Գաղտնիք չէ, որ Ամանորի գիշերը երգիչ-երգչուհիներն այս կամ այն ժամանցի վայրում մարդկանց լավ տրամադրություն պարգեւելուց զատ նաեւ գումար են աշխատում: Սակայն այս տարի երկրում պատերազմական եւ համաճարակային իրավիճակից ելնելով՝ շատերը որոշել են Ամանորը չնշել կամ նշել առանց երաժշտության եւ ուրախ տրամադրության՝ որպես հարգանքի տուրք պատերազմում նահատակված մեր տղաների եւ անհետ կորածների հիշատակի:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է շոու-բիզնեսի ներկայացուցիչներից պարզել, թե ինչպես են դիմավորելու Ամանորը, արդյոք մասնակցություն ունենալու են տոնական խնջույքների, նաեւ հետաքրքրվեցինք՝ նման հրավերներ ստացել են, թե ոչ:
Երգիչ Ռուբեն Սասունցին մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի ամանորյա խնջույքների չի մասնակցելու:
Երգչուհի Լայանան եւս չի մասնակցելու ամանորյա տոնախմբությունների, անգամ տանը չեն նշելու:
«Անկեղծ ասած դեռ ոչ մի տեղի հրավեր չունեմ այս պահի դրությամբ: Ճիշտն ասած մտքովս էլ չի անցնում, որ կլինեն հրավերներ: Կարծում եմ՝ ինչքան էլ, որ անհրաժեշտ է մեզ ֆինանսական առումով այդ օրը երգելը, բայց կարծումկ եմ, որբ տոնախմություններ, խանդավառություններ չպետք է լինեն»,-նշեց Լայաննան:
Իսկ Աղասի Իսպիրյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ երբեք էլ Ամանորի գիշերը գումար չի աշխատել, եւ այս տարի էլ բացառություն չի լինելու, իսկ զինվորների հիշատակն էլ հարգել է պետք:
«Իմ 12 տարվա փորձից ելնելով` ասեմ, որ Նոր տարիները Հայաստանում գումար աշխատելու միջոց չեն եղել: Մեր ժողովուրդն ավելի շատ նախընտրում է ազգային երգերը լսel եւ ընտանիքի հետ ուրախանաl, քան ինչ-որ մեծ խնջույքի ժամանակ: Ես երբեք էլ Նոր տարվան գումար չեմ աշխատել տանն եմ եղել ընտանիքիս հետ»,- ասաց Աղասի Իսպիրյանը:
Սոնա Շահգելդյանը նշեց, թե ամենայն հավանականությամբ չի մասնակցի Ամանորի գիշերը կազմակերպվող խնջույքներին:
«Պլանավորված ոչ մի միջոցառում դեռ չկա, ես ինքս էլ չեմ պատրաստվում երգել Ամանորի գիշերը, որովհետեւ մեր երկրում այնպիսի բան է տեղի ունեցել, որ չեմ կարող երգել: Կապ չունի, թե ով կերգի,ով չի երգի, ես միայն կարող եմ իմ տեղը պատասխանել, որ ոչ մի միջոցառման չեմ երգելու: Անկեղծ ասած, դեռ ես էլ չգիտեմ, դեռ ոչ մի բան չեմ որոշել, պետք է մտածեմ, դա միայն իմ հարցը չէ»,-ընդգծեց երգչունին:
Այսպիսով, նկատենք, որ թեեւ երգիչ-երգչուհիները պնդում են, որ մասնակցություն չեն ունենալու Ամանորի գիշերվա խնջույքներին, սակայն արձանագրենք, որ այս պահի դրությամբ արդեն ռեստորաններում գրեթե բոլոր տեղերն ամրագրված են:
Մանրամասները՝ տեսանյութում
Լիդա Եղիազարյան