ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, մի խումբ իշխանականներ այս օրերին քննարկում են իրավիճակից դուրս գալու ելքեր եւ այնպիսի տարբերակներ, որ 16 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու առաջադրած Վազգեն Մանուկյանը չդառնա ՀՀ վարչապետ: Ու ըստ այդ սցենարի, որը հնարավոր է առաջիկայում ներկայացվի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետք է իրենց թիմակիցները իրենց «միջից» ընտրեն վարչապետ: Եվ ամենահավանական թեկնածուն այս պահին համարվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Երբ Արարատ Միրզոյանը դառնա ՀՀ վարչապետ, պլանավորում են ԱԺ նախագահ ընտրել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ կարելի է ասել կունենա այն, ինչը մինչեւ այսօր իշխանությունների շնորհիվ հայտնվել էլ արգելափակման տակ: Արդեն մեկ քայլ արվել է. Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու ԱԺ խորհրդի որոշումը Սահամանադրական դատարանը անգամ վարույթ չի ընդունել:
Հաջորդիվ Գագիկ Ծառուկյանը տարբեր շինթույլտվություններ կստանա, որը մինչեւ այս չեն տվել, արգելքներ են ստեղծել տարբեր գերատեսչություններ: Ընդուպ մինչեւ Ծառուկյանի ընտանիքին պատկանող կազինոյի բացումն են խոստանալու թույլ տալ, որը անհեթհեթ պատճառով լիցենզիայից զրկել էին: Անգամ ԲՀԿ-ականներին խոստանալու են տալ մի քանի նախարարարական պորտֆեյլներ:
Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ պատրաստվում են այլ քաղաքական ուժերի ներառել իշխանության հետագա գործունեությունը շարունակելու համար, ինչպես դա անում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներքաղաքական իրավիճակի լարվածությունը թոթափելով: Սա սցենար է, որը դեռեւս պետք է արժանանա Նիկոլ Փաշինյանի հավանությանը, քանի որ այս ամենը դեռեւս քննարկվում է իշխանությունների մի հատվածում:
Իսկ ըստ պլանների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ պատրաստվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մենք փորձեցինք այս տեղեկությունները ճշտել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանից եւ Շաքե Իսայանից, սակայն վերջիններս մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանը եւս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում հայտարարեց. «Ձեզանից եմ լսում նման բան, մեր բոլոր պահանջներն ու հայտարարությունները հրապարակային են, ոչ մի ներկուլիսային քննարկումներ չեն եղել իշխանությունների հետ ու այս պահին էլ չենք գտնվում, ինչ կա ներկայացնում ենք հրապարակային»:
Սոնա Գրիգորյան