկրներին, այդ թվում ՝ Հայաստանին: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ թուրք-իրանական հարաբերություններն ու տարածաշրջանային այլ հարցեր, Էրդողանը ցավակցել է Ռոհանիին Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի մահվան կապակցությամբ:

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է

Հայաստանի ու Արցախի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակի կարգավորման ուղղությամբ. հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ՝ Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպման ժամանակ։ Այս համատեքստում Ավինյանը կարեւորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությունը եւ դրա հետագա ընդլայնումը: Ամերիկյան կողմը ներկայացրել է Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող հումանիտար աջակցության ընթացիկ աշխատանքները։ Գերիների փոխանակման գործընթացի հետ կապված հարցերի քննարկման ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ պետք է կիրառել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը: Նա հավելել է, որ հայկական կողմից ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար: Դեսպան Թրեյսին նշել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսություն ծավալել փոխվարչապետի հետ այն մասին, թե ինչով կարող է Միացյալ Նահանգները օգտակար լինել այս ջանքերում. ասված է Հայաստանի փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։ Փոխվարչապետը նշել է նաեւ, որ Կառավարությունը մտադրված է է՛լ ավելի մեծ թափով առաջ մղել նախորդ տարիներին մեկնարկած բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաեւ այժմ աշխատանք է տարվում հակաճգնաժամային տնտեսական ծրագրի ուղղությամբ:

 

 

ԵՄ-ԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ՄՂՈՒՄ

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում դուրս են մղում ԵՄ-ին կարգավորման գործընթացից: «Այն հակամարտություններում, ինչպիսին են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան եւ Սիրիան, մենք դիտարկում ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանայացման» ձեւ [կապված Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափի հետ], ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի եւ Թուրքիայի», – հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը: Բորելը պնդել է, որ Եվրամիությունը պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ վտանգված են Միության շահերը: «Ուստի մենք պետք է լրացնենք մեր կարողությունների շատ բացեր, ինչպես նաեւ ներկա գտնվենք եւ ակտիվ լինենք այնտեղ, որտեղ վտանգված են մեր շահերը», – ընդգծել է նա:

 




Լրահոս