ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՆՊԱՍՏԵԼ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովը հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո ընդունել է միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը:  Նիստի դռնփակ հատվածից հետո հիմնական զեկուցող ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է ընդունել ԱԺ ուղերձ, ընթերցեց ուղերձի տեքստը.  «ՀՀ ազգային ժողովը, հիմնվելով ՄԱԿ-ի 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. Ժնեւի կոնվենցիաների, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի սկզբունքների վրա.

 

հաշվի առնելով հայկական եւ ադրբեջանական կողմերի հանձնառությունը վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաեւ դիերը.

արձանագրելով, որ ադրբեջանական կողմն արհեստական ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը, ակնհայտորեն թաքցնում իր վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող այլ անձանց իրական թիվը, շարունակում նրանց նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական եւ հոգեկան տառապանքները.

խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմից իր զինված ուժերի ներկայացուցիչների միջոցով բացառիկ ցինիզմով խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող եւ այլ անմարդկային արարքների տեսագրումն ու տարածումը զանգվածային լրատվության միջոցներում եւ սոցիալական ցանցերում.

հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների համատարած եւ համակարգային քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելություն սերմանելուն եւ թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու եւ բռնության այլ դրսեւորումների հերոսացմանը՝ ուղերձով դիմում է Միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին եւ Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին եւ անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Եվ ԱԺ-ն կոչ է անում՝

հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց,

պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, անմարդկային եւ դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ.

պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական եւ քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ ցանկացած այլ դրսեւորման մեջ,

առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների եւ ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը.

գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով եւ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արման Աբովյանը քվեարկությունից առաջ տեղեկացրել է, որ փակ նիստի ֆորմատում չեն ստացել ոչ մի պատասխան՝ այն հուզող հարցերին, որոնց շուրջ եղել են քննարկումներ:

Քվեարկությամբ ուղերձն ընդունվել է միաձայն՝ ստանալով 100 կողմ ձայն:

 

 

ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ

«Մեր բակը» մանկապարտեզում երեխաներին ենթադրյալ ծեծի ենթարկելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով: Հիշեցնենք, որ «Մեր բակը» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ոստիկանությանը հաղորդում էին ներկայացրել` մանկապարտեզում երեխաների ծեծի վերաբերյալ տարածված ձայնագրության առնչությամբ: «Մեր բակը» մանկապարտեզը ո՛չ հաստատել էր եւ ո՛չ էլ հերքել երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը:

 

 

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

2020 թվականի 9 ամսվա ընթացքում արագաչափերի եւ տեսախցիկների շնորհիվ արձանագրվել է 985 հազար խախտում: Այս մասին ՀՀ ԱԺ-ում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Ընդ որում, ըստ նրա՝ 2019-ի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ավելի քան 1 միլիոն խախտում: Այսպիսով, Ֆիդանյանի խոսքով՝ արագաչափերի եւ տեսախցիկների շնորհիվ երկրում հաջողվել է էապես կրճատել տարբեր տեսակի իրավախախտումների թիվը:

 

 

ՎՆԱՍ՝ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 25.362.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է  100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 2.640.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝ արձանագրված 8 դեպքով հաշվարկվել է 25.012.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 2.560.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝ արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 350.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ եւ ռեժիմ խախտել։ Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում՝ բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (513.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.348.950 ՀՀ դրամ:

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

Նախօրեին Հայաստանի Հանրապետության ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ կրակոցներ են հնչում: Նույն օրը ահազանգ է ստացվել նաեւ բժշկական կենտրոնից այն մասին, որ «ազդրի հրազենային վնասվածք»  ախտորոշմամբ իրենց է դիմել Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1990թ.: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածքներն ստացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ ռազմական համալսարանի պատի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքին նմանվող հետքեր, ինչպես նաեւ 25 հատ 5.45մմ տրամաչափի պարկուճ, 3 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ չկրակված 5.45մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 5.45մմ տրամաչափի չկրակված գնդակ, 1 հատ արնանման հետքերով փայտե մահակ եւ 1 հատ սպորտային սեւ գլխարկ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «ԸԽ 74» տեսակի ինքնաձիգ՝ 1 հատ փամփշտակալով` լիցքավորված 3 փամփուշտներով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, դատանյութագիտական, դատագենետիկական եւ դատահետքաբանական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

 

 

 




Լրահոս