ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԵՆԹԱԿԱՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին  համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն:

 

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Այդ կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ գործատուների նման անօրինական պահանջներին եւ տեղեկացնում, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որեւէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որեւէ հավաքի։ Միաժամանակ, հայտնվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված հավաք կազմակերպելու եւ հավաքին մասնակցելու իրավունքի ապահովումը բացառապես անձի ազատ կամարտահայտության պայմաններում, իսկ այդ հավաքներին մասնակցելուն պարտադրելու բոլոր դեպքերը հայտնաբերվելու են, իսկ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ նախաձեռնվելու են պատասխանատվության խիստ միջոցներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաեւ, որ ներկայումս առկա են Հայաստանի Հանրապետությունում զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ իրականացման իրական վտանգներ, ուստի եւս մեկ անգամ հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսեւորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության եւ քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն:

Հայտնվում է, որ Հայաստաի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին եւ հետեւողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության  անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման եւ դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսեւորել բացառապես իրավահպատակ վարքագիծ եւ տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող  սադրիչ կոչերին ու հորդորներին:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՈՒՄ ԿԻՆ ԳԵՐԻՆԵՐ ԿԱՆ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ առնվազն չորս կին գերի կա ադրբեջանական կողմում։ Պաշտպանը չի բացառում, որ այս թիվը հնարավոր է աճի։ «Մարալը, Ազնիվը, որի մասին եւս տեսանյութ եղել է եւ  երկու կին, որոնք Արցախի տարբեր վայրերի բնակիչներ են», -ասել է Արտակ Բեգլարյանը։

 

«Քանի որ փաստահավաք գործունեությունը շարունակում ենք, չի բացառվում, որ նոր անուններ մենք հավաքագրենք»,-շեշտել է նա։ Դեկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում, անդրադառնալով գերիների վերադարձի, անհետ կորածների հայտնաբերման գործընթացին, ասել է, որ այս հարցում որոշակի առաջընթաց կա: Մասնավորապես, ըստ վարչապետի՝ համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: «Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ պատերազմից առաջ հայկական եւ  ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստը այս պահին հաստատված է պաշտոնապես, այլեւ մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն», – նշել է Փաշինյանը՝ շարունակելով, որ անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը նույնպես, թեկուզ դանդաղ, բայց ընթանում է: Նոյեմբերի 9-ից հետո, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմին այս պահին գտնվում է ճանաչման փուլում:

Բեգլարյանը ողջունելի է համարում գերիների փոխանակման մասով առաջընթացը, սակայն ընդգծում է՝ նախքան փոխանակումը նախ պետք է համոզվել, որ բոլոր գերիներն են պաշտոնապես գտնվել, հետո նոր խոսել բոլորը բոլորի դիմաց փոխանակելու մասին։ Պաշտպանի համոզմամբ, Ադրբեջանում ավելի շատ գերի կա, քան Ադրբեջանը պաշտոնապես ներկայացնում է։

«Իհարկե դա չի նշանակում, որ պարտադիր պետք է սպասենք բոլոր գերիների ինքնության պարզելուն, կամ պաշտոնապես նրանց գտնելուն։ Հնարավոր է նաեւ երկու փուլով անել գերիների փոխանակումը։ Բայց այն, որ Ադրբեջանում ավելի շատ գերի կա, քան Ադրբեջանը պաշտոնապես ներկայացնում է, սա ինձ համար որեւէ առարկությունից դուրս է։ Դրա համար նախքան այս համաձայնության վերջնական կիրառումը, շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը երաշխավորի ու համոզվի, որ Ադրբեջանը որեւէ, նույնիսկ մեկ հայ գերի՝ ռազմագերի կամ քաղաքացիական անձ, չի թաքցնում՝ նպատակային, կամ ոչ նպատակային, քանի որ կասկածներ ունենք, որ մի մասը դիտավորյալ է թաքցվում՝պետական մակարդակով, մի մասը չի բացառվում մեր թեւի օղակներում է թաքցվում, այսինքն՝ զորամասերում, կամ ավելի ներքեւի օղակներում, եւ չի բացառվում, որ կան նաեւ թաքնված ռազմագերիներ, կամ թաքնված զինծառայողներ, որոնց գտնելու ուղղությամբ եւս պետք է վերջնական եւ համապարփակ աշխատանք տարվի։ Միջազգային պատկան մարմինները՝ եւ իրավապաշտպան, եւ քաղաքական, պետք է առավելագոււյն ուշադրություն դարձնեն բոլորի հանդեպ եւ առանձնահատուկ ուշադրություն հատկապես կանանց իրավունքների պաշտպանության հանդեպ», – ասել է Բեգլարյանը։

 

 

ԶԵՆՔԻ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՄԲ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՌԻՍԿԵՐ

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանության համար ռազմական գործողություններին մասնակցության նպատակով մեծ թվով անձանց տարբեր զինատեսակների եւ ռազմամթերքի տրամադրումը լուրջ վտանգներ է ստեղծել ռազմական գործողությունների ավարտից հետո դրանց ապօրինի շրջանառության համար: Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը: Վերջինիս վկայությունն են Արցախից դեպի Հայաստան ապօրինաբար զենք եւ ռազմաթերք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը, դրանցով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերը։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները, դրանց հետ կապված հանցագործությունները, հրապարակային ելույթներում, այդ թվում նաեւ 2020թ դեկտեմբերի 5-ին Երեւան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպված հավաքում հնչեցված՝ որոշակի գործողություների անխուսափելիության կամ թույլատրելիության մասին դիրքորոշումներով համեմված հայտարարությունները, ստեղծում են զենքի ապօրինի գործադրմամբ հանցավոր դրսեւորումների ռիսկեր եւ դրանով պայմանավորված՝ քաղաքացիների, այդ թվում նաեւ զանգվածային հավաքներին մասնակցող, կյանքի եւ առողջության պաշտպանությանը, հասարակական կարգին սպառնացող վտանգներ:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին եւ ՀՀ ոստիկանության պետին՝ անհապաղ ձեռնարկելու անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ զենքի ապօրինի շրջանառության դեպքերը, դրանց գործադրմամբ, ինչպես նաեւ հնարավոր նախապատրաստվող՝ բռնությամբ զուգորդված հանցագործությունները նախականխելու, կանխելու եւ բացահայտելու, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ակտիվացնելու ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, կրկին ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ վերոնշյալ հանցավոր հնարավոր դրեւորումներից, բռնություններով կամ բռնության գործադրման կոչերով զուգորդվող գործողությունների դիմելուց կամ դրանցում ներգրավվելուց: Հակառակ դեպքում հանցավոր արարքներ կատարող բոլոր անձինք օրենքի ողջ խստությայմբ կենթարկվեն քրեական պատասխանատվության:

 




Լրահոս