
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու դեպքով հարուցվել է քրեական գործ սպանության փորձի և պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելու հատկանիշներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
«2020թ. դեկտեմբերի 8-ի ժամը 19:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է ամրացրել, որը 2020 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, վարորդի կողմից վարելու ընթացքում պայթել է: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերոնշյալ ԲԲԸ-ի գործադիր տնօրենը ավտոմեքենայում չի գտնվել»,- ասաց Եգանյանը:
Կատարվում են համապատասխան միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: