ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԻ ԻՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը անհրաժեշտություն է տեսնում, որ Թուրքիան դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը եւ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց եւ ընդհանրապես Հարավային Կովկասից: Այս մասին Այվազյանն ասաց դեկտեմբերի 7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում:

 

«Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ եւ ոգեշնչող, այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը եւ  նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց եւ ընդհանրապես Հարավային Կովկասից»,- ասաց Այվազյանը:

ՀՀ արտգործնախարարը նշեց, որ դեռեւս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ:

«Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների եւ վարձկանների տարածման աշխարհագրությունը եւ նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները»,- նշեց Արա Այվազյանը:

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհատույց եղանակով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ տրամադրել Հայաստանին: Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Երկկողմ ձեւաչափում Ռուսաստանը կշարունակի անհատույց եղանակով մեր հայ բարեկամներին տրամադրել մոբիլ կենսաբանական լաբորատորիաներ, թեստավորման համակարգեր, ռեագենտներ, բժշկական տեխնիկա: Երեւանը համագործակցության հետաքրքրություն է ցուցաբերում կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի օգտագործման հարցում»,- ասաց Լավրովը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Սերգեյ Լավրովը  ասաց, որ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը իրեն հրավիրել է այցելել Երեւան:

«Մենք ունեցանք շատ օգտակար ու ամբողջական առաջին կոնտակտը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ: Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երեւան: Ես հաճույքով կժամանեմ: Ժամանակացույցի մասին կպայմանավորվենք հետագայում»,- ասաց Լավրովը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը եւ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերը, այս մասին նախարարների համատեղ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարարը:

«Մենք խոսել ենք հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերի մասին: Դա նախագահ Պուտինի նախաձեռնություն է: Մենք առաջարկել ենք այդ կենտրոնը դարձնել միջազգային` Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Հիմա քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Դրա իրականացման գործին կմասնակցեն բազմաթիվ ռուսական նախարարություններեւ գերատեսչություններ»,- ասաց Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հայտնեց, որ հայ գործընկերոջ հետ բանակցություններն անցել են ավանդական ջերմ եւ դաշնակցային, ռազմավարական-գործընկերային մթնոլորտում:

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նաեւ կարեւորեցին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում գերի ընկածների եւ զոհված զինծառայողների մարմինների շուտափույթ փոխանակման իրականացումը:

«Կարեւորագույն հարց է գերիների փոխանակման հարցը: Մեր խաղաղապահների միջոցով փորձելու ենք միջնորդել այս հարցի հնարավորինս արագ ավարտին հասցնելուն: Գիտենք, թե դա ինչ սուր հարց է գերի ընկածների հարազատների, մտերիմների, ընկերների համար, ինչպես նաեւ զոհվածների մարմինների փոխանակման հարցը, որը նույնպես պետք է շուտ լուծել»,- ասաց Լավրովը:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշեց, որ գերիների փոխանակման հարցն առավել արդիական է այն պարագայում, երբ կան նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը ցուցադրող փաստեր:

«Իհարկե, անհետ կորած զինծառայողների որոնման, գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման հարցը շատ նուրբ է եւ  պահանջում է շուտափույթ լուծում: Դա առավել արդիական է զինծառայողների եւ ոչ միայն, նկատմամբ բարբարոսական գործողությունների փաստերի առկայության պարագայում»,- նշեց Արա Այվազյանը:

Ն.Հ.

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Զրուցակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքները: Կողմերը կարծիք են հայտնել, որ թե՚ Հայաստանում եւ թե՚ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, եւ ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի եւ արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ:

 

 

ԿՄԵԿՆԻ ԹԵՀՐԱՆ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը առաջիկա չորեքշաբթի օրը պաշտոնական այց կկատարի Թեհրան, հաղորդել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: Բայրամովը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, խորհրդարանի խոսնակի եւ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի հետ: Այցի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել օրեր առաջ` երկու երկրների արտգործնախարարների` տեսակոնֆերանսով անցկացված հանդիպման արդյունքում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, Արաքս գետի վրա իրականացվող համատեղ ծրագրերին եւ երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ԼՍՈՒՄՆԵՐ ԱԺ-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում մեկնարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները։ Լսումների օրակարգում ԼՀԿ-ի ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկումն էր: Նիստի մեկնարկին ներկաները, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկով, մեկ լորպե լռությամբ հարգել են 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի եւ արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակը։ Անցնելով օրակարգին՝ Մարուքյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանը գտնվում է ճգնաժամի մեջ, իսկ մինչ այդ, ըստ ԼՀԿ ղեկավարի, Հայաստանն առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար, Մարուքյանն ասել է, որ ԼՀԿ-ն, որպես խորհրդարանական ուժ, այս պլատֆորմն է առաջարկում բաց պլատֆորմ՝ խոսելու, գաղափարներ ներկայացնելու։

 

 

ՏԵՂԱԿԱԼԻ ՀԱՍՏԻՔՈՎ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսվում են փոփոխություններ: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ ներկայացված մյուս օրենքներում Երեւան քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման եւ Երեւանի քաղաքապետին քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն: Նախագծում նշվում է, որ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երեւան քաղաքում մշակում եւ իրագործում է քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ: Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաեւ ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով: Հիշեցնենք, որ մինչ այս ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Մեսչյանը:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության փոխադարձ պատրաստակամություն են հայտնել։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Երկուստեք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնվել։ Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաեւ  շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով Երեւանի եւ Բաքվի խնդրանքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը շեշտել են մարտական գործողություններից տուժած բնակչության կենսական խնդիրների լուծման կարեւորությունը։

 

 




Լրահոս