ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Իր ուղերձում Արամ առաջինը նշել է. «Շուրջ երկու տարի առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանության ղեկը։ Ներկայիս ճգնաժամային պայմաններում կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին հրաժարվել վարչապետի պաշտոնից եւ հնարավորություն տալ Ազգային ժողովին՝ սահմանադրական կարգն ու գործընթացը հարգելով նոր վարչապետ ընտրել։ Ակնկալում ենք, որ ընտրվող նոր վարչապետի գլխավորությամբ կազմվող անցումային կառավարությունն առաջնային կհամարի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շուտափույթ կազմակերպումը»։

 

Հայ ժողովուրդը խորը տագնապի մեջ է, ընդգծել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը՝ շարունակելով՝ պարտվածի հոգեվիճակն անորոշության ու հուսահատության է մատնել ժողովրդին։ «Արդարացիորեն մեր զավակների արյունով կերտված ու ծաղկած Արցախի մեծ մասը կորցրեցինք։ Կորցրեցինք նաեւ մեր ազգային արժանապատվությունը եւ հպարտությունը։ Ունեցանք մեծաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ եւ գաղթականներ։ Երկրագունդի վրա չկա գեթ մեկ հայ, որ ազգի այս մեծ կորուստի տառապանքը չապրի։ Այս ահավոր ողբերգության մասին ժողովուրդը համապարփակ ու հստակ հաշվետվություն է պահանջում։ Անորոշության առջեւ ենք կանգնած։ Մեր ժողովրդի զավակները Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում իրենց արդար բողոքն ու ընդվզումն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրված այնպիսի փաստաթղթի շուրջ, որն Արցախի կողքին նաեւ վտանգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը ու անկախությունը։ Փաստորեն, Հայաստանը նմանվում է ահավոր փոթորիկի մատնված անղեկ նավի։

Ճակատագրական այս պայմաններում մեր ժողովրդի միասնականությունն ավելի քան հրամայական է։ Հեռու պետք է մնանք բեւեռացումներ առաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողականության ոգի սերմանող մոտեցումներից ու արարքներից։ Մեր ժողովրդի ներքին միասնականությունն ու հավաքական կամքը երաշխիք պետք է դառնան վաղվա հզոր Հայաստանի ու Արցախի»,- մասնավորապես ասված է Արամ առաջինի ուղերձում։ Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը նույնպես հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Նա հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաեւ հնարավոր բախումներն ու ողբերգական հետեւանքները։ «Թելադրված երկրի առջեւ ծառացած եւ ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին եւ ներքին լուրջ մարտահրավերներով եւ վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաեւ հնարավոր բախումներն ու ողբերգական հետեւանքները», – ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։ Գարեգին երկրորդը նաեւ դիմել է Ազգային ժողովին՝ կոչ անելով հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին եւ քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձեւավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։

«Միայն հանրային վստահություն ունեցող եւ արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը եւ կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները», – իր ուղերձում ասել է կաթողիկոսը։

Գարեգին երկրորդը հորդորել է ժողովրդին, իշխանություններին եւ ընդդիմադիր քաղաքական ուժերին զերծ մնալ բռնություն հրահրող եւ ատելություն սերմանող արտահայտություններից ու գործողություններից։

 

 

ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Վարչապետը կարեւորել է հայ-ամերիկյան փոխգործակցությունը եւ երկկողմ օրակարգի իրագործման ուղղությամբ շարունակական աշխատանքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել արցախյան հակամարտության շուրջ զարգացումներին եւ ստեղծված իրավիճակին:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ջիջի» ՓԲԸ եւ «Էսէֆէլ» ՍՊԸ հիմնադիր ղեկավարներ Խաչատուր Գրիգորյանին եւ Արսեն Գեւորգյանին: Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված իրավիճակում Կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում, որտեղ առանցքային դերակատարություն է ունենալու տեխնոլոգիական ոլորտը: Այդ համատեքստում նախագահը ողջունելի է համարել նշված ընկերությունների կողմից ներկայացված առաջարկները՝ Արցախում ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԶԱՏՈՒՄՆԵՐ 

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շավարշ Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի այլ որոշումների համաձայն՝ Հայկ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության դիմումների քննարկման, ընթացքի ապահովման եւ խորհրդատվության բաժնի պետ։ Մեկ այլ որոշման համաձայն էլ Գեւորգ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

 

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երեքշաբթի նշանակված նիստը փաստաբաններից մեկի բացակայության պատճառով հետաձգել է մինչեւ դեկտեմբերի 15-ը: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը չի կարողացել մասնակցել նիստին: Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում կայացրեց նիստը հետաձգել մինչեւ դեկտեմբերի 15-ը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Վ. Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին եւ բարեկամ ժողովրդին՝ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ հետպատերազմական շրջանում ստեղծված իրավիճակը հաղթահարելուն եւ խնդրի լուծումը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելուն միտված ջանքերի համար: Վ? Էնֆիաջյանը փաստել է, որ հաճախ խնդիրը տարածքային վեճ է ներկայացվում, բայց իրականում այն պայքար է ինքնորոշման համար, մարդկանց իրավունքների իրացման հարց է: Դեսպանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կարեւորությանը, նշել է, որ դրանով, սակայն, բոլոր խնդիրներին լուծում չի տրվել եւ այս առումով կարեւոր անելիք ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Այդ ձեւաչափը, ըստ Ժոնաթան Լաքոտի, հնարավորություն է տալիս խոսելու երկու կողմերի հետ: Դեսպանի խոսքով՝ պետք է վերսկսվեն բանակցությունները հայտարարության մեջ չներառված հարցերի շուրջ՝ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ, ավելի կայուն կարգավիճակ տալ Լաչինի միջանցքին, ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր սահմանը, պահպանել հայկական պատմամշակութային ժառանգությունը: Դեսպանն անդրադարձել է նաեւ ռազմագերիների վերադարձի խնդրին:

 

 

ՀՐԱՏԱՊ ՄԻՋՈՑ

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն եւս 23 հայ ռազմագերիների գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների եւ բժշկական սպասարկման վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ «Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին։ 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի եւ ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020,  բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց եւս 23 անձի նկատմամբ:

 

 




Լրահոս