Հայաստանի արտգործնախարարությունում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակը, ըստ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի, դեսպաններին իրազեկելն էր տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի գնահատականների եւ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:
«Հարավային Կովկասում գործի են դրվել ուժերի հավասարակշռությունը փոխելու նույն միջոցները, որոնք նախկինում եւ այժմ նույնպես օգտագործվել են Մերձավոր Արեւելքում, այն է՝ ահաբեկիչների բանակի կազմակերպում եւ դրանց ներմուծում հակամարտության գոտի, սպառազինությունների ապօրինի փոխադրում, պատերազմներին արժեքային բովանդակության հաղորդում: Ելնելով վերոնշյալից՝ ակնհայտ է դառնում, որ այս պատերազմը, ցավոք, անխուսափելի էր, քանի որ մեծապես հրահրված եւ կազմակերպված էր արտատարածաշրջանային ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից: Եվ այս փուլում մենք կարող ենք արձանագրել, որ Թուրքիային հաջողվեց ապակայունացնել իրեն սահմանակցող եւս մեկ տարածաշրջան՝ ի դեմս Հարավային Կովկասի», – ասել է Ավազյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությանը հրադադարի հաստատման գործում, ինչպես նաեւ միջազգային հանրության արձագանքին՝ արտգործնախարարը նշել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը եւ համանախագահ երկրները կոչված էին ոչ միայն հակամարտության կարգավորման մանդատով, այլեւ տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգների նվազեցմամբ: Այս տեսակետից բացառիկ դերակատարում ունեցավ ՌԴ-ն, որին հաջողվեց հասնել հրադադարի հաստատման եւ հակամարտության գոտի խաղաղապահների տեղակայման: Մենք երախատապարտ ենք նաեւ Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, որոնք նույնպես դիվանագիտական ջանքեր գործադրեցին հրադադարի հաստատման ուղղությամբ եւ հանդես եկան իրավիճակի վերաբերյալ արդարացի գնահատականներով: Կարեւոր է նաեւ մի շարք այլ երկրների կողմից խաղաղությանն աջակցության ցուցաբերումը, որն արտահայտվում է նաեւ հումանիտար ծրագրերին մասնակցությամբ»։
«Արցախի ժողովրդին բաժին է հասել մեծ փորձություն,- ասել է Այվազյանը՝ շարունակելով,- վտանգվել են նրա ֆիզիկական գոյությունը, տնտեսական կյանքը, ինքնության մաս կազմող մշակութային եւ կրոնական կոթողները, մարդու հիմնարար իրավունքները: Հայաստանի ժողովուրդը նույնպես անմասն չի մնացել այս զրկանքներից եւ շարունակում է աջակցել Արցախի ժողովրդին, այդ թվում՝ տասնյակ հազարավոր տեղահանվածներին»: Այվազյանն օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրել է նաեւ այն փաստի վրա, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության բազմաթիվ նշանակալից կոթողներ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո:
«Ադրբեջանի կողմից Նախիջեւանում հազարավոր հայկական հուշարձանների բնաջնջումը ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել Արցախի հուշարձանների ճակատագիրը, եւ այս տեսակետից միջազգային վերահսկողությունն անհրաժեշտ է», – ասել է նախարարը։ Այվազյանն ընդգծել է նաեւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի մասով: «ԼՂ հակամարտության հիմքում ընկած է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ռազմական ուժի կիրառումը, ինչը մեկ անգամ եւս փաստվեց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով: Ուժի կիրառումը ոչ միայն չի կարող զրկել Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքից, այլեւ հիմնավորում է ինքնորոշման իրավունքի իրականացման անհրաժեշտությունը»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է եռակողմ հայտարարության մեջ առկա հումանիտար դրույթների իրականացման հրատապությունը, նախեւառաջ՝ գերիների եւ պատանդների փոխանակման, դիերի տարհանման, Արցախ տեղահանվածների վերադարձի մասով՝ անընդունելի համարելով այս հարցում արհեստական խոչընդոտեներ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի քայլերը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ելույթում ամփոփ ներկայացրել է իր նախորդ փակ զեկույցները, մասնավորապես անդրադարձել է ռազմագերիների եւ խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների բազմաթիվ հիմնավոր փաստերին: Թաթոյանը նշել է, որ կարեւորագույն արդիական հարցերից է ոչ միայն այս պատերազմի ընթացքում գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց, այլ նաեւ պատերազմից առաջ եւ պատերազմից հետո գերեվարվածների վերադարձի խնդրի ապահովումը: Պաշտպանն առանձնահատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանություններն ակնհայտորեն արհեստականորեն ձգձգում են գերիների վերադարձի գործընթացը, ու անընդունելի է դա համարել:
ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Գեներալ-լեյտենանտ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանն է փոխանցել։ Վերջինիս փոխանցմամբ՝ Ջալալ Հարությունյանի վիճակը լավ է, նա բուժումը կշարունակի ստանալ տանը: Հարությունյանն այժմ գտնվում է վերականգնողական արձակուրդում: Հիշեցնենք, որ պատերազմի օրերին վիրավորում ստանալուց հետո Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հոկտեմբերի 27 -ին ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶՎԵԼ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ քնննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունիսի 16-ին Լոռու մարզի 28 եւ 26-ամյա բնակիչները գումարային հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել են Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի վերջնամասում գտնվող գազալցակայանի մոտ, որտեղ նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում 28-ամյա երիտասարդը նախապես իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով, առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ հարվածել է 26-ամյա երիտասարդի որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս: Լոռու մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զոհված զինծառայողների մարմինների որոնման աշխատանքների արդյունքում մինչեւ օրս մոտ 693 հայ զինծառայողի մարմին արդեն հայտնաբերել է։ Այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադեւոսյանը` հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են: «Արդեն այդ աշխատանքներին միացել են ոստիկանական եւ Պաշտպանության բանակի ջոկատները: Դիակների փոխանակում պարբերաբար իրականացվում է: Ուղղակի ադրբեջանական կողմի հետ դժվար է բանակցելը, փոխանակման գործընթացը ձգձգվում է: Ընդհանրապես ադրբեջանական կողմը այս ընթացքում շատ է խոչընդոտում աշխատանքներին, համաձայնության չեն գալիս, կամ մի օր համաձայնում են, իսկ հաջորդ օրը անհասկանալի պատճառներով հրաժարվում համաձայնությունից»,- ասաց Թադեւոսյանը:
Հարցին` թե արդյոք որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պատսպարված քաղաքացիներ եւ զինծառայողներ, Թադեւոսյանը պատասխանեց, որ սկզբնական շրջանում մեկ դեպք եղել է Շուշիի հատվածներում, սակայն դրանից հետո նման դեպքեր չեն արձանագրվել:
ԱԻՊԾ-ի ներկայացուցչի խոսքով` Զանգելանի, Ֆիզուլու, Ջաբրայիլի եւ Հադրութից հարավ ընկած հատվածներում փրկարարները դեռ որոնողական աշխատանքներ չեն իրականացնում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Նրա խոսքով` գերիների փոխանակման մասով նույնպես բանակցություններ ընթանում են ամենաբարձր մակարդակով, որին ներգրավված են ռուս բարձրաստիճան սպաները, բայց դեռ որեւէ արդյունք չկա:
Անդրադառնալով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին` Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության խոսնակ Էթերի Մուսայելյանը նշել է, որ նոյեմբերի 13-ից ԿԽՄԿ, որպես հումանիտար կազմակերպություն եւ չեզոք միջնորդ, մասնակցել է դիակների դուրսբերման եւ վերադարձման գործընթացին:
«Մենք օգնում ենք կողմերին, որպեսզի նրանք կարողանան ավելի անվտանգ պայմաններում կազմակերպել այդ գործընթացը: Գրեթե ամենօրյա ռեժիմով մասնակցում ենք բանակցություններին, ամեն օր, երբ տեղի են ունենում այդ գործընթացները, մասնակցում ենք որպես միջնորդ: Մեր բոլոր բանակցությունները կողմերի հետ նման հարցերի շուրջ կրում են գաղտնի բնույթ, եւ հիմա ասել, թե ինչի շուրջ ենք բանակցում, չենք կարող»,- ասել է Մուսայելյանը: