Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ կրակոցներ են հնչել Երեւանում: Ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի հարեւանությամբ կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Շոպրոնի փողոցում։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 տասնյակից ավել պարկուճներ: Հայտնաբերել են փայտե մահակ, որի վրա առկա են արնանման հետքեր:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
ՕՐԵՆՔ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ խոչընդոտներ կարող են լինել՝ կուսակցություն չգրանցելու համար:
Հովիկ Հարությունյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հարությունյանի հարցին ի պատասխան հայտնում ենք, որ կուսակցության իրավունակությունը, այսինքն՝ իրավունքներ ունենալու եւ պարտականություններ կրելու ունակությունը, ծագում է պետական գրանցման պահից։ Հետեւաբար՝ միայն պետական գրանցումից հետո կուսակցությունը կարող է ունենալ կուսակցություններին հատուկ իրավունքները եւ կրել պարտականություններ։ Օրինակ՝ մասնակցել ընտրություններին։
«Կուսակցությունների մասին Հայաստանի Հանրապետության» օրենք
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու եւ հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձեւերով ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը նպաստելն է: Կուսակցությունը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախաձեռնությամբ` հիմնադիր համագումարի որոշմամբ:
ԱՎԱՆԴՆԵՐ
ՀԱՐՑ. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում սոցիալական աջակցության տարածքային գործակալություն։
Սեդա Մարուխյան (64 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝ անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ; ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին; ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաեւ դրա լուսապատճենը` գրքույկի առաջին էջի (ներառում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը, հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը եւ պաշտոնատար անձի ստորագրությունը) եւ 1993. հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով; տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին; ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաեւ՝
ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, եթե դիմողը ներկայացնում է ավանդատուի մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաեւ` ամուսնու մահվան վկայականը, դրանց լուսապատճենները,
ավանդատուի անունը եւ ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում եւ խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը եւ դրանց լուսապատճենները,
Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը եւ դրա լուսապատճենը,
նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիր, ՀՀ ՊՆ-ի կողմից տրված՝ զոհվածի կարգավիճակը հաստատող տեղեկանք, զոհվածի մահվան վկայական եւ դրանց լուսապատճենները,
տեղեկանք զինկոմիսարիատից` 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստաթղթերի ցանկը պարզ ներկայացված է. մնում է դասակարգել փաստաթղթերն ու ներկայանալ սոցիալական գործակալություն։