ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ. ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է զորավիգ լինենք մեր գերեւարված զինծառայողների ընտանիքներին, զորավիգ լինենք գերեւարված մեր հայ զավակներին, նրանց պաշտպանությանը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը՝ անդրադառնալով  գերեւարված զինվորներին եւ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին:

 

«Մենք պետք է միջազգային կառույցներից, պատկան մարմիններից պահանջենք, որպեսզի գերեւարված մեր երեխաների հարցերով զբաղվեն, ինչու ոչ՝ նաեւ այս պահին զինվորական ծառայության մեջ գտնվող  մեր  հայ տղաների բարոյահոգեբանական , առողջական եւ մի շարք այլ հարցերի հետ կապված»,- նշում է դերասանուհին:

Լուիզա Ղամբարյանի խոսքով՝ կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունն անհապաղ պետք է հեռանա, այլ տարբերակ պարզապես չկա:

«Ես բոլոր այն սթափ մարդկանցից  եմ, որ համոզված են՝  կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հեռանա: Ես այլ թեկնածուի առաջարկ բնականաբար չունեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, արվեստագետ, եւ քաղաքական այդ օրակարգերին, ներքին հարցերին  որեւէ կերպ  չեմ տիրապետում եւ չեմ էլ ուզում հասկանալ: Այս պահին ինձ համար էական եւ խիստ ակտուալ է գերիների հարցը: Ես իմ խոսքում պատահական չնշեցի միջազգային պատկան մարմիններին, ես կարծում եմ, որ այս կոնտեքստում մեր ձայնը տեղ կհասնի: Ես առիթից օգտվելով՝  Սփյուռքում բնակվող մեր  հայրենակիցներին եւս մեկ անգամ  շնորհակալությունս եմ հայտնում 44 օր նրանց տարած ահռելի աշխատանքի համար, եւ նաեւ ուզում եմ ասել, որ մեր պայքարը չի ավարտվել, այն, ցավոք սրտի, նոր երանգներ է ստանում՝ ավելի վատ երանգներ, խիտ երանգներ. նրանք նույնպես մտավորականների կամ ավելի ազդեցիկ գործունեություն ծավալող հայերի համախմբամբ,  միասնականությամբ, նաեւ արտերկրում կկարողանան ավելի ուղիղ իմաստով  նմանօրինակ  միջոցառումների արդյունքում հասնել այս խնդրի լուծմանը, որը վերաբերում է կոնկրետ ռազմագերիներին, քանի որ պտտվում են տարատեսակ ինֆորմացիաներ, եւ քաղաքական այդ տեղեկությունների արդյունքում մենք չգիտենք, թե ինչ է իրականում կատարվում. մինչեւ անգամ ասում են, որ  Բաքվում  ուզում են այդ չարաբաստիկ շքերթին մասնակից դարձնեն գերիներին: Եվս մեկ անգամ ուզում եմ, որ ռազմագերիների, անհետ կորածների եւ զինվորական ծառայության մեջ գտնվող մեր հայ տղաների հարցերը  բարձրաձայնվեն եւ ուշադրության կենտրոնում պահվեն»,- մեզ հետ զրույցի վերջում հավելում է դերասանուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 




Լրահոս