ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը ArmLur.am-ի հետ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքելու որոշման մասին: Պատգամավորը ներկայացրել է, թե ինչու է եկել այդ եզրակացության, ու արդյոք իր խմբակցության ներկայացրել է այն պատճառները, ինչի համար նման որոշում է կայացրել:
-Ինչո՞ւ որոշեցիք, որ խմբակցությունից դուրս գալ եւ գործել որպես անկախ պատգամավոր։ Ըստ Ձեզ՝ դա ինչ-որ ձեւով օգնելո՞ւ է հարցերի կարգավորմանը, խմբակցությունից դուրս աշխատելու ելքերն ինչպե՞ս եք տեսնում։ Հայաստանում օրեցօր իրավիճակը սրվում է, ընդդիմությունը պահանջում է իշխանության հրաժարականը։ Ինչպե՞ս եք այս պարագայում ելքեր գտնում։
-Ստեղծված պարագայում, կարծում եմ, ամենահեշտ տարբերակը ընդհանրապես այն ամենից հեռանալն է։ Դա ամենահեշտ տարբերակն է, բայց քանի որ կա պատասխանատվության զգացում՝ ստանձնած առաելության նկատմամբ, վերջիվերջո սա ընտրական հարթակ է, եւ դու նաեւ քեզ քվեարկողների առջեւ ունես հստակ ստանձնած պատասխանատվություն եւ նաեւ գործառույթներ։ Այս պարագայում նպատակ ունեմ նաեւ խորհրդարանում իրականացնել այն գործունեությունը, որը, ըստ իս, ունենա արդյունավետություն։ Ես գտնում եմ, որ այստեղ անելիք շատ կա։ Գտնում եմ, որ պետք է հասկանան, որ առհասարակ որեւէ իրավիճակից կառչելն ամենախնդրահարույց բանն է։ Սա ինձ չի կարող վերաբերել, քանի որ ով ինձ ճանաչում է, գիտի իմ ընկալումների, արժեհամակարգի մասին, որն ունեմ։ Չեմ կարծում, որ պետք է տեղի տամ նմանատիպ որակումների։
-Խմբակցությունից դուրս եկողներին ասում են՝ իրենք դավաճան են, լքում են խմբակցությունը, գործունեւթյունն առանձին են պատկերացնում։ Դուք խորհրդակցե՞լ եք խմբակցության ղեկավարության հետ դուրս գալուց առաջ։ Ի՞նչ դիրքորոշում են ունեցել Ձեր որոշման մասին։
-Նախ դուրս գալուց առաջ իմ կողմից առաջարկվել է օրակարգ, որը պետք է քննարկվեր: Ես ունեցել եմ հստակ դիրքորոշում ու հիմնավորումեր։ Իմ առաջարկած օրակարգը կա՛մ չի քննարկվել, կա՛մ պարզապես պատշաճ կերպով չի ընկալվել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ ես իմ հայտարարության մեջ ասեմ, որ կան սկզբունքային տարաձայնություններ, ստեղծված իրողությունների եւ ներկա իրավիճակի վերաբերյալ, դրա համար նման որոշում եմ կայացրել։ Ինչ վերաբերում է տեղյակ պահելուն, ես, բնականաբար, շատ լավ հասկանում եմ՝ ինչ բան է առհասարակ աշխատանքային սուբորդինացին եւ համապատասխան բոլոր հարթակներում ղեկավարության հետ համաձայնեցնել, համագործակցել եւ փորձել նաեւ լուծումներ գտնել: Այս պարագայում, կարծում եմ, գործընկերներիս համար պետք է ընկալելի եւ կանխատեսելի լինի այն ամենը, ինչ արել եմ։
-Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ելքեր եք առաջարկել Ձեր գործընկերներին, դրանք չեն ընդունվել, ինչի համար էլ եկել եք այս եզրահանգմա՞ն։
-Չեմ կարող ասել՝ դրանք ելքեր էին, թե ոչ։ Բայց դրանք իմ անձնական սուբյեկտիվ մոտեցումն ու կարծիքն են եղել, եւ ստեղծված այս օրհասական իրավիճակի կամ ճգնաժամի մեջ, կարծել եմ, իմ առաջարկած մոտեցումները պետք է գոնե մեր մեջ գտնեն որեւէ դրսեւորում։ Միգուցե իմ բացակայության ժամանակ քննարկումներ եղել են, ես վստահ չեմ։ Ծածուկ բան չի արվել, եւ որեւէ կերպ չեմ փորձել ինչ-որ մարդկանց կամ երեւույթներ շրջանցել։ Ամեն ինչ եղել է շատ հրապարակային, բաց եւ թափանցիկ։
-Պարո՛ն Գեւորգյան, ընդդիմությունը փողոցում պահանջում է կառավարության հրաժարականը։ Ասում են՝ կապիտուլիացիա ստորագրած ղեկավարը հեռանա։ Կիսո՞ւմ եք այդ դիրքորոշումը։
-Ցանկացած ներքաղաքական զարգացում պետք է դիտարկել բացառապես սահմանադրական կարգավորումների համատեքստում։ Ես անձամբ եւ բոլոր քաղաքական ուժերը, խմբավորումները, հասարակական կազկակերպությունները պետք է հակվեն այս մտքին, որ միայն սահմանադրական ճանապարհով փնտրել ելքեր ստեղծված իրավիճակից։ Որեւէ այլ մոտեցում, առհասարակ, չեմ էլ դիտարկում։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՖԻՔՍՎԱԾ ՍԱՀՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՉՈՒՆԵՆՔ
