Նախկին պաշտոնյաների բնակարանների եւ առանձնատների վրա ավազակային հարձակում կատարած հանցավոր բանդայի` ոստիկանության կողմից պարագլուխ եւ կազմակերպիչ ներկայացվող Արտյուշա Հակոբյանի որդին` Արթուր Հակոբյանը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ կայքերում ոստիկանության տվյալների հիման վրա ներկայացված տեղեկատվությունը, թե իրենց բնակարաններից հայտնաբերվել են թմրանյութ եւ այլ բաներ, իրականությանը չի համապատասխանում: «Ես խորացել եմ, կարդացել եմ ինտերնետում: Ասեմ` Սարյանի տնից ոչ մի բան էլ չի առգրավվել: Էդ սուտ ա, որ ինչ-որ ստարտովի պիստալետ են գտել: Մենք ոստիկանության թուղթ-արձանագրություն ունենք, որ պադրոբնի գրված է, որ ոչ մի բան տնից չի գտնվել, զենք-զինամթերք»,-ասաց երիտասարդ Արթուրը, որի խոսքով` իրենք առանձնատուն չունեն, որ այնտեղից ինչ-որ բան գտնվեր: Ինչ վերաբերում է «պապական տանը», այնտեղից էլ նման բաներ չեն գտել: Արթուրը հերքեց նաեւ, որ ձերբակալված կամ կալանավորված է նաեւ փեսան` քրոջ ամուսինը: Արտյուշա Հակոբյանի դատապաշտպան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ փորձաքննությունը դեռ պետք է զբաղվի` Հակոբյանի Սարյանի բնակարանից, մեքենայից հայտնաբերված եւ ոստիկանության կողմից տարփողված «կանաչավուն հաշիշանման» զանգվածներն ինչ են` թմրանյո՞ւթ, թե՞ ինչ: Ըստ Արսենյանի` կանաչավուն զանգվածը ոչ մի կապ չունի այն հոդվածների հետ, որ դրվում է Արտյուշա Հակոբյանի վրա. ավազակային հարձակումներ իրականացնող բանդայի կազմակերպիչ: Հաստատելով իր պաշտպանյալի հոր` Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանի` մեր թերթին տված հարցազրույցում ասվածը, որ Արտյուշա Հակոբյանը չի ընդունում իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները, Հովիկ Արսենյանն ասաց, որ նա պահանջում է բանդայի` իր դեմ ցուցմունք տված անդամների հետ առերեսում կամ գոնե ճանաչում: Իր պաշտպանյալի անունից Արսենյանը նշեց, որ Արտյուշան չի ճանաչում բանդայի անդամներից եւ ոչ մեկին:Հարցին, թե ձերբակալվածների մեջ կան այնպիսիք, որ Արտյուշայի դեմ ցուցմունքներ են տվել (մասնավորապես, որ նա է կազմակերպիչը), Արսենյանը պատասխանեց, որ ենթադրվում է: «Մենք չգիտենք, քանի որ իրենք ընդհանրապես մերժում են, թե ինչ ապացույցներ կան իմ պաշտպանյալի նկատմամբ, ում հանդեպ ավազակային հարձակումների կազմակերպչի մեղադրանք են առաջ քաշել»,-ասաց Հովիկ Արսենյանը: Արսենյանը տարակուսում է, որ եթե իր պաշտպանյալն իր բոլոր աշխատակիցներին միասին վերցրած օրական մեկ միլիոն դրամի աշխատավարձ է տվել, ինչո՞ւ պետք է հանցագործություն կատարեր: Բացի այդ, եթե սեպտեմբերի 24-ին ձերբակալված Արտյուշան բանդայի կազմակերպիչ լիներ, ապա դրա նախօրեին` սեպտեմբերի 23-ին, բարձրացված աղմուկ-աղաղակից հետո, երբ բանդայի վնասազերծման օպերատիվ ամփոփագրերը հեռուստատեսության լրատվական թողարկումներից ու կայքերից անպակաս էին, կդիմեր փախուստի, այլ ոչ թե կգնար ռեստորան իր ընկերոջ ծնունդին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից փորձեցինք պարզել` բանդայի ներկայացուցիչների կողմից Արտյուշայի դեմ ցուցմունքներ տվե՞լ են: Սակայն Ահարոնյանը չպատասխանեց` հիշատակելով նախաքննական գաղտնիության մասին: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՊԱՐԱԳԼՈՒԽԸ ԲԱՆԴԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