ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը.
«Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող ռազմական միջոցառման ժամանակ այդ երկրի նախագահը հայտարարել է, թե Զանգեզուրը, Սևանա լիճը և Երևանը [Հայաստանի Հանրապետություն] Ադրբեջանի պատմական հողեր են: Դրանից հետո Թուրքիայի նախագահը փառաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղսապանությունը և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերը կազմակերպողներին ու կատարողներին: Նշվածից բացի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահների ելույթները լի են եղել ողջ հայ ժողովրդին, Հայաստանի ողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված սպառնալիքներով, վիրավորանքներով ու ատելություն բորբոքող արտահայտություններով:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները հաստատում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահի այսօրվա ելույթներում ատելության ու թշնամանքի այն նույն շեշտադրումներն ու խոսքերն էին, որոնք ադրբեջանական զինվորականներն այս պատերազմի ընթացքում օգտագործում են հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, նրանց դաժանաբար սպանելիս կամ բացառիկ ցինզիմով անմարդկային վերաբերմունք դրսևորելիս:
Նման ելույթներն են, որ տարիների ընթացքում Ադրբեջանում ձևավորել են հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով ատելության ու թշնամանքի քարոզի ինստիտուցինոնալ համակարգ, անպատժելիության բացահայտ խրախուսում ու այդ ամենի պետական ամենաբարձր մակարդակով հովանավորում:
2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները դաժանության աստիճանով նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ: Դրանք դաժանությամբ այնպիսի արարքներ են, որոնք նույնիսկ գիտական հետազոտություններ են պահանջում՝ հասկանալու համար, թե ի վերջո ինչ աստիճանի դաժանությունների է ընդունակ մարդ էակը:
Թուրքիայի նախագահը հայերի դեմ ուղղված ատելություն բորբոքող ու Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված սպառնալիքներով լի իր ելույթում նշել է, թե այսօր Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն է:
Հաստատված փաստ է, որ այս մարդիկ երիտթուրքեր են, որոնք Օսմանյան կայսրությունում կազմակերպել ու կատարել են Հայոց Ցեղասպանությունը՝ ուղեկցելով այն սպանություններով, առողջության խեղումներով, խոշտանգումներով ու բռնաբարություններով:
Նրանցից, մասնավորապես, Էնվեր փաշան Հայոց Ցեղասպանության տարիներին եղել է դաժանությունների գլխավոր կազմակերպիչների թվում՝ որպես Օսմանյան կայսրության ռազմական նախարար (1913-1918 թթ.), իսկ Ջևադ բեյը՝ անմիջականորեն կազմակերպել ու կատարել է ցեղասպան գործողությունները՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով Կոստանդնուպոլիս (ներկայում՝ Ստամբուլ) քաղաքի պարետը և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ «Թեշքիլաթը մահսումե» թուրքական պետական Հատուկ կազմակերպության անդամ՝ գեներալ-մայորի կոչումով: Ավելին, այս անձինք, մասնավորապես՝ Նուրի փաշան, ով Էնվեր փաշայի եղբայրն էր, Կովկասյան իսլամական բանակի շարքերում մասնակցել են Բաքվում հայերի 1918 թվականի սեպտեմբերի զանգվածային ջարդերին, որոնք ուղեկցվել են խոշտանգումներով ու բռնաբարություններով:
Թուրքիայի նախագահի կողմից այս անձանց փառաբանելը ու այն էլ դա անելը զորահանդեսի ժամանակ ընթացող հրապարակային ելույթով ցեղասպանության բացահայտ մտադրություն է: Այդ ելույթի ակնհայտ նպատակն է էլ ավելի բորբոքել ատելությունը:
Այս ամենին գումարվում են նաև երկու նախագահների ակնհայտ կեղծ պնդումներն այն մասին, թե հայերն իրականացրել են ադրբեջանական կամ թուրքական կրոնական օբյեկտների կամ արժեքների ոչնչացում:
Այս ելույթները Հայաստանի ողջ ժողովրդի, քաղաքացիական ողջ բնակչության կյանքին, առողջությանն ուղղված բացահայտ սպառնալիք են, բացահայտ ահաբեկում, որոնք միջազգային իրավունքի բարցարձակ արգելքների ներքո են: Նշված ելույթները հաստատում են նաև այս պատերազմի ընթացքում էթնիկ զտումների ու տեռորիստական մեթոդներով ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունն Արցախում:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային համաշխարհային հանրությանը կոչ է անում ձեռնարկել հիմնարար կանխարգելիչ միջոցներ այս բացարձակ դատապարտելի երևույթներին, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու խաթարում են մարդու իրավունքների և հումանիտար պաշտպանության միջազգային ողջ համակարգը»: