Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունվել եւ հրատապ կերպով խորհրդարան է ուղարկվել Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը: Նախագծի անցումային դրույթներում կարդում ենք. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում եւ հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ այդ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն»: Եվ այս առնչությամբ հետաքրքիր էր՝ ի վերջո այս փոփոխությունը կանդրադառնա գործող ռեկտորների վրա եւ թե ոչ: Եվ այս հարցի պատասխանը ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Եվ ահա դեկտեմբերի 3-ի հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ-ժից մեզ հայտնել են. «Այդ դրույթը չի վերաբերում այն բուհերին եւ գիտական կազմակերպություններին, որոնց ռեկտորների եւ տնօրենների պաշտոնավարման ժամկետը օրենքի ուժի մեջ մտնելու պահին չի ավարտվել, եթե այդ բուհերն ու գիտական կազմակերպությունները օրենքով սահմանված կարգով վերակազմավորման ընթացքում չեն կամ համապատասխան պաշտոնը թափուր է»։
Նկատենք՝ ամեն դեպքում արդեն իսկ հայտարարություններ են հնչել վերը նշված օրենքն արմատական փոփոխությունների ենթարկելու մասին: Եվ այս կոնտեքստում դեռ պարզ չէ՝ այս օրենքի որ դրույթները կփոխվեն եւ որոնք՝ ոչ:
Ն.Հ.