ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԵՆՔ ԵՆ ՓՈԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն այսօր մեկնարկելիք նստաշրջանում քննարկելու է «Կուսակցությունների մասին» օրենքում «Իմ քայլը» խմբակցության առաջարկած փոփոխությունների նախագիծը: Նկատենք՝ այն հրապարկվել էր դեռ սեպտեմբերին, սակայն քննարկումները պատերազմի պատճառով հետաձգվել էին։ Նախագծով առաջարկվում են մի քանի առանցքային փոփոխություններ, այդ թվում՝ կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխությունը։ Այս գործընթացից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, սակայն մինչ դրանք ներկայացնելը խոսենք էական փոփոխությունների մասին:

Այսպես, նախագծով առաջարկվում է բիզնեսին արգելել  ֆինանսավորել կուսակցություններին, անհատական նվիրատվությունների թույլատրելի սահմանչափը նվազեցնել՝ 10 միլիոնի փոխարեն դարձնելով 2.5 միլիոն, վերանայել նաեւ կուսակցությունների հանրային կամ պետական ֆինանսավորման կարգը։ Եթե օրենքի գործող տարբերակով հանրային միջոցներից ֆինասավորվում են խորհրդարան անցած կուսակցություններն ըստ իրենց ստացած մանդատների քանակի եւ 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունները, ապա առաջարկվող նախագծով կֆինանսավորվեն ընտրություններում 2 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները, ընդ որում, մեծամասնություն ստացած ուժը չի ստանա ֆինանսական առավելություն։ Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, անմիջապես այս նախագիծը քննարկելուց եւ ընդունելուց հետո իշխանությունները նպատակ ունեն փոփոխություններ կատարել նաեւ Ընտրական օրենսգրքում:

Բանն այն է, որ նաեւ իշխանությունն է, այսպես ասած, գիտակցում, որ առաջիկա շրջանում արտահերթ ընտրություններ ամեն դեպքում լինելու են, եւ հենց այդ պատճառով էլ վերջիններս ցանկանում են արտահերթ ընտրություններն անցկացնել նոր օրենսգրքով եւ փոփոխություններով, որոնք կարող են օգտակար լինել նաեւ իրենց համար: Հենց այս նպատակով էլ իշխանություններն արագացնում են գործընթացները:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արտախորհրդարանական ուժերը համոզված են, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ 12.00-ն հրաժարական չի ներկայացնելու՝ չնայած այն բանին, որ դեկտեմբերի 5-ին վերջիններս նման պահանջով էին հանդես եկել: Ըստ մեր տեղեկությունների, 16 կուսակցությունները պլանավորել են իրենց նշած ժամից հետո, երբ արդեն պաշտոնապես հայտնի կդառնա, որ Փաշինյանը եւ կառավարությունը հրաժարական չեն ներկայացնելու, իրենք սկսկելու են անհնազանդության ակցիաներ իրականացնել: Նրանք պլանավորել են «պարալիզացնել» Հայաստանը իր մարզերով եւ հատկապես Երեւան քաղաքը: Այսինքն, իրենց նշած ժամից հետո ընդդիմությունը փակելու է Երեւանի եւ տարբեր մարզերի փողոցներ, կաթվածահար է անելու երթեւեկությունը: Մեր տեղեկություններով,  ընդդիմության հիմնական պլանը դեռեւս սա է լինելու, բայց նաեւ մեխանիզմներ է փնտրում իշխանությունների վրա ազդելու եւ վարչապետի եւ կառավարության հրաժարականին հասնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձեւավորում:

 

 

Նոյեմբերի 30-ին իր պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նա պաշտոնապես ազատվեց դեկտեմբերի 4-ին՝ կառավարության նիստում համապատասխան հրամանով: Եվ այս որոշումից հետո ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. իշխանությունները դեռ չեն որոշել եւ չգիտեն, թե ում նշանակել նրա փոխարեն: Ընդ որում, նկատենք՝ Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքների խոշոր ղեկավարները հայտարարություն էին տարածել՝ ասելով, թե այս իրավիճակում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ ահա, մեր տեղեկություններով, մարզում բավականին լուրջ քննարկումներ են տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ, եւ անգամ առաջարկից հրաժարվողներ են եղել, սակայն սյունեցիներն այն տեսակետն ունեն, որ պետք է մարզպետ նշանակվի զինվորական անձ, որը պետք է տիրապետի իրավիճակին՝ մինչեւ հասկանան, թե ինչ է լինելու հետագայում: Այսինքն, որոշում  կա այդ պաշտոնը վստահել զինվորականի:  Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Սյունիքի շատ համայնքներ դարձել են սահմանամերձ, եւ կան համայնքներ, որտեղ հայկական գյուղերը գտնվում են սահմանին շատ մոտ՝ 500-600 մետր հեռավորության վրա:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցագիր է ուղարկել: Ըստ այդմ, Միքայել Համբարձումյանը պետք է դեկտեմբերի 9-ին ներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Ըստ էության, ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ-ին հարցաքննության են հրավիրում իր վերջին հայտարարությունների մասով։ Այնպիսի տպավորություն է, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք համարձակվում են ներկայացնել քաղաքական իշխանությունների ձախողումները պատերազմի ընթացքում, հայտնվում են ՀՔԾ-ի տեսադաշտում: Ինչով կավարտվի ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ հարցաքննությունը, եւ կոնկրետ ինչ գործի շրջանակներում են հրավիրել, պարզ չէ։ Թերեւս  սպասենք զարգացումներին: Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը նոյեմբերի 12-ին՝ իր հրաժարականից չորս օր հետո հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ՝ հավելելով. «Ձերբակալություններով, խուզարկություններով եւ  այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր:  Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, եւ եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովուրդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով»:

 

 




Լրահոս