ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ԱՐԳԵԼՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի աշխատավոր միգրանտների մի ստվար զանգված հնարավորություն չունի մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով։ Երեկ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական հեռավար նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանի համար կարեւոր է, որ վերացվեն այդ սահմանափակումները։ «Մեզ համար առաջնահերթ հարց է մնում ուղևեւորափոխադրումների եւ ԵԱՏՄ մի շարք երկրներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը: Հայաստանի համար այս տարին ձեզ հայտնի պատճառներով եղել է առավել դժվար, բայց մենք ակտիվորեն ներգրավված ենք եղել ինտեգրացիոն բոլոր գործընթացներում: Այս օրերին մենք զգացել ենք մեր ընկերների ամբողջական աջակցությունը: Մենք շնորհակալություն ենք հայտնում այն անգնահատելի օգնության համար, որը մեզ հատկացրել է Ռուսաստանի Դաշնությունը կորոնավիրուսի դեմ պայքարում եւ այլ հարցերում, որոնց հետ բախվել ենք այս տարվա ընթացքում», – ընդգծել է Փաշինյանը:

 

Հայաստանի վարչապետի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունն այնքան արդյունավետ է գործում, որ համավարակը չի անդրադարձել միության աշխատանքի արդյունավետության վրա։ Առաջնային խնդիրների շարքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշել է գազի ընդհանուր շուկայի ստեղծումը:

«Մենք կարեւորում ենք ընդհանուր գազի շուկայի ձեւավորման խնդրի միասնական լուծման որոնման եւ վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ այդպիսով կապահովվեն Միության պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի, տնտեսական ինտեգրման եւ մրցունակության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ», – նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը: Նշենք՝ սա առաջին անգամը չէ, որ Փաշինյանը բարձրացնում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի հարցը. նախկինում Հայաստանն ու Բելառուսը միասին էին այս հարցը բարձրաձայնում, բայց ընդհանուր էներգետիկ շուկան դեռ քննարկումների փուլում է։ Էներգետիկ շուկան նշանակում է, որ, օրինակ, գազի կամ բենզինի գինը նույնը կլինի ԵԱՏՄ անդամ պետությունների եւ այն երկրների համար, ովքեր արտահանում են գազն ու նավթը, ինչպես նաեւ այն երկրների, որ ներմուծում են դրանք։ Փորձագետներն այս հարցում հոռետես են։

Իսկ ամենից շատ Եվրասիական միջկառավարական հեռավար նիստին անդամ երկրների կառավարությունների ղեկավարները խոսել են կորոնավիրուսի համաճարակի շրջանակներում արվող քայլերից։

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սարսափեցնող է, սակայն երկրում լոքդաուն չի հայտարարվում, թեեւ առանձին քաղաքներում եւ մարզերում այն դե ֆակտո գործում է։ Մոսկվայում, օրինակ, դպրոցներն ու բուհերը արդեն մի քանի ամիս է՝ անցել են հեռավար ուսուցման, իսկ Սանկտ Պետերբուրգում փակվում են քաղաքի բոլոր սրճարանները, թանգարանները, ռեստորանները։ Դրանք չեն գործելու նաեւ Ամանորին։

 




Լրահոս