Երեկ ՀՀ Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ հայտարությունների ժամանակ հայտնել է, որ Սյունիքի մարզի Արավուս համայնքից ահազանգ է ստացել, որ իրենց համայնքի պահուստային ֆոնդի հողերը ադրբեջանցիներն իրենցից խլում են, գյուղի ութ տասնյակ կամավորներ, որ պաշտպանում էին սահմանները, ստիպված են եղել նահանջել տարիներ շարունակ մշակվող հողատարածքից:
Պատգամավորի խոսքով՝ թեեւ փոխմարզպետը հայտարարել է, որ հայկական կողմից տարածքներ չեն զիջվել, բայց իրականությունը եւ պաշտոնյաների հերքումները, ինչպես ավանդաբար, մեղմ ասած, հեռու են իրանցից: Նա օրինակ բերել է Վարդենիսի դեպքը, երբ Սոթք ներխուժեց Ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչը, ինչը պաշտոնապես հերքվում էր:
«Իրականում Արավուսից 37 հեկտար հողատարածք համայնքային պահուստային ֆոնդից տրվել է ադրբեջանցիներին, 9 հեկտար հողատարածք սեփականաշնորհված է, մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն այդ սեփականության վկայականները, սակայն զրկվել են իրենց հողատարածքները օգտագործելու իրավունքից, խոսքը վարելահողերի մասին է, մարդկանց ապրուստի միջոցն է»,-ասել է նա ու նշել, որ մարդիկ միայնակ են մնացել իրենց հոգսերի մեջ եւ պահանջում են պետության ներկայացուցչին:
«Սահմանների բաժանման հարցով կոչված են զբաղվելու Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունները, սակայն այս փուլում երկու գերատեսչություններն իրենց գործառույթները ամբողջությամբ չեն իրականացնում, քանի որ դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման փուլում ենք գտնվում»,-հայտնել է պատգամավորը ու նշել, որ սահմանների ճշգրտման հարցերը միջգերատեսչական մարկարդակով դեռ պետք է իրականացվեն, իսկ սա երկար գործընթաց է ենթադրում:
«Այս պահին պետք է արձանագրենք, որ ֆիքսված սահման Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ չունենք, ինձ այսպես վստահեցրեցին Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ից, եւ այսպես երկար ժամանակ է լինելու: Փաստ է, որ մենք մեր հայրենիքի սահմանները GPS հանձնում ենք թշնամուն, եւ եռակողմ պայմանագրից երկրորդ եւ երրորդ կողմերը, ցավոք սրտի, ներկա չեն այդ գործընթացին»,-ասել է Թագուհի Թովմասյանը։
ՆԱՄԱԿ ՊՈՒՏԻՆԻՆ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը եւ զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից: Նախագահը միաժամանակ նշել է, որ, ցավոք, կողմերի միջեւ դեռեւս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ: Հաշվի առնելով հարցի բացառիկ կարեւորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման գործընթացին եւ այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները:
ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԱՅԻՆ ՀԱՐՑ
Թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ Թուրքիայի համար այսօր անկյունաքարային է Մեղրիով դեպի Նախիջեւան ճանապարհ ունենալու հարցը: «Նրանք ձգտում են ամենացանկալի ճանապարհով Թուրքիան կապել Նախիջեւանին, Նախիջեւանը ցամաքային ճանապարհով կապել Ադրբեջանին եւ այդպես շարունակ: Թուրքիայի եւ նախագահի եւ ԱԳՆ նախարարի հայտարարությունները հիմնականում սեւեռված են հենց Մեղրիի խնդրի վրա, թե ինչպիսի ճանապարհ պետք է լինի, ինչպես գործարկվի»,-ասել է թուրքագետն ու հավելել, որ չի բացառում՝Թուրքիան հայտարարի, որ կարող է բացել Հայաստանի հետ սահմանը, ինչը մեզ համար սպառնալիք է լինելու, որովհետեւ մենք պատրաստ չենք դրան:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Ուկրաինային եւ ծՁԹ հեռուստաալիքի լրագրողներին առնչվող հարցեր։