Արա Այվազյանը և Ֆրանսիայի Սենատի նախագահը քննարկել են տարածաշրջանային մի շարք հրատապ հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Սենատի առաջին փոխնախագահը, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև Սենատի մի շարք քաղաքական խմբակցությունների ղեկավարներ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ինտենսիվ քաղաքական երկխոսության առկայությամբ՝ հիմնված հարուստ պատմամշակութային առնչությունների և երկու ժողովուրդների միջև անկեղծ բարեկամության վրա:

Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» բանաձևի կապակցությամբ՝ շեշտելով, որ այն կարևոր ազդակ է միջազգային հանրությանը և արտահայտում է մարդու իրավունքների համընդհանուր քաղաքակրթական արժեքներին ֆրանսիացի ժողովրդի անշեղ հավատարմությունը։

Անդրադառնալով բանաձևի խորհրդին՝ նախարարն ընդգծեց դրա կարևորությունն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: Նախարարը նշեց, որ Թուրքիան, գործուն աջակցություն ցուցաբերելով Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիային, պատասխանատվություն է կրում Ադրբեջանի` հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու քաղաքականության համար:

Նախարար Այվազյանն իր ֆրանսիացի պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, դրանց ոչնչացման, և պղծման դրսևորումների վրա: Այս համատեքստում կողմերը շեշտեցին հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պահպանության և այդ գործում միջազգային մասնագիտացված կառույցների ակտիվ ներգրավվածության կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվեցին նաև Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գոյացած հումանիտար մարտահրավերները և դրանք հասցեագրելուն ուղղված քայլերը։

Տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:




Լրահոս