ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ 11 ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է համայնքների խոշորացման նախագիծ, որով նախատեսվում է թվով 186 համայնքի միավորման արդյունքում ձեւավորել թվով 11 համայնք: Նախագծով նախատեսվում է ձեւավորել հետեւյալ համայնքային փնջերը.

 

ՀՀ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնք, որի մեջ կներառվեն Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29) համայնքներ:

ՀՀ Արագածոտնի մարզի Դդմասար խոշորացված համայնք – Դդմասար, Արեւուտ, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (թվով 6):

ՀՀ Արարատի  մարզի Մասիս խոշորացված համայնք – ք. Մասիս, Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արեւաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ Նովա, Սիս, Սիփանիկ (թվով 27):

ՀՀ Արարատի մարզի Արաքս խոշորացված համայնք – Մխչյան, Աբովյան, Ազատավան, Արաքսավան, Արևշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հովտաշեն, գ. Մասիս, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն (թվով 23):

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնք – Մեծամոր, Ակնալիճ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտաշար, Արեւիկ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Եղեգնուտ, Զարթոնք, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մայիսյան, Մրգաշատ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Տարոնիկ (թվով 26):

ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնք – Թումանյան, Դսեղ, Ձորագետ, Չկալով (թվով 4):

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնք – Սպիտակ, Արեւաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Արջհովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21):

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնք – Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 12):

ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնք – Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ (թվով 12):

ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնք – Ծաղկաձոր, Մեղրաձոր (թվով 2):

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնք – Արթիկ, Անուշավան, Արեւշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24):

Փոփոխություններ կատարելու նպատակը, ըստ ՏԿԵ նախարարության, վերոնշյալ համայնքներում համայնքի ավագանու ընտրություն նշանակելն է:

Նախագծով կարգավորվում է նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար տեղափոխելու հարցը: Նախարարությունը հիմնավորում է, որ փոփոխությունը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչության եւ ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու եւ արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով:

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է թվով 54 համայնք:

 

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը 2019թ. նոյեմբերի նկատմամբ) կազմել է 1.6%, իսկ մեկամսյա գնաճը (2020թ. նոյեմբերը նախորդ ամսվա նկատմամբ)` 1.3%: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2020թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1.0-1.5%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Աշտարակ եւ Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.3%-ով: 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 0.8%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի եւ շաքարավազի, յուղերի եւ ճարպերի, բանջարեղենի 1.9-20.5% գնաճով:

Բանջարեղենի ապրանքախմբում, 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 9.2% գնանկում, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 20.5% գնաճ: Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 7.0%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.5% գնաճ (արեւծաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ կազմել է 20.9%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 5.9%):

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ: Ձվի գինը 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, աճել է 6.0%-ով, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 7.6%-ով: Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 26.6%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ։ Մրգի ապրանքախմբում 2020թ. նոյեմբերին, 2019թ. նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 9.7%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ`1.9% գնաճ: Հագուստի եւ կոշիկի սպառողական գներն այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են 1.6%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ աճել 1.9%-ով։

 

 

 

7 ՍԱՆՏԻՄԵՏՐՈՎ ԲԱՐՁՐ 

2020 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա։ ՀՀ «Հայհիդրոմետ» ծառայության տվալներով այն 7 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 195 միլիոն 701 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնված ջրի ծավալը կազմել է 162 միլիոն 388 հազար խորանարդ մետր։

 

 

 

ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Այս տարի  ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրով  «Հայանտառ»  ՊՈԱԿ   Իջեւանի անտառտնտեսության տարածքում, 130 հեկտարում,  ծառերի տակ սարքված   հարթակների միջոցով  կատարվել են անտառվերականգնման  աշխատանքներ։ Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Մhեր Ղալթախչյանի խոսքով պետական բյուջեի  ֆինանսավորմամբ 20 հեկտար տարածքում ծառատունկ է կատարվել, տնկվել են  կաղնի, հոնի, հացենի, սոճի, թխկի  տեսակի ծառեր։ Պետական բյուջեի ֆինանսավորմամբ  սահմանամերձ  Այգեհովիտ գյուղում  2 հեկտար տարածքում  հիմնվել  է տնկարան։  Սահմանամերձ, անտառամերձ  բնակավայրերի  յուրաքանչյուր ընտանիքի, ինքնապատրաստմամբ  տրվել է 8 -ական խորանարդ մետր անտառի թափուկ ,արդեն  հատկացվել  է  շուրջ 8000 խորանարդ մետր թափուկ։ Իջեւանի անտառտնտեսությունը   պատրաստել,  անտառտնտեսոության կենտրոնական պահեստից խորանարդ մետրը 21 հազար 600 դրամով վաճառում  է վառելափայտ։  Անտառտնտեսության շինափայտի իրացման այս տարվա պլանը  շուրջ 100 խորանարդ մետր է։

 

 

 

ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ

«Տավուշ  տեքստիլ» ընկերությունը  Բերդ համայնքում հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել, սակայ ն աշխատողները  դժգոհ են աշխատավարձի չափից։ « Տավուշ տեքստիլի»  բանվորուհիները  դժգոհեցին, որ օրական աշխատում են 12 ժամ, առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 8-ը, իրենցից  յուրաքանչյուրը սպասարկում է  40  մեքենա, ինչը պահանջում  է մեծ լարվածություն եւ կենտրոնացվածություն։ Ձեռնարկությունում աշխատավարձը գործարքային է, բանվորները դժգոհեցին, որ  թելից կարված, ռետինե եզրերով մեկ ձեռնոց արտադրելու համար  իրենց վարձատրում  են 90 դրամ,  ամսական աշխատավարձը կազմում է 110-120 հազար դրամ։ Խնդիր է սահմանամերձ Այգեպար գյուղից  Բերդ քաղաք, գործարան մեկնելու հարցը։  Բանվորուհիները ամեն օր ստիպված են 500 դրամ վճարել  տաքսիներին, որպեսզի Այգեպարից հասնեն Տավուշ գյուղի  խաչմերուկ, այնտեղից էլ՝ Բերդ քաղաք։ Այս մասին «Ժողովուրդ»-ի լրագրողը հարցեր ուղղեց «Տավուշ տեքստիլի» գործադիր  տնօրեն Միքայել Եզեկյանին։  Նա հարցերին  ուղղակի չպատասախանեց՝ ասելով, որ իրենք  հարկային ստուգումների են  ենթարկվել , իրենց  ընկերությունում ամեն ինչ օրինական  է, Հայաստանի տեսքստիլ  ձեռնարկությունների մեջ  իրենց  աշխատողների աշխատավարձը ամենաբարձր է, այն 50 տոկոսով բարձր է ոլորտի մյուս ընկերությունների աշխատողների աշխատավարձից եւ խնդրեց  հարցեր տալով՝ իրեն  չկտրել  իր  աշխատանքից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս