Armenian text to speach

ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարի տեղակալ Սամվել Բալասանյանի որդու թիկնապահները հրահանգել են Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում «Ժողովուրդ» օրաթերթի ամբողջ խմբաքանակը հավաքել: Ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը բազում հեռախոսազանգեր էր ստանում Գյումրիից. ընթերցողները դժգոհում էին, որ այդպես էլ չեն կարողացել ծանոթանալ հրապարակմանը: Հաշվի առնելով մարդկանց խնդրանքը, ինչպես նաեւ նրանց տեղեկացված լինելու իրավունքը, «Ժողովուրդ»-ը կրկին հրապարակում է երեկվա համարում տեղ գտած հոդվածը, որպեսզի Շիրակի մարզում իմանան, թե ինչից են այդքան զայրացել Բալասանյանները` հրահանգելով ողջ խմբաքանակը գնել կրպակներից:Սեպտեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է 2011թ. փետրվարի 24-ին` ժամը 15-ի սահմաններում, Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ՍՊԸ անցակետի դիմաց տեղի ունեցած սպանության գործի քննությունը: Սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքից այդ օրը մահացավ 1982թ. ծնված Արթուր Առաքելյանը, իսկ Վարդան Ասատրյանի կյանքը բժիշկներին հաջողվեց փրկել: Սակայն վերջինս դատաքննությանը չէր ներկայացել, ինչպես նաեւ տուժողի իրավահաջորդ Ալիկ Առաքելյանը: Նրա փոխարեն դատական նիստերին կներկայանա փաստաբան Վահե Արմենակյանը: Գործով ամբաստանյալները 5-ն են` 3 եղբայրներ Արմեն, Ալբերտ եւ Արսեն Սահակյանները, Ռուդիկ Շահնազարյանը եւ Արմեն Սահակյանը:Ավագ եղբայր Արմեն Սահակյանը մեղադրվում է 2 անձի նկատմամբ սպանության փորձ, ապա սպանություն եւ չարամիտ խուլիգանություն կատարելու մեջ, Ալբերտ Սահակյանը` գողություն եւ խուլիգանություն, Արսեն Սահակյանը` խուլիգանություն, Ռուդիկ Շահնազարյանը` գողություն  կատարելու մեջ: Այս դատաքննությունը բացառիկ էր այն առումով, որ ՇՄ դատախազ Դավիթ Սարգսյանն անձամբ էր  եկել եւ որպես մեղադրող: Նախ հիշեցնենք, որ նախնական տեղեկությունն այն էր, որ գործարանի աշխատակիցները վեճի են բռնվել Սամվել Բալասանյանի որդու` Միսակ Բալասանյանի թիկնապահների հետ, եւ որ մահացած երիտասարդը եւս Բալասանյանի թիկնապահն է եղել: Բալասանյանները շտապեցին անմիջապես հերքել լուրը, թե նման բան չկա: Մինչդեռ ամբաստանյալներն այսօր միաբերան հայտարարեցին, որ վիճաբանության մասնակիցները եղել են թիկնապահներ եւ անգամ  զենք են կրել: Եւ այսպես, ամբաստանյալների հարցաքննություններից պարզվեց, որ 3 հոգով (Ռուդիկ Շահնազարյան, Ալբերտ Սահակյան եւ Դավիթ Միքայելյան) որոշում են գործարանից գողություն կատարել, քանի որ մի քանի ամիս շարունակ աշխատավարձ չեն ստացել: «Տնօրինությունը կսեր` ձեռք չի տա, մի՛ աշխատեք: Մենք էլ արդեն տրանսպորտի փող չունեինք: 3 ամիս փող չէին տվել»,-հայտարարեց Ալբերտ Սահակյանը: Ռուդիկ Շահնազարյանն էլ հավելեց. «Իմ արձակուրդայինս էլ, վերջնահաշիվս էլ չեն տվել: Պայմանագրային աշխատող էլ չեմ եղել»:   Գործարանից մի քանի փական են գողացել, հետո երբ հայտնի է դարձել, որ գարեջրի գործարանի տարածքում տեղի է ունեցել գողություն, դրանք հետ են վերադարձրել: Սակայն ամբաստանյալների պնդմամբ` Միսակ Բալասանյանի թիկնապահները նրանց տարել են ռեստորան, ծեծել են եւ ստիպել իրենց վրա վերցնել շարժիչների գողությունը եւս ու պահանջում են գործարանին  վերադարձնել 1.5 մլն դրամ գումար: «3 զինված թիկնապահ տարան մեզի, ծեծեցին, յանի 1.5 միլիոնի ապրանք ենք տարե: Կսեին` գուկաք, ձրի կաշխատիք: Ախրաննիկներից մեկն էլ կսեր` պոչկեքդ կհանեմ, կտանիս, կծախես, փողը կուդաս»,-պատմեց   Ռուդիկ Շահնազարյանը:Դատարանի դահլիճում ամբաստանյալները հայտարարեցին, որ սպառնացել է նաեւ Միսակ Բալասանյանը` ասելով. «Ուրախ էղե՛ք` ձեզի պատվալը չենք պահե»:  Կատարվածից հետո Ալբերտ Սահակյանը զանգել է եղբորն ու պատմել եղելությունը, վերջինս էլ շտապել է գործարան, որպեսզի հանդիպի Միսակ Բալասանյանի հետ եւ  հասկանա` ինչ 1.5 մլն դրամի մասին է խոսքը, սակայն թիկնապահները թույլ չեն տվել: Դրսում դարձյալ տեղի է ունեցել լեզվակռիվ, քաշքշուկ…Արմեն եւ Ալբերտ Սահակյանների խոսքերով` իրենք զենք են տեսել մահացած Արթուր  Առաքելյանի մոտ եւ ոչ միայն նրա: Բացատրեցին այսպես, թե իբր վախեցել են, որ թիկնապահներն առաջինը կկրակեն, եւ Արմեն Սահակյանն առաջինն է հանել դանակը: «Ես ոչ մի նպատակ չեմ ունեցել ինչ-որ մեկին վնաս պատճառելու, ուղղակի օր զենքի անուն տվեցին, կողքս էլ 2 ախպորս կծեծեին, դանակը հանեցի ու թափահարեցի»,-հայտարարեց Արմեն Սահակյանը: Հաջորդ դատաքննության ժամանակ, ըստ ապացույցների հետազոտման կարգի, հարցաքննվելու են տուժողի իրավահաջորդ Ալիկ Առաքելյանն ու տուժող Վարդան Ասատրյանը:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ Գյումրի




Լրահոս